ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա
Երեկ կեսօրին Կրասնոարմեյսկի չարտոնված հանրահավաքի հետ գրեթե միաժամանակ, Մոսկվայի «Միր նովոստեյ» գործակալությունում իրավունքի ինստիտուտը մամլո ասուլիս կազմակերպեց «Ով եւ ինչպես կպաշտպանի ոչ ռուս ազգության քաղաքացիներին» թեմայով։ Մասնակիցների թվում էին ինստիտուտի տնօրեն Կամիլջան Կալանդարովը, Պետդումայի պատգամավոր («Միասնություն» խմբակցություն) Ալեքսանդր Ֆեդուլովը, Մոսկվայի մարզի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչը, Ռուսաստանի հայերի միության երկու ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների լիազորված ներկայացուցիչը։
Բոլոր ելույթ ունեցողները կարեկցանք արտահայտեցին տուժած հայերի հանդեպ եւ խոսեցին ազգային ծայրահեղականության բոլոր դրսեւորումների ժամանակ իշխանությունների հանդես բերած անգործունության մասին։ Պատգամավոր Ֆեդուլովն ազգայնականության բորբոքման մեջ մեղադրեց նաեւ Կոմկուսինՙ ի դեմս Կրասնոդարի նահանգապետ Տկաչովի եւ գեներալ Մակաշովի։ Նա նաեւ ՌԴ ազգությունների գործերի նախարար Զորինին կոչ արեց անհապաղ հրաժարական տալ։ Պատգամավորը նաեւ պատմեց, որ ինքը 5 անգամ ապարդյուն փորձել է Պետդումայի քննարկմանը ներկայացնել հակահրեականության եւ ազգայնականության դեմ պայքարի օրինագիծ եւ ընդհանուր առմամբ հավանություն տվեց վերջերս Դաշնության խորհրդի հաստատած «Ծայրահեղականության մասին» օրենքին։ Նաեւ նշեց, որ իրեն միշտ ջերմորեն են ընդունել Հայաստանում, եւ Ռուսաստանի իշխանություններին ու հասարակությանը հորդորեց չլռել եւ աչք չփակել «ազգամիջյան հարաբերությունների ակնհայտ սրման» վրա։
Ս. Կռիժովի ելույթի անհասկանալի այն արտահայտությունների ֆոնի վրա, թե ինքը «հակված չէ հայկական ջարդերը որակելու իբրեւ Մոսկվայի մարզում տարածված երեւույթ», Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների ելույթները միանգամայն համոզիչ էին թվում։ Դրանք հանգում էին հետեւյալին.
¬ Հայ-ռուսական բարեկամությունն անխախտ է, եւ Հայաստանում բնակվող 15 հազար ռուսների նկատմամբ պատասխան գործողություններ չեն լինի.
¬ Ծեծի առանձին դեպքերը, որոնք առաջին հայացքից նման են խուլիգանության, ընդհանուր առմամբ կազմում են ազգայնական հարձակումների շղթա.
¬ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, եւ լավ կյանքից չէ, որ հայերն ստիպված են իրենց երկրից հեռանալ եւ այստեղ որակավորում չպահանջող աշխատանք կատարել, որից հրաժարվում են տեղացիները.
¬ Հայերը եւ մյուսները կարող են հեռանալ Ռուսաստանից, բայց այդ դեպքում ի՞նչ են անելու ռուսները։
Հակահայկական քայլերի հետեւում տեսնելով ինչ-ինչ «հակառուսաստանյան ուժեր, որոնք ուզում են փլուզել երկիրը», նրանք իշխանություններին առաջարկեցին «իրենց թափ տալ եւ պաշտպանել պետության շահերը»։
Ի դեպ, Ռուսաստանի հայերի միությունը ծայրահեղականության դրսեւորումների կապակցությամբ համապատասխան հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես «խորին տագնապ է արտահայտվում ազգամիջյան հողի վրա հաճախակի դարձած ծայրահեղական քայլերի» առնչությամբ, վճռականորեն դատապարտվում են Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ երիտասարդ ստահակների խմբերի վայրագությունները։ «Այդ բոլոր գործողություններն իշխանության թուլության, առանձին քաղաքական ուժերի անպատասխանատվության եւ Ռուսաստանի իրավապահ համակարգի ճգնաժամի վկայությունն են», նշվում է փաստաթղթում։ Այնուհետեւ հայտարարության մեջ նշվում է, որ ծայրահեղական քաղաքական խմբավորումների գործողությունները «անուղղելի վնաս են հասցնում Ռուսաստանի Դաշնության, որպես բազմազգ եւ ժողովրդավար երկրի, շահերին ու հեղինակությանը»։ ՌԴ նախագահին եւ կառավարությանն առաջարկվում է խիստ վերահսկողություն հաստատել եւ մեծացնել պահանջկոտությունն իրավապահ մարմինների նկատմամբ։
Մամլո ասուլիսի ժամանակի մեծ մասը գրավեցին ելույթները, ուստի հարցեր գրեթե չեղան։ Ձախողվեց նաեւ մասնակիցների համատեղ հայտարարություն ընդունելու փորձը Կռիժովի եւ Ֆեդուլովի տարաձայնությունների պատճառով։
Մինչդեռ Կրասնոարմեյսկում, վարչակազմի շենքի մոտ, երեկ կեսօրին չարտոնված հանրահավաք էր անցկացվում, որին մասնակցում էր մոտ 500 մարդ։ Ըստ քաղաքապետ Վիտալի Պաշենցեւի, հանրահավաքի մասնակիցների մեծ մասը կիրակի օրը զանգվածային ծեծկռտուք սկսած երիտասարդների հարազատներն ու ընկերներն էին։ Հանրահավաքի մասնակիցների թվում էին նաեւ Ռուսաստանի ազգայնական միասնության մի քանի ներկայացուցիչներ, որոնց նախաձեռնությամբ ցուցարարները ազգայնամոլական կարգախոսներ էին արձակում, մասնավորաբար պահանջում վտարել բոլոր կովկասցիներին։ Հատկանշական է, որ նրանք պահանջում էին տեղի հայերին թույլ չտալ հիմնական գործ ունենալ, այլ խոսքովՙ գործարարությամբ զբաղվել։
Պետք է ասել նաեւ, որ քաղաքում նախորդ գիշերվանից ուժեղացվել է վերահսկողությունը, օմոնական ստորաբաժանումներ են բերվել, որոնք, տեղի իշխանավորների պնդմամբ, թույլ չեն տա հետագա անախորժություններ։
Հուսանք։ Եթե այդպես լինի, ապա մոտ ապագայում այդ դեպքերի մասին կհիշեն միայն հիվանդանոցներում վիրավոր պառկած մի քանի անձինք, որոնց առջեւ ծառացած են այնպիսի կենսական խնդիրներ, թե որտեղից կարելի է դեղորայքի համար դրամ ճարել, եւ ինչպես պետք է կերակրեն իրենց ընտանիքներին։ Կրասնոարմեյսկի հետ կապված կրքերը մեղմանում են, բայց Ռուսաստանի հասարակության լուրջ խնդիրներից մեկի լուծումը դեռ շատ ժամանակ կպահանջի։ Դա հասարակության մեջ ահագնացող այլատյացությունն էՙ իրավապահպան եւ մյուս պետական մարմինների անգործունության պայմաններում։