«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2002-07-11 | #129, 2002-07-12 | #130, 2002-07-13


ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԵՐ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Օրերս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկության պատճառների վերաբերյալ լրագրողների հարցին, նշեց, որ պատճառը նրա պրոֆեսիոնալ թերացումներն էին, ու եթե Վաղարշակ Հարությունյանը մի քանի ամիս էլ մնար նախարարի պաշտոնում, բանակը քայքայման եզրին կհայտնվեր։

Ի հակադրություն այս հայտարարության, իրեն ընդդիմադիր անվանող մամուլում հրապարակումներ են լինում, որոնցում պնդում են, թե Վաղարշակ Հարությունյանը պաշտպանունակության ամրապնդման գործում մեծ ներդրում է ունեցել։

Ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Վաղարշակ Հարությունյանի մասին երեկ կարծիքներ հայտնեցին բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչները, ովքեր աշխատել են նաեւ Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարության ժամանակ։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյան.

¬ Ծիծաղելի է այն պնդումը, թե Վաղարշակ Հարությունյանը բանակաշինության հարցում մեծ ներդրում է ունեցել։ Ես ինքս բանակի կազմավորման տարիներին նրան չեմ տեսել։ Այդ ժամանակներում Վաղարշակ Հարությունյանին Մոսկվայում եմ հանդիպել։ Ես նրա վաստակը բանակաշինության գործում չեմ տեսել։ Նրա պաշտոնավարման ժամանակահատվածում զինված ուժերը դժվարին իրավիճակում էին հայտնվել ու թշնամու հարձակման դեպքում դժվար կլիներ դիմակայել։ Նրա պաշտոնավարման օրոք էր, որ համակարգում պառակտումներ սկսվեցին, ինչը, հաշվի առնելով բնագավառը, անթույլատրելի է։ Վաղարշակ Հարությունյանը կարող էր հենց այնպես կոչում շնորհել, պաշտոնի նշանակել կամ անձնական նկատառումներով, ճնշման տակ որոշումներ ընդունել։

Կարծում եմ, Վաղարշակ Հարությունյանի նշանակումը նախարարի պաշտոնում սխալ էր, դա որոշ գեներալների, փոխնախարարների միջնորդության արդյունք էր։

Միգուցե Մոսկվայում եղած տարիներին Վաղարշակ Հարությունյանն ավանդ ունեցել է հարաբերությունների շտկման եւ այլ հարցերում, բայց բանակաշինության մեջ ես նրա ավանդը չեմ տեսել։

Կան մարդիկ, ովքեր պատասխանատու են իրենց անցյալի, ներկայի համար։ Երկրորդ խումբն անպատասխանատուներինն է։ Վաղարշակ Հարությունյանը երկրորդ խմբին է պատկանում։

Հայկազ Բաղմանյանՙ V բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր.

¬ Վաղարշակ Հարությունյանին 94¬95 թվականներից եմ ճանաչում, նրա պաշտոնավարման ժամանակ ես եղել եմ բրիգադայի հրամանատար Տավուշի մարզում։ Չեմ հիշում, որ նա որպես պաշտպանության նախարար Տավուշ կամ այլ մարզերի զորամասեր այցելեր։ Խնդիրները, որ առաջանում էին, միշտ լուծվում էին փոխնախարարների մակարդակով։

Հ. Ս.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4