«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2002-07-11 | #129, 2002-07-12 | #130, 2002-07-13


ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԻՍՄԱՅԻԼ ՋԵՄԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ Է

Հուլիսի 11-ին վարչապետ Բյուլենթ Էջեւիթի Ձախ ժողովրդավարական կուսակցությունից հրաժարվեցին եւս 5 պատգամավորներ։ Դրան հետեւեց արտգործնախարար Իսմայիլ Ջեմի հրաժարականը, որի մասին նա պաշտոնապես հայտարարելու էր երեկ։ Ջեմի հրաժարականից երկու ժամ հետո պաշտոնից հրաժարվելու դիմումը Էջեւիթին ներկայացրեց նաեւ տնտեսության գծով պետնախարար Քեմալ Դերվիշը։ Թուրքական պետհեռուստատեսությունը, ինչպես նաեւ մամուլը, Ջեմի հրաժարականը պայմանավորում են կառավարությունից վտարվելու փոխարեն պաշտոնից ինքնակամ հեռանալու անձնական նախաձեռնությամբ։

Նույնը կարելի է ասել Դերվիշի մասին։ Ահա թե ինչու թուրքական թերթերը հուլիսի 12-ի համարներում գրում են. «Երբ Էջեւիթը Դերվիշի հրաժարականը խնդրեց, պատճառաբանելով, թե նա Ջեմի պես հարում է Ձախ ժողովրդավարական կուսակցությունից հեռացած պատգամավորներին, վերջինը համապատասխան դիմում ներկայացրեց նրան»։ Դիմումից հետո, սակայն, միջամտում է նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, Էջեւիթն այս անգամ Դերվիշին խնդրում է միառժամանակ պաշտոնում մնալ, իսկ նա հետ է վերցնում հրաժարականի դիմումը։

Վերոհիշյալ աղբյուրների վկայությամբ, Դերվիշն առաջիկա 10 օրերին կշարունակի կատարել պետնախարարի պարտականությունները։ Ի դեպ, փոխվարչապետ Մեսութ Յըլմազն իր հերթին Բրյուսելից զանգահարում է Էջեւիթին եւ զգուշացնում, որ Դերվիշն առայժմ չպետք է հրաժարական տա։ Այդ ընթացքում ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցը երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար հեռախոսազրույց է ունենում Դերվիշի հետ։ Իսկ Անկարայում բանակցություններ վարող Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը, որը գլխավորում է Թուրքիայի գծով պատասխանատու Յուհկա Կահքոնենը, հուլիսի 11-ին միմիայն հանդիպում է Դերվիշին։

Այլ կերպՙ Դերվիշը, բացի նախագահ Սեզերից եւ, թուրքական որոշ թերթերի վկայությամբ, բանակի աջակցությունից, ստանում է նաեւ միջազգային աջակցություն։ Ինչ վերաբերում է Իսմայիլ Ջեմին, ապա արտգործնախարարի պաշտոնից նրա հրաժարականի հետ իրենց այցը Թուրքիա հետաձգելու մասին հայտարարում են Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Վոլֆովիցը։ Ուրեմն, Ջեմն առնվազն վայելում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի աջակցությունը։ Թերեւս այս առումով պատահական չէ, որ Ջեմի հրաժարականի մասին լուրը CNN-ում հաղորդվում է ծրագիրն ընդհատելու գնով, իսկ համաշխարհային մամուլը դրան անդրադառնում է առանձնակի նշանակությամբ։

Պետնախարար Քեմալ Դերվիշին եւ արտգործնախարար Իսմայիլ Ջեմին Թուրքիայի ներսում եւ դրսում ցուցաբերվող ակնհայտ աջակցությունը վարչապետ Բյուլենթ Էջեւիթի պարագայում նշանակում է, որ նա զրկվել է ներքին ու միջազգային աջակցությունից։ Ուրեմն մոտ է նրա հրաժարականը։ Համենայն դեպս, էջեւիթը հայտարարել է, որ Ձախ ժողովրդավարական կուսակցությունից հրաժարվող պատգամավորների թիվը եթե 59-ի հասնի, ապա կթողնի վարչապետի պաշտոնը։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ դեպքում նրա կառավարությունը զրկվում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունից։

Ըստ երեւույթին, Էջեւիթի հրաժարականից հետո նախագահ Սեզերը նոր կառավարություն կազմելու պարտականությունները կհանձնարարի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ, փոխվարչապետ Դեւլեթ Բահչելիին, քանի որ նրա խմբակցությունը ներկա դրությամբ խոշորագույնն է Մեջլիսում։ Բահչելին կհամաձայնի, թեՙ ոչ, դժվար է ասել, բայց որ կառավարություն ձեւավորելու նրա հնարավորությունները խիստ սահմանափակ ենՙ ակնհայտ է։

Եթե Բահչելին ստանձնի նախագահի հանձնարարականը, նրա ձախողումից հետո Սեզերն ամենայն հավանականությամբ վարչապետ է նշանակելու Իսմայիլ Ջեմին։ Ենթադրվում է, որ նա կառավարության կազմում կընդգրկի Էջեւիթին լքած պատգամավորների հենքի վրա կազմավորվող նոր կուսակցությանը, որը պատրաստվում է նախագահել ինքը, Մեսութ Յըլմազի «Մայր հայրենիք» եւ Թանսու Չիլլերի «Ճշմարիտ ուղի» կուսակցություններին։ Քանի որ այս երեք կուսակցությունների պատգամավորական տեղերը խորհրդարանական մեծամասնություն չեն ապահովում Ջեմին, ուստի նա իր ապագա կառավարության անխափան գործունեությունն ապահովելու համար ակնկալում է իսլամական «Արդարության եւ բարգավաճման» կուսակցության աջակցությունը դրսից։

Քաղաքական վերջին զարգացումները Թուրքիայում այնքան սրընթաց են, որ երկրի ներքաղաքական իրավիճակն անկանխատեսելի է դարձել։ Հակառակ իրավիճակինՙ միանգամայն կանխատեսելի է ինչպես վարչապետ Բյուլենթ Էջեւիթի, այնպես էլ նրա Ձախ ժողովրդավարական կուսակցության ճակատագիրը։ Դա, ըստ երեւույթին, որոշված է։ Անորոշը թերեւս Իսմայիլ Ջեմի վարչապետության եւ ապագա կառավարության նկատմամբ Թանսու Չիլլերի մոտեցումն է։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4