ԱՆԿԱՐԱ, 12 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի եւ Իրանի միջեւ նոր ճգնաժամ է ծագել պաշտոնական Թեհրանի կողմից KADEK նորացված Քրդական բանվորական կուսակցությանը որպես ահաբեկչական կազմակերպություն գրանցելուց հրաժարվելու պատճառով։ Ըստ «Թըրքիշ դեյլի նյուս» օրաթերթի, պաշտոնական այցով Անկարայում գտնվող Իրանի ներքին գործերի նախարար Աբդուլվահիդ Մուսավի Լարիի եւ վերջինիս թուրք գործընկեր Ռյությու Քյազիմ Յուջելենի հանդիպումն այս պատճառով անցել է լարված մթնոլորտում, կողմերը նույնիսկ չեղյալ են հայտարարել երեկոյան նախատեսված համատեղ ընթրիքը։ Իրանի ՆԳ նախարարը փոխարենը մեկնել է Կոնիա քաղաք, ուր հանդիպել է քաղաքապետ Ահմեդ Քայհանի հետ։ Թուրքական կողմը Լարիին է փոխանցել զեկույց Իրանում ՔԲԿ-ի գործունեության վերաբերյալ, իսկ վերջինս հայտարարել է, որ փաստերը կուսումնասիրվեն։