Հուլիսի 12-ին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության փոխատենապետ Հարություն Առաքելյանը, ՀՌԱԿ Հանրապետական վարչության գործիչ Կարեն Կակոյանն այցելեցին Արարատի մարզի Բերքանուշ գյուղ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում գյուղի բնակչության հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՌԱԿ Արարատի շրջանակի ատենապետ Սամվել Մինասյանը։ Արծարծվեցին գյուղին հուզող խնդիրներ. մասնավորապես կարեւորվեց գյուղում խորքային ջրհոր կառուցելը, որը բնակչությանը թույլ կտա ավելի զարգացնել գյուղատնտեսությունը։ Հարություն Առաքելյանը, ծանոթացնելով հանդիպման մասնակիցներին կուսակցության պատմությանը եւ ծրագրերին, նշեց, որ կուսակցությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմինների եւ գալիք ՀՀ նախագահական, Ազգային ժողովի ընտրություններում։ Այնուհետեւ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանի կնքահայրությամբ կուսակցության շարքերն ընդունվեցին 11 նորագիրներ, եւ ձեւավորվեց Արարատի մարզի ՀՌԱԿ «Բերքանուշ» ակումբը, որի ատենապետ ընտրվեց գործարար Ռադիկ Կարապետյանը։ Նորաստեղծ ակումբի ատենապետը եւ ակումբի անդամները, ընդունելով կուսակցության գաղափարախոսությունը, հավատացած են եւ վստահ տեսնում են պետության կայացումը ժողովրդավարական, ազատական գաղափարախոսության ճանապարհով։
Հ. Ս.