ՀՀ արտգործնախարարը հաստատում է, որ փարիզյան սկզբունքների հայկական տարբերակ գոյություն չունի
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ վերջին ժամանակներս հայկական ու ադրբեջանական կողմերից արվող հայտարարությունները մեկնաբանելու եւ բանակցությունների հետագա ընթացքի վրա դրանց հնարավոր ազդեցությունը պարզելու համար «Ազգը» մի քանի հարց ուղղեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին։
¬ Պրն նախարար, ՀՀ նախագահը վերջին ժամանակներս քանիցս հայտարարել է, թե ԼՂ խնդրի կարգավորման առումով ինքը մեծ լավատեսություն չունի այս եւ հաջորդ տարվա համար։ Նշանակո՞ւմ է սա, որ գործընթացը սառեցվում է։
¬ Կարծում եմՙ շատ բան կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից։ Եվ կարծում եմ, որ նախագահը եւս դա է նկատի ունեցել։ Նախագահի հոռետեսությունը մեծ մասամբ հիմնվում է Ադրբեջանի դիրքորոշման, վերջին շրջանում ադրբեջանական կողմի արած հայտարարությունների եւ հատկապես Հ. Ալիեւի վերջերս ներկայացրած ոչ ճիշտ փաստերի վրա։ Այս ամենը հիմք է տալիս մեզ կարծելու, որ Ադրբեջանը թերեւս պատրաստ չէ բանակցությունները շարունակելուՙ հատկապես փարիզյան սկզբունքների հիման վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ փարիզյան սկզբունքները համարում ենք բավականին իրական ու ամուր հիմք բանակցությունների շարունակության, նաեւ հարցի կարգավորման համար։ Եվ այս պահին էլ պատրաստ ենքՙ առանց հարցը որեւէ այլ խնդրի հետ կապելու, ինչպիսիք առաջիկա ընտրություններն են, շարունակել բանակցություններն այդ հիմքի վրա եւ կարողանալ հասնել լուրջ տեղաշարժերի, նաեւ հարցի վերջնական լուծման։
¬ Վերջերս, ավելի քան երբեւէ, հաճախ է շեշտադրվում ՀՀ բանակի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։ Ըստ Ձեզ, որպիսի՞ն կարող է լինել բանակի դերը խնդրի կարգավորման զուտ խաղաղ գործընթացում։
¬ Մենք միշտ էլ նշել ենք, որ մեր բանակի ուժեղությունն անհրաժեշտ է առաջին հերթին խաղաղության պահպանման առումով, որովհետեւ Ադրբեջանը դեռեւս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր է փայփայում։ Այնպես որ, Ադրբեջանի այս նկրտումների առումով մեր բանակի մարտունակությունը կանխարգելիչ լուրջ գործոն է։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբեք նախահարձակ չենք լինի, այդպիսի խնդիր չունենք։ Ու որեւէ շահ չունենք նման քայլի դիմելու։ Բայց, կրկնում եմ, այսօրվա հավասարակշիռ վիճակը պահպանելու, նաեւ խնդրի հետագա կարգավորման նկատառումով մեր բանակի հզոր լինելն էական նշանակություն է ստանում։
¬ ՀՀ նախագահի հետ իրենց վերջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշեցին, թե բանակցային գործընթացն այժմ սպասողական փուլում է եւ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում։ Ադրբեջանական աղբյուրներով փարիզյան սկզբունքների այսպես կոչված «հայկական տարբերակի» հրապարակումն ինչպե՞ս կազդի գործընթացի վերոհիշյալ հունի վրա։
¬ Նախ կամենում եմ մի հանգամանք ճշտել. չկա փարիզյան սկզբունքների հայկական կամ ադրբեջանական տարբերակ։ Փարիզյան սկզբունքների միայն մեկ տարբերակ գոյություն ունիՙ քիվեսթյանը։ Քի Վեսթում համանախագահները կողմերին ներկայացրեցին բանակցությունների շարունակության հիմք հանդիսանալու համար նախատեսված մի փաստաթուղթ, որում ամփոփված էին Փարիզում ձեռք բերված պայմանավորվածություններն արտահայտող հստակ սկզբունքներ։
Փարիզյան սկզբունքների «հայկական տարբերակի» առկայության խնդիրը ո՛չ ՄԽ համանախագահների, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ղեկավարության կողմից, կարծում եմ, լուրջ չի ընդունվում, քանի որ բոլոր կողմերն էլ ունեն նույն փաստաթուղթը։ Մենք գտնում ենք, որ նման հայտարարություններն արվում են ներքին լսարանի համարՙ ապակողմնորոշելու, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։
Ու ելնելով նրանից, որ այդ ամենը ներքին սպառման համար է արվում, կարծում եմ, երկու նախագահներիՙ հետագա հանդիպման վրա բացասական ազդեցություն չի ունենա, գործընթացի շարունակության ապահովման վրա եւս։
¬ Պրն Օսկանյան, Լեռնային Ղարաբաղը չի դադարում պնդել իր մասնակցությունը բանակցություններին որպես իրավահավասար կողմ։ Այլապես, հայտարարում է, թե կարգավորման որեւէ տարբերակ անընդունելի է լինելուՙ առանց իր համաձայնության։ Դուք ե՞րբ եք տեսնում խնդրի կարգավորման այդ հանգրվանը։
¬ Ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ մեր կողմից էլ բազմիցս հաստատվել է այն սկզբունքը, որ Հայաստանը չի ստորագրի որեւէ փաստաթուղթ առանց ԼՂ համաձայնության կամ անգամ առանց վերջինիս ստորագրության։
Չպիտի մոռանալ նաեւ, որ անցյալ տասը տարիներին Ղարաբաղը երբեք դուրս չի մնացել գործընթացներից։
Դրա վառ վկայությունն են տարածաշրջան կատարվող այցերի շրջանակում համանախագահների այցելությունները Ղարաբաղ։ Նրանք լսում են նաեւ ԼՂ տեսակետները, խորհրդակցում վերջինիս հետ։ Այնպես որ, ԼՂ-ն այսօր ներկա է հակամարտության կարգավորման գործընթացում։
Ղարաբաղիՙ գործընթացից դուրս մնալու թյուր կարծիքն ստեղծվում է այն փաստից ելնելով, որ մինչեւ 1997-ը ԼՂ-ն մասնակցում էր Մինսկի խմբի եռակողմ հանդիպումներին, իսկ այսօր չի մասնակցում։ Բայց այսօր այդ հանդիպումներն էլ են դադարեցված։ Ու դադարեցման հիմնական պատճառը Լիսաբոնի հայտարարությունն է։
1997-ի մարտինՙ մոսկովյան ՄԽ եռակողմ հանդիպման ժամանակ, փաստորեն, Ադրբեջանը պահանջեց բանակցությունները շարունակել Լիսաբոնի հայտարարության շրջանակներում, ինչն անմիջապես մերժեցին Հայաստանն ու Ղարաբաղը, եւ այդ հանդիպումները դադարեցվեցին։
Այնպես որ, ինչ վերաբերում է վերջերս անընդհատ շահարկվող մեղադրանքին, թե Ղարաբաղիՙ բանակցային գործընթացից դուրս մնալու պատճառը Քոչարյան-Ալիեւ հանդիպումներն են, հիշեցնեմ, որ Հայաստան-Ադրբեջան երկկողմ ուղղակի շփումները նոր չեն եւ մեկնարկել են 1996-ինՙ նախագահների արտաքին հարաբերությունների գծով խորհրդականների մակարդակով։
¬ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ֆիլիպ Ռիքերը, հունիսի 14-ի իր բրիֆինգին պատասխանելով ԼՂՀ արտգործնախարարի հետ իր հանդիպմանն առնչվող մի հարցի, ասել էր. «Կարծում եմՙ կարեւոր է այստեղ հենց սկզբից նշել, որ ԱՄՆ-ը չի ճանաչում ԼՂ այսպես կոչված կառավարությանը կամ պետությանը։ Մ. Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս»։
Այս հայտարարության առիթով «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը մեր թերթում հանդես եկավ հոդվածովՙ կոչելով հայկական կողմին անհապաղ դադարեցնել հակամարտության կարգավորման բանակցություններում ԱՄՆ-ին որպես միջնորդ կողմի ճանաչելը։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին։
¬ Յուրաքանչյուր հայտարարություն գնահատելիս պիտի տեսնել, թե նրանում կա՞ արդյոք ԼՂ ապագա կարգավիճակը կանխորոշող որեւէ տարր։ Եթե կա, մեր պատասխանն այդ հայտարարությանը մի կերպ պիտի լինի։ Եթե չկա, այլ կերպ։
Լիսաբոնի հայտարարությունն, օրինակ, հստակորեն կանխորոշում էր ԼՂ կարգավիճակը, որը, սակայն, մեր համոզմամբ, պիտի ծնվի միայն բանակցությունների ընթացքում։
Իսկ Ռիքերի հայտարարության մեջ կանխորոշող տարր չկա։ Իհարկե, նման ցանկացած հայտարարությանը մենք պիտի դիմադրություն ցուցաբերենք, ինչն արվել է Ռիքերի դեպքում նույնպես։ Բայց քանի դեռ հայտարարությունը չի պարունակում ԼՂ ապագա կարգավիճակը կանխորոշող որեւէ տարր, դիմել այնպիսի կտրուկ քայլերի, ինչպիսիք առաջարկում են տարբեր մարդիկ, ճիշտ չենք համարում։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ