Գուցե «ազատ» տնտեսվարողնե՞ր
Հունիսի 11-ից Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հանձնարարականով մայրաքաղաքում արգելվեց ավտոմատ մեքենաների միջոցով ստացվող հյութերի բաթօթյա վաճառքը։ Արգելվել էր ուսումնասիրությունների հիման վրա, ըստ որոնց ավտոմատ մեքենաների միջոցով ստացված 73 նմուշ հյութերից 51-ի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի միկրոբներ։
Քաղաքապետի հանձնարարությամբ համայնքներում կատարվեցին ստուգայցեր Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության եւ ՆԳ վարչության կողմից։
Սակայն... Ստուգայցերից հետո ավտոմատ մեքենաների միջոցով ստացվող հյութերի բացօթյա վաճառքով զբաղվող որոշ կետեր շարունակեցին նույն հաջողությամբ գործել, որոշ կետեր էլ սկսեցին գործել որոշակի ընդմիջումներով։ Օրինակՙ կինոթատրոն «Այրարատի» տոնավաճառի մոտ գտնվող «կետը», առանց սեղանիկին փակցված առանձնահատուկ թույլտվության (ինչը կարելի է տեսնել որոշ այլ «կետերում»), շարունակում է մայրաքաղաքը պարուրած փոշու եւ անջուր, հակահիգիենիկ պայմաններում աշխատել։ «Հովհարային» տարբերակով աշխատում են նմանօրինակ «կետերը» Տիգրան Մեծի, Աբովյան փողոցներում։
Այս դեպքերում աղիքային խմբի միկրոբների հետ մեկտեղ հաշվի չի առնվում նաեւ վերջին ոչ կարճ ժամանակահատվածում քաղաքի կենտրոնական փողոցների «վերանորոգման» առայժմ միակ հետեւանքըՙ փոշին։
Ստացվում է, որ հերթական անգամ անհավասար պայմաններում են հայտնվում տնտեսվարող սուբյեկտները։ Հերթական անգամ քաղաքային իշխանություններն անհետեւողական են, ավելի ճիշտՙ մասնակիորեն անհետեւողական։
Այս ամենի համատեքստում ակնհայտ է երկու հանգամանք։ Նախ, ավտոմատ մեքենաների միջոցով ստացվող հյութերի բացօթյա վաճառքի արգելումը հնարավորություն տվեց լրացուցիչ թույլտվություններ, ենթադրվում էՙ նաեւ գումարային «փոքրիկ նվիրատվություններ» մտցնել շրջանառության մեջՙ այդ կերպ շրջանցելով արգելքը։
Երկրորդ հանգամանքն այն է, որ գուցե թե Երեւանում գործում են ազատ տնտեսական գոտիներ, ինչի մասին տեղյակ են միայն հատկապես «ազատ» տնտեսվարող սուբյեկտները։
Այս դեպքում նույն քաղաքապետարանը կարո՞ղ է պատասխանել, թե ո՞ր ազատ տնտեսական գոտում է «տնտեսվարում» ազատ տնտեսական մրցակցության իրավունքը եւ այդ ո՞ր հավասար պայմաններում։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ