«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2002-07-11 | #129, 2002-07-12 | #130, 2002-07-13


ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Աշխարհի թիվ 2 ահաբեկիչ Այման ալ Զաուահրիի կյանքը Բաքվում, գաղտնի, ձախողված ճամփորդությունը Չեչնիա, բանտարկությունը Մախաչկալայում, հաջողակ վերադարձը Աֆղանստան

Ինչպես խոստացել էինք «Ազգի» երեկվա համարում, որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացնում ենք աշխարհի թիվ երկու ահաբեկիչ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչներից Այման ալ Զաուահրիի մասին պատմող հրապարակումը, որը տպագրվել է ամերիկյան ազդեցիկ եւ ամենամեծ տպաքանակով «The Wall Street Journal» օրաթերթում։ Ամերիկյան նավթային խոշոր ընկերությունների շահերը ներկայացնող, ընդգծված թուրքամետ եւ ադրբեջանամետ պարբերականի այս հրապարակումը, որը Դաղստանի Դերբենտ քաղաքից ուղարկել են լրագրողներ Էնդրյու Նիգինսը եւ Ալըն Քոլիսոնը, դարձյալ հաստատում է Ադրբեջանի մեղսակցությունը համաշխարհային չարիք ահաբեկչությանը, իսլամական ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը «ինտերնացիոնալ» Բաքու քաղաքում։ Հիշեցնենք, ըստ ամերիկյան հետախուզական ծառայությունների, 1998 թ. օգոստոսին հենց Բաքվից է համակարգվել Քենիայի եւ Տանզանիայի ամերիկյան դեսպանատների պայթեցման գործողությունը, որի զոհը դարձան 224 անմեղ անձինք, ավելի քան 5 հազարը վիրավորվեց։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հինգ տարի առաջ, ձմեռային մի գիշեր, կտրելով Կասպից ծովի եւ Կովկասյան լեռների միջեւ ընկած նեղ սեպը, Այման ալ Զաուահրին աննկատ անցավ Ռուսաստան։ Դոկտոր Զաուահրին այսօր Ամերիկայի կողմից ամենապահանջվող մարդն է Ուսամա բեն Լադենից հետո։ Եգիպտոսի «Իսլամական ջիհադ» ծայրահեղական կազմակերպության ղեկավարը գաղտնի առաքելությամբ ուղեւորվում էր Չեչնիա։ Նա ճանապարհ էր ընկել փոքր ֆուրգոնով, երկու այլ հանցակիցների հետ, ուներ 6400 դոլար, գործարարի ինքնությունը հաստատող կեղծ անձնագիր, ձեռքի համակարգիչ, արբանյակային հեռախոս, հեռապատճենի մեքենա եւ բժշկական դասագրքեր։

Իր երկու դավակիցներիՙ Ահմադ Սալամա Մաբրուկի, որը եգիպտական «Իսլմական ջիհադի» Ադրբեջանի բջիջն էր ղեկավարում (Բաքվում գրանցված էր «Bavari-C» առեւտրային ընկերության անվամբ), եւ Մահմուդ Հիշամ ալ Հեննավիի հետ դոկտոր Զաուահրին ռուս-ադրբեջանական սահմանը հատեց 1996 թ. դեկտեմբերի 1-ին, կեսօրվա ժամը 4-ին։ Եռյակը անվտանգ վայր էր փնտրում, իսկ Ռուսաստանի ապստամբ Չեչնիանՙ մահմեդական, խառնաշփոթ եւ անկախ շրջանը, խոստումնալից էր թվում։ «Այնտեղ պայմանները հրաշալի էին», գրել է Զաուահրին ձեռքի համակարգչում, որը գտնվել է Քաբուլում։

Այման ալ Զաուահրին ճանապարհորդում էր Սուդանի անձնագրով, Աբդուլլա Իմամ Մոհամեդ Ամին կեղծ անունով։ Դավակիցներըՙ Մաբրուկը եւ Հեննավին, նույնպես ունեին կեղծ անուններ եւ կեղծ անձնագրեր, առաջինըՙ Սուդանի, երկրորդըՙ Եգիպտոսի։

Սահմանային ծառայության աշխատակիցները ռուս-ադրբեջանական սահմանին տեսնելով, որ եռյակը չունի այցագիր, ձերբակալեցին եւ հանձնեցին Անվտանգության դաշնային ծառայությանը։ Արաբներն ասացին, թե ներկայացնում են «Bavari-C» ադրբեջանական առեւտրային կազմակերպությունը։ Նրանց ներկայացրած հասցեն գտնվում էր Բաքվումՙ խորհրդային ժամանակների մի կեղտոտ բնակարան։ Հարեւաններն ասացին, որ մի ժամանակ մի քանի արաբներ վարձակալել են բնակարանըՙ «Bavaria Beer» գովազդային մեծ ցուցանակի հարեւանությամբ, հետոՙ հեռացել։

Դոկտոր Զաուահրիին հաջորդ վեց ամիսներն անցկացրեց կիսաքանդ բանտում, դողը սրտում, թե ռուսները կբացահայտեն նրա ինքնությունը, երկար տարիներ կբանտարկեն կամ հետ կուղարկեն Եգիպտոս, որտեղ նրան մահապատիժ էր սպասում։ «Աստված կուրացրեց ռուսներին, եւ նրանք չկարողացան պարզել մեր ինքնությունը։ Այս ամիսների ընթացքում մեր ուղեկիցն Աստծո ողորմածությունն էր», գրել է դոկտոր Զաուահրին։

Ապրիլին պրն Ամինի դատավարության ընթացքում (այսպես էին նրան դիմում դատավորները), դոկտոր Զաուահրին ասում էր. «Չէի պատկերացնում, թե այցագրի հետ կապված խնդիրներ կծագեն»։ «Ի՞նչ նպատակով ես անցել Ռուսաստան» հարցին Զաուահրին պատասխանեց. «Ուզում էինք կաշի, դեղորայք եւ այլ ապրանքներ գնել»։ Մեղադրող կողմի պահանջըՙ դատապարտել երեք տարի, դատավորը մերժեց եւ տվեց ընդամենը վեց ամիս։ Արաբ եռյակն արդեն հինգ ամիս անց էր կացրել Մախաչկալայի բանտում, այսպիսովՙ շուտով ռուսները նրանց ազատ արձակեցին։

Քսանվեց մահմեդական կղերականներ երեք «առեւտրականներին» ազատ արձակելու ստորագրությամբ դիմել էին Դաղստանի իշխանություններին։ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Նադիր Խաչիլաեւը Դաղստանի գերագույն դատարանին գրեց, թե երեք «առեւտրականները» ժամանել են «ուսումնասիրելու առեւտրային շուկան» եւ պետք է ազատ արձակվեն։ Այսօր պրն Խաչիլաեւը չի հիշում որեւէ բանտարկյալ արաբի։ «Bavaria-C» ընկերության տնօրենից ռուսները ստացան խնդրանք։ Ընկերության տնօրենի անունն Իբրահիմ Էլդարուս էրՙ «Իսլամական ջիհադի» Բաքվի բջիջի ակտիվիստներից։

1997 թ. մայիսին, ազատվելով ռուսական բանտից, դոկտոր Զաուահրին ապաստան գտավ Աֆղանստանումՙ իր ճակատագիրը հանձնելով Ուսամա բեն Լադենին։ «Իսլամական ջիհադը», որի սկզբնական նպատակը Եգիպտոսում աշխարհիկ վարչակազմի տապալումն էր, դարձավ «Ալ Ղաիդայի» ամենախոշոր բաղկացուցիչը, իսկ դոկտոր Զաուահրինՙ բեն Լադենի մերձավոր հավատարիմը, տաղանդավոր հետախույզը։ Չեչնիայի փոխարեն Աֆղանստանը դարձավ դոկտոր Զաուահրիի ապաստանը, իսկ թիրախըՙ Ամերիկան, ո՛չ Եգիպտոսը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4