Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի որդինՙ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Իրավունք» շաբաթաթերթի երեկվա համարում, պատասխանելով «Միացյալ Նահանգներ կատարած ձեր վերջին այցը բազում ենթադրությունների տեղիք տվեց, իսկ «Ազգը» գրեց, թե դրսի որոշ հայ մեծահարուստներ, այդ թվում Վաչե Մանուկյանը, կծախսեն որոշակի միլիոններ, որպեսզի ապահովեն ձեր հաղթանակը 2003 թ. նախագահական ընտրություններում» հարցին, ասում է. «Եվ, իհարկե, նորից հղում է արվում «վստահելի» աղբյուրների վրա։ Գիտե՞ք, ես ինձ պարտավորված չեմ համարում ամեն անգամ հերքել ինչ-որ անհեթեթություններ։ Ես ուղղակի այդքան ժամանակ չունեմ»։
Իրավամբ, հարգարժան պրն Դեմիրճյանը կարող է ուղղակի այդքան ժամանակ չունենալ հերքելու «Ազգի» երեք հաղորդագրությունները, առավել եւս, որ դրանք ենթակա չեն հերքման։ Պրն Դեմիրճյանի ամերիկյան հանդիպումների մասին մեզ Վաշինգտոնում տեղեկություններ են տվել ոչ թե ինչ-ինչ վստահություն ներշնչող աղբյուրներ, այլ Նյու Յորքի մեծահարուստ հայերից Գեւորգ Հովնանյանին ու լոնդոնահայ միլիոնատեր Վաչե Մանուկյանին մոտ կանգնած շրջապատից։ Ընդ որում, այդ տեղեկությունները տրվել են վերջիններիս նախաձեռնությամբ։
Մենք շարունակում ենք պնդել, որ ՀԺԿ առաջնորդը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ, ըստ մեր աղբյուրիՙ սփյուռքահայ մեծահարուստները նախնական խոստում են տվել ֆինանսական միջոցներ տրամադրելու պրն Դեմիրճյանի ընտրարշավի համար, ՀԺԿ առաջնորդի այցն ԱՄՆ ֆինանսավորել է Գեւորգ Հովնանյանը։ Բացի այդ։ Լրատվություն տալիս կամ հոդված հրապարակելիս «Ազգը» երբեք երկմտանքի առաջ չի կանգնումՙ դա ինչ-որ մեկի քիմքին հարմա՞ր է։ Տվյալ դեպքում, մենք Ստեփան Դեմիրճյանիՙ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների մասին լուրերը տվել ենք մեր ընթերցողների համար։ Ի դեպ, լուրջ քաղաքական գործիչներն իրենց քաղաքական գործունեության, հանդիպումների, արտասահմանյան ուղեւորությունների մասին մամուլին տալիս են հաղորդագրություններ։ Եթե, անշուշտ, դրանք գաղտնի չեն կամ չեն ցանկանում գաղտնի պահել։
Լրագրողների գործը նաեւ նման գաղտնի հանդիպումներն ընթերցողների, ապագա ընտրողների համար թափանցիկ դարձնելն է։ Ինչը եւ արել է «Ազգը»։
Թ. Հ.