Գորիսի ենթամարզում 24 գյուղ կա։ Շուռնուխն ամենամերժվածներից է։ Անտառի մեջ է, անտառի հույսին։ Հողը բերրի չէ, ոռոգման ջուրը... անձրեւն է, Գորիս հասնելու համար տրանսպորտ հայթայթելն օրախնդիր է, ռադիոն մարած հիշողություն է, իշխանավորներն էլ Շուռնուխն ու շուռնուխցուն հիշում են ընտրությունների ճիշտ նախաշեմին։ «Ի սեր Աստծո, էլ ոչ մի բանի մասին մի գրեք, միեւնույն է, իշխանավորներն իրենց քթից այն կողմ չեն տեսնում։ Գրեք միայն գյուղի բկից կախ գայլերի մասին։ Անտերները էնքան են լկտիացել, որ հիմա էլ օրը ցերեկով են գալիս։ Վերջին 20¬25 օրում 7 անասուն են շաղ տվել։ Գյուղացիները վախենում են երեխաներին տնից դուրս թողնել, վախենում են այգիներում, անգամ տնամերձ հողամասերում մենակ մնալ։ Դպրոցի բակում էլ են հաճախ հայտնվում», «Ազգի» հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց դպրոցի տնօրեն տկն Աղասյանը։
Գուցե գայլերի ցերեկային «արշավանքները» հիշեցնեն, որ կա Շուռնուխ, որ կան ապահով երեւաններից եկած ու գյուղի մի թիզ հողի համար մարտնչած, այստեղ բնակություն հաստատած ու գյուղն իրենց, միայն իրենց ուսերին պահող մարդիկ, որ այս տարի դպրոցի առաջին դասարանում միայն գյուղապետ Կարենի դստրիկն է լինելու, որ համբերությունն ու տոկությունն էլ սահման ունեն... ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս