«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2002-07-11 | #129, 2002-07-12 | #130, 2002-07-13


«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ՑԱՆԿԻ 50 ՏՈԿՈՍԸ»

Նշում է պետեկամուտների փոխնախարարը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարկային վնասներ ցույց տված եւ շահութահարկ չվճարած ընկերությունների մասին մեր երեկվա հրապարակման մեջ («Կոկա-կոլան», «Սիգարոնը», «Արմենալն» առանց շահույթի՞») նշել էինք, որ երեւույթի եւ դրա դեմ ձեռնարկվող միջոցառումների մասին ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար կդիմենք իրավասու մարմիններին։ Այդ նպատակով հարցազրույց ունեցանք պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հետ։

¬ Պրն Ալավերդյան, հարկային վնասներ ցույց տված 778 ձեռնարկությունների մասին խոսելիս չի կարելի միանշանակ պնդել, թե դրանք բոլորը շահույթ ունեն, բայց վնասներ են ցույց տալիս։ Մեր համոզմամբ, դրանց մեջ առկա են ինչպես չհիմնավորված վնաս ցույց տված, այնպես էլ իսկապես վնասով աշխատող ձեռնարկություններ։ Ի՞նչ կասեիք այդ առթիվ։

¬ Ասել, թե հարկային վնաս հայտարարագրողներից բոլորը հարկերից խուսափողներ են, սխալ է։ Այդ ցանկում ընդգրկվածներին պետք է դասակարգել տարբեր չափանիշներով։ Կան կազմակերպություններ, որոնք կատարած ներդրումների, կապիտալ շինարարության, նորոգումների, արտադրության ընդլայնմանն ուղղված այլ ծախսերի հաշվին ունեցել են ավելի շատ ծախս, քան շահույթ տվյալ տարում։ Կան կազմակերպություններ, որոնք նախորդ տարիների ընթացքում են վնասներ ունեցել եւ փոխանցել են տարի առ տարի։ Նրանք հինգ տարի իրավունք ունեն վնասը փոխանցել հաջորդ տարվան։

Օրինակ, կան բանկեր, որոնք վնասներ են ունեցել 1999 թ. եւ փոխանցել են հաջորդ տարիներին։ Կազմակերպություններ էլ կան, որ արտադրանք են թողարկել, բայց դժվարություններ են ունեցել իրացման հարցում։ Սակայն կան կազմակերպություններ էլ, որոնց վնասն իսկապես զարմանք է առաջացնում։ Նրանց վնասների արժանահավատության ստուգմամբ պետք է պարզվի, թե իրականում վնաս ունե՞ն եւ հիմնավորվա՞ծ է փաստաթղթերով այդ վնասը։ Ի դեպ, ծախսերն ուռճացնելը եւ հարկերը թաքցնելն ընդունված սխեմա է ամբողջ աշխարհում, ինչը թույլ է տալիս շահութահարկ չվճարել։ Մեր ցանկում էլ կան կազմակերպություններ, որոնց ծախսերը հիմնավորված չեն, եւ նրանց նկատմամբ կիրառելի է «Շահութահարկի մասին» օրենքի նոր փոփոխությամբ նախատեսվածՙ ավելի ցույց տված վնասի 20 տոկոսի չափով տուգանքը։

¬ Դուք արդեն գիտե՞ք այդ ընկերություններին, թե՞ ենթադրում եք։

¬ Գիտենք։ Դա ենթադրություն չէ։ Նախարարի հրաման կար, որ հարկային մարմինները հարկատուներից հաշվետվությունները ընդունեն աշխատանքային հանձնաժողովների միջոցով։ Այդ ընթացքում բողոքներ եղան, որ հարկային մարմիններն ուշացնում են հաշվետվությունների ընդունումը կամ դեպքեր են եղել վնասներն իջեցնելու պահանջով դրանց վերադարձնելու։ Մի խոսքով մենք ռեեստր վարեցինք բոլոր վնաս ցույց տված ձեռնարկությունների համար։ Կարող եմ առանձին-առանձին նշել կազմակերպությունների վնասները, դրանց առաջացման ժամանակաշրջանը, պատճառները, հաշվետվություններում նրանց բացատրությունները, հիմնավորումները։ Այս վնասների վերահսկողությունը մենք ծրագրում ենք իրականացնել երկրորդ կիսամյակում, որովհետեւ հաշվետվություններն ընդունել ենք ապրիլ-մայիս ամիսներին։ Երկրորդ կիսամյակում արդեն հասցեական մոտեցում կլինի։

¬ Կարո՞ղ եք նշել, թե հարկային վնաս ցույց տված 778 ձեռնարկությունների ո՞ր մասն է շահութահարկից խուսափում։

¬ Այժմ դժվարանում եմ ասել, բայց դրանք չեն գերազանցի այդ ցանկի 50 տոկոսը։

¬ Ի՞նչ է տալիս հարկային վնասը հաջորդ տարիների համար։

¬ Հարկային վնաս ցույց տված տարվան հաջորդող տարում կազմակերպությունը շահութահարկի կանխավճար չի տալիս։ Ավելինՙ հարկային վնաս ցույց տված տարվա ընթացքում վճարած շահութահարկի կանխավճարները ձեւակերպում են որպես բյուջեին ավելի վճարված գումարներ։ Դրանցով կամ այլ պարտավորություններ են փակում, կամ բյուջեից հետ են ստանում այդ գումարը։ Հաջորդըՙ հարկային վնասի դեպքում, երբ օրենքը հնարավորություն է տալիս այն տարրալուծել 5 տարվա վրա, կազմակերպությունը կարող է նաեւ ամեն տարի իր շահութահարկը չեզոքացնել այդ վնասի չափով։ Այսինքնՙ 2001 թ. ցույց տված վնասը կարելի է մաշեցնել հաջորդ տարիներին։

¬ Ի՞նչն է օրենքում նման դրույթի առկայության պատճառը, որը փաստորեն հարկերից խուսափելու սողանցքներ է թողնում։

¬ Նման դրույթի առկայությունը պայմանավորված է միջազգային չափանիշներով։ Մենք 1990 թ. այդ դրույթն ընդունեցինք ներդրումները խթանելու համար, որպեսզի արտադրություն ստեղծող կամ ընդլայնող կազմակերպությունն իմանա, որ կատարվող ծախսերից շահութահարկ չի տա պետությանը։ Դա արդար է եւ ճիշտ։ Այլ բան է, որ դրանից փորձում են օգտվել այլ կազմակերպություններ եւս, ինչին ականատես ենք։

¬ Իսկ ի՞նչ պետք է արվի կամ արվում է դա թույլ չտալու համար։

¬ Նախՙ այդ կազմակերպություններին հնարավորություն է տրված մինչ հարկային մարմինների ստուգում իրականացնելը ճշգրտել իրենց հաշվետվությունները։ Երկրորդՙ այս տարի հաջողվել է նվազեցնել ե՛ւ կազմակերպությունների թիվը (նախորդ տարի դրանք 4700 էին), ե՛ւ հարկային վնասների չափը (149 մլրդ դրամ 2000 թ.ՙ 2001 թ. 95¬96 մլրդ դրամի դիմաց)։ Հուսադրողն ինչ-որ չափով այն է, որ այս երեւույթը համատարած չէ։ Եթե վերլուծենք ցուցանիշները, կտեսնենք, որ այդ ցանկից 20¬30 կազմակերպությունների վնասները կազմում են ամբողջ վնասի կեսից ավելինՙ մոտ 50 մլրդ դրամ։ Անցյալ տարի այդ երեւույթի համատարած լինելուց լրջորեն անհանգստացած էինք, իսկ այժմ ինչ-որ տեղ կառավարելի է դարձել։

¬ Այսինքնՙ օրենսդրական այլ փոփոխության, բացի չհիմնավորված վնասի 20 տոկոսի չափով տուգանելու դրույթից, անհրաժեշտություն չկա՞։

¬ Կարծում եմ, որ այս պահինՙ ոչ։ Ուժեղ վարչարարության դեպքում կարելի է բացահայտել վնասի իրական պատճառները, եւ կազմակերպությունները, այդ խնդրի նկատմամբ ուշադրությունը տեսնելով, ավելի սթափ կլինեն ու իրատեսական թվեր կներկայացնեն։

¬ Իսկ առանձին ցանկով կհրապարակե՞ք արդեն կանխամտածված վնաս ցույց տվողների եւ շահութահարկից խուսափողների ցանկը։

¬ Հասարակությունն իրավունք ունի իմանալու այդ մասին։ Կարծում եմ, որ այդ առաջարկը կարելի է քննարկել։

¬ Եթե ցույց է տրված 95¬96 մլրդ դրամի վնաս, ապա որքա՞ն գումար չի մտել պետբյուջե։

¬ Եթե այդքան վնաս չլիներ եւ լիներ զրոյական վիճակ, դարձյալ ոչինչ չէր մտնի բյուջե։ Եթե հաջորդ տարի լիներ 10 մլրդ դրամի շահույթ, ապա պետք է վճարեին դրա 20 տոկոսը։ Սակայն 95 մլրդ դրամի վնասի առկայությունը հնարավորություն չի տա այդ 10 մլրդ դրամի շահույթը տեսնել։

¬ Ի՞նչ եք կարծում, օրենքի ուժի մեջ մտած նոր փոփոխությունը (20 տոկոսի չափով տուգանքի մասին) 2002 թ. հաշվետվություններում էական ազդեցություն կարձանագրի՞։

¬ Անպայման դրական անդրադարձ կլինի։ Դա կախված է նաեւ մեր աշխատանքից։ Եթե մեկ տարվա մեջ հնարավոր եղավ մի քանի տասնյակ միլիարդի իջեցում, ապա եկող տարի դա կշարունակվի։ Կարծում եմ, որ մենք պետք է գնանք դեպի շահութահարկի տեսակարար կշռի աճի։ Այս տարի դա չի լինի իհարկե, սակայն գալիք տարիներին տնտեսական կայուն աճի պարագայում պետք է շահութահարկի տեսակարար կշիռը պետբյուջեում աճի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4