Ընթացիկ մրցաշրջանում Երեւանի «Սպարտակն» ու Աշտարակի «Միկան» համալրված լինելով փորձառու ֆուտբոլիստներով, ցավոք, աչքի չեն ընկնում կայուն մրցելույթներով։ Ֆուտբոլիստներին առայժմ չի հաջողվում դրսեւորել իրենց ունակությունները։ Այս առումով բացառություն չկազմեց նաեւ «Հանրապետական» մարզադաշտում երկու թիմերի միջեւ կայացած հանդիպումը։ Սպարտակցիների կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր արագաշարժ հարձակվող Արա Հակոբյանը, իսկ Արամ Հակոբյանն ու Հայկ Գեւորգյանը փորձաշրջանի են մեկնել ուկրաինական «Ստալ» ակումբ։ Փոխարենըՙ «Սպարտակում» իր նորամուտը նշեց նախկին արարատցի Արշակ Ամիրյանը, որը վերջերս է վերադարձել Իրանից։
Առաջին խաղակեսում ֆուտբոլիստները հնարամիտ գործողություններով աչքի չընկան, խաղի տեմպն էլ բարձր չէր։ Վտանգավոր պահերն էլ ստեղծվեցին մրցակցի անփույթ խաղի, թույլ տված սխալների հետեւանքով։ Այսպես, 6-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո դարպասից սխալ դուրս եկավ «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը եւ քիչ էր մնում Սկինդերիսը գլխի հարվածով գրավեր դարպասը։ 22-րդ րոպեին կրկին վտանգավոր պահ ստեղծվեց «Միկայի» դարպասին։ Ձախ թեւից Հայկ Հակոբյանը գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ ներխուժած Ամիրյանին, սակայն այս անգամ հաջող խաղաց Ֆելիքս Հակոբյանը։ Հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ Սեփական կիսադաշտում սխալվեց սպարտակցի Աֆյանը, գնդակին տիրեց Յակուշեւը, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, փոխանցում կատարեց Բուլանովին, վերջինս էլ գրավեց անպաշտպան դարպասը։ Առաջին խաղակեսի ավարտին սպարտակցիները կարող էին վերականգնել հավասարակշռությունը, սակայն Ամիրյանի հուժկու հարվածից հետո «Միկային» օգնության եկավ դարպասի ձողը։
Ընդմիջումից հետո սպարտակցիները փորձելով փրկել խաղը, զգալիորեն ակտիվացրին հարձակողական գործողությունները։ Վտանգավոր էին Զանազանյանի, Սկինդերիսի, Հովհաննիսյանի, Ամիրյանի հեռահար հարվածները, որոնք սակայն նպատակին չհասան։ Իսկ ահա հյուրերը բավական հաջող հակագրոհ կազմակերպեցին եւ 61-րդ րոպեին Էդիկ Մանուչարյանի աջ թեւով սլացիկ անցումն ավարտվեց դարպասի գրավումով։ Հասնելով շոշափելի առավելության, «Միկան» ողջ թիմով նահանջեց սեփական կիսադաշտՙ փորձելով պահպանել հաղթական հաշիվը։ Սպարտակցիները վերջին 20 րոպեներին, փաստորեն, անընդհատ գրոհում էինՙ պաշարելով մրցակցի դարպասը։ Բայց նրանց այդպես էլ չհաջողվեց խույս տալ պարտությունից, թեեւ եղան դարպասը գրավելու հարմար առիթներ։ Միակ պատասխան գնդակը սպարտակցիները խփեցին խաղի 69-րդ րոպեին, երբ մրցավարը ձեռքով խաղի համար նշանակեց 11 մ տուգանային հարված, որն անվրեպ իրացրեց Զանազանյանը։ 3 րոպե անց կարող էր աչքի ընկնել Քոչարյանը, բայց մոտ տարածությունից նրա գլխի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Այսպիսով, «Միկան» չափազանց դժվարին հաղթանակ տոնեց։
Առաջնության մյուս խաղում, Ոսկեհատում «Զվարթնոցը» հյուրընկալել էր «Բանանցին»։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող է հանդես գալիսՙ տեղ գրավելով առաջատար եռյակում։ Այդ խաղում էլ «Բանանցը» հաղթանակ տոնեց, սակայն այս անգամ հաջողությունը ձեռք բերվեց մեծ ջանքերի գնով։ Ավելին, մինչեւ խաղի 81-րդ րոպեն «Բանանցը» պարտվում էր մրցակցին. միակ գնդակը 38-րդ րոպեին խփել էր «Զվարթնոցի» հարձակվող Նվեր Խաչատրյանը։ Բայց ի պատիվ «Բանանցի», թիմի ֆուտբոլիստները կարողացան բեկում մտցնել մրցակցությունում եւ խաղն ավարտել իրենց օգտին։ 82-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Եղիշե Մելիքյանը, 2 րոպե անց Գոռ Աթաբեկյանը խփեց հաղթական գնդակը։
Մրցաշարային աղյուսակ
# - Անվանում - Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ
1. Փյունիկ - 7 - 7 - 0 - 0 - 27¬2 - 21
2. Բանանց - 9 - 6 - 1 - 2 - 15¬7 - 19
3. Սպարտակ - 9 - 5 - 2 - 2 - 17¬9 - 17
4. Միկա - 9 - 5 - 1 - 3 - 13¬10 - 16
5. Արարատ - 8 - 4 - 2 - 2 - 12¬11 - 14
6. Շիրակ - 5 - 4 - 1 - 0 - 16¬4 - 13
7. Զվարթնոց - 7 - 3 - 1 - 3 - 17¬8 - 10
8. Լեռնագործ - 9 - 2 - 2 - 5 - 9¬19 - 8
9. Դինամո - 8 - 2 - 0 - 6 - 10¬24 - 6
10. Արցախ - 8 - 1 - 2 - 5 - 8¬20 - 5
11. Լոռի - 8 - 1 - 0 - 7 - 7¬30 - 3
12. Կոտայք - 7 - 0 - 2 - 5 - 5¬12 - 2
Ռմբարկուները
Արման Քարամյան («Փյունիկ») - 9
Արտյոմ Ադամյան («Դինամո») - 6
Արա Հակոբյան («Սպարտակ») - 5
Անդրանիկ Զանազանյան («Սպարտակ») - 5
Արամ Հակոբյան («Սպարտակ») - 4
Արտյոմ Հակոբյան («Շիրակ») - 4
Մամադու Դիավարա («Փյունիկ») - 4
Էդիկ Մանուչարյան («Միկա») - 4