«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2002-07-11 | #129, 2002-07-12 | #130, 2002-07-13


ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎՍ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԳԵՐԻ

«Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում երեկ լրագրողների հանդիպումը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ էր։ Բնականաբար, մեկ ժամվա ընթացքում կոռուպցիոն երեւույթները ոլորտում վեր հանել չհաջողվեց, եւ չնայած նախնական տրամադրվածությանըՙ քննարկել խորքային երեւույթները, արծարծվեցին մակերեսային խնդիրներ։ Մինչ զրույցի սկիզբը նախարարը լրագրողներին խնդրեց երկխոսությունը չկառուցել հարձակողական եւ պաշտպանական դիրքերից ելնելով, այնուհետեւ ներկայացրեց այն մոտեցումները, որոնք ոլորտում կոռուպցիայի դեմ արդյունավետ միջոց կարող են լինել։ Լեւոն Մկրտչյանի խոսքերով, որքան հասարակությունը սոցիալապես անապահով է, այնքան շատ են կոռուպցիոն երեւույթները։ Անհրաժեշտ է մարդկանց սոցիալական երաշխիքներ ապահովել, կարեւորագույն պայքարի միջոց է նաեւ աշխատանքի վարձատրության կարգը։

Կրթության եւ գիտության նախարարն ասում է, որ ընդունելության քննությունների համար մասնավոր պարապող դասախոսներին տրվող գումարները տարեկան մոտ 7¬8 միլիոն դոլար են։ Եթե սա մասնավոր գրպաններիցՙ ստվերից դուրս բերվի եւ համակարգվի, մեծ քայլ կատարած կլինենք։ Ի դեպ, Լեւոն Մկրտչյանը որպես հեռանկարային քայլ նշում է մասնավոր պարապմունքների համակարգի վերացումը, հանրակրթական դպրոցը պետք է երեխային ապահովի անհրաժեշտ գիտելիքներՙ բուհ ընդունվելու համար։ Մասնավոր պարապմունքների համակարգը, փաստորեն, դիմորդների համար անհավասար պայմաններ է ստեղծում. նրանց մոտ 50 տոկոսն այսօր մասնավոր դասախոսների թանկ ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի։

Անհավասար պայմանների առումով նախարարը կարեւոր է համարում քննության անցումային բալերի իջեցումը։ Ապագայի համար նախարարը նշում է նաեւ ընդունելության քննություններում գիտելիքների արժեւորման նոր համակարգ, խոշորացված տեստային քննություններ։

Հանդիպումը առիթ էր խոսելու կոռուպցիայի մասին նաեւ այս համակարգում, իսկ կրթական ոլորտը հայտնի է իր կոռումպացվածությամբՙ երեւույթի ամենախորքային դրսեւորումներով, որ սկսվում է մանկապարտեզից մինչեւ բարձր գիտական համակարգ։ Երեւի հասարակության մեղքի բաժինն էլ բավականին մեծ է։ Մեզանից յուրաքանչյուրը երեւույթն սկսել է հանգիստ ընկալել եւ անհրաժեշտության դեպքում ինքը, քաջ գիտակցելով, որ երեւույթը խիստ բացասական է, պատրաստ է կաշառք տալ։

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին վերջերս մանավանդ շատ է խոսվում։ Ու եթե խնդիրն այդքան լուրջ է, գործնական քայլերը պետք է փոխարինեն խոսքերին։ Իսկ մինչ պատասխանատուները կլոր սեղանի շուրջ քննարկում են կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, երեւույթը մեզանում ավելի սովորական է դառնում, եւ բազմաթիվ տաղանդավոր երեխաներ շարունակում են զրկվել բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, երկիրն էլՙ իր ինտելեկտուալ ներուժի ստվար մասից։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4