Հայաստան-սփյուռք երեւանյան համաժողովի ժամանակ քննադատական ձայներ հնչեցին, թե Ռուսաստանի լրատվական տարածքում չկա որեւէ կազմակերպված հայկական կամ գոնե հայամետ լոբբիստական ուժ։ Անշուշտ, չի կարելի ասել, թե տեղի մամուլում, հեռուստատեսությունում, գործակալություններում, հրատարակչություններում չկան աչքի ընկնող հայազգի մասնագետներ. կան ճանաչված խմբագիրներ, տնօրեններ, լրագրողներ, աստիճանավորներ եւ այլք (ի դեպ, նկատի ունենալով նրանցից մեկինՙ Ռուսաստանի ռադիոհեռուստատեսային հեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահ Էդուարդ Սագալաեւի նորերս նշանակված առաջին տեղակալ Մանանա Ասլամազյանին, կոմունիստական թերթերից մեկը ոգեկոչել էր. «Նույնիսկ հետաքրքրական էՙ «այդ ասոցիացիայի ղեկավարության մեջ արդյոք կա՞ն ռուս մեծամասնության ներկայացուցիչներ»)։ Սակայն Մոսկվայի հայության մեջ իրոք չկա այն ուժը, որը ուզենար ու կարողանար միավորել այդ կարողությունը։ Թեեւ որոշ բան այնուամենայնիվ արվում է։
Հուսալ, թե որեւէ հասարակական ազգային կազմակերպություն կարող է ստանձնել նման ոչ դյուրին պարտականություն, անիմաստ է։ Կարծում եմ, ներկա պայմաններում այդօրինակ լոբբիստական միավորիչ գործունեությամբ զբաղվելու ռեալ հնարավորություն ունի միայն Մոսկվայում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը։ Անշուշտ, մեր դեսպանությունում նոր մարդիկ են նշանակված, եւ ամենայն հավանականությամբ նրանք չեն էլ հասցրել խորանալ այդ խնդրի մեջ։ Ուստի տեղին կլինի մի այսպիսի զուգահեռ անցկացնել։ Կարելի է համոզված ասել, որ ռուսաստանցի ամեն մի քիչ թե շատ հայտնի հրեա լրագրող անպայման կապ ունի Իսրայելի դեսպանության հետ, ընդսմինՙ այդ կապը երկկողմ է։ Հրեա շատ լրագրողներ Ռուսաստանի հրեական կոնգրեսի ակտիվ գործիչներ են։ Մինչդեռ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ «հասարակական» կազմակերպությունը անթաքույց վերահսկվում է Իսրայելի համապատասխան քաղաքական-դիվանագիտական մարմինների կողմից։ Եվ եթե Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, ավելի շատ իսրայելամետ է, եւ արաբներն էլ ներկայացվում են որպես «թերավարտ» ազգ, ապա դրանում հսկայական է նաեւ տեղի «հրեականացված» ԶԼՄ-ների դերը։ Անշուշտ, շատ առումներով հայերս խիստ հեռու ենք հրեաներից, բայց կարծում եմ, որոշ բաներ պարտավոր ենք գոնե ընդօրինակել։ Թե ինչպես, այլ խոսակցության նյութ է։ Պետական մոտեցում է պետք։
Որոշակի աշխատանք կարող են կատարել ՌԴ արտգործնախարարության մամլո կենտրոնում հավատարմագրվածՙ Հայաստանի ԶԼՄ-ներին թղթակցող լրագրողները։ Ընդսմինՙ այս հարցում պետք է պարզություն մտցնել։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ բազմաթիվ հավատարմագրվածներից սոսկ մի քանիսն են կատարում իրենց մասնագիտական պարտականությունները։ Ըստ երեւույթին շատերը շահագրգռված են միայն Մոսկվայում այդ արարողության շնորհիվ ձեռք բերվող լեգալ բնակության հնարավորությամբ։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա