«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2002-07-12 | #130, 2002-07-13 | #131, 2002-07-16


ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԱԿԱՄԱ ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Տրամադրողներին թերեւս Լիպարիտյանն է քաջալերում

«Ազգը» հունիսի 25-ի համարում «Արարատ» ֆիլմի առնչությամբ կանադահայ ռեժիսոր Ատոմ Եղոյանին դատապարտելու համար քննադատել էր «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Տինքին։ Սա եզակի քննադատություն չէր, որովհետեւ մեր մոտեցումները մի շարք հարցերում չեն համընկնում պրն Տինքի մոտեցումներին, որոնցից, թերեւս, կարելի է առանձնացնել «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» գործունեության խրախուսումը, Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությանը նպաստելու մղումով հանձնաժողովի նկատմամբ սփյուռքում եւ մայր հայրենիքում առաջացած բուռն հակազդեցության անտեսումը կամ կամայական պարտադրանքը, թե «Հայոց աշխարհը Ժիրայր Լիպարիտյանի խելքով առաջնորդվելու խիստ կարիքի մեջ է»։

Կարիքը չգիտենք, սակայն Լիպարիտյանի խելքով, ինչպես այդ մասին վկայում է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Բասքըն Օրանը, առաջնորդվել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանը եւ Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականություն էր որդեգրել։ Այդ քաղաքականության դիրքերը սակայն արագորեն սպառվել են, եւ Հայաստանը բախվել է դիվանագիտական հարաբերությունների համար առաջադրվող թուրքական նախապայմաններին, շրջափակմանը, ինչպես նաեւ ռազմական սպառնալիքներին։ Այլ կերպ, Լիպարիտյանի խելքը հանգեցրել է Տեր¬Պետրոսյանի թուրքական քաղաքականության լիակատար ձախողմանը։

Ներկայումս Լիպարիտյանի խելքով առաջնորդվում են այն սփյուռքահայ գործիչները, որոնք վայելում են արեւմտյան պետական կառույցների բարեհաճ վերաբերմունքը։ Քանի որ Հայաստանին արեւմտյան քաղաքական կողմնորոշում պարտադրելու Տեր¬Պետրոսյանի դիրքորոշումը բխում էր Արեւմուտքի շահերից, ուստի վերջիններս պատրաստակամության հետ նրա նկատմամբ կարոտախտով են նաեւ տառապում։ Հատկանշական է, որ եթե Տեր¬Պետրոսյանը Հայաստանին կողմնորոշում պարտադրելիս դա միջնորդավորում էր Թուրքիայով, ապա միջազգային ուժերի շահերին ծառայելու որոշ սփյուռքահայերի պատրաստակամությունը միջնորդավորվեց Լիպարիտյանով։

Ինչ վերաբերում է պետական կառույցների բարեհաճ վերաբերմունքին, դրա հարատեւությունն ապահովելու մղումով այդ սփյուռքահայերը սկսեցին անտեսել Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացումը պայմանավորել նրա հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Չնայած ցեղասպանության կեղծարարությունը հայերի հետ երկխոսությամբ հիմնավորելու թուրքական նկրտումներին, նրանք ամեն կերպ խրախուսեցին հայ-թուրքական երկխոսությունը։ Սա նշանակում է, որ բարեհաճ վերաբերմունքն այդ սփյուռքահայերի համար չափազանց հեռանկարային է։

Կասկածից վեր է, որ հակահայկական քաղաքականության անտեսումն ու հայ-թուրքական երկխոսության խրախուսումը բխում են նաեւ Թուրքիայի շահերից։ Ահա թե ինչու վերոհիշյալ սփյուռքահայերին բարեհաճ վերաբերմունքի արժանացրին նաեւ թուրքական իշխանությունները, իսկ Տեր¬Պետրոսյանի նկատմամբ կարոտախտը միավորեց նրանց։ Ուստի, Լիպարիտյանի խելքը Հայոց ցեղասպանության թուրքական կեղծարարության պարագայում պատճառ դարձավ, որ դրա հիմնավորմանը մասնակից դառնան նաեւ սփյուռքի մեր որոշ գիտնականներ։

Նրանք, որպես կանոն, թուրքերի հետ դռնփակ գիտաժողովների եւ սիմպոզիումների են մասնակցում։ Երբեմն այդ սիմպոզիումներում թուրքական կողմը ներկայացնում են գիտության հետ որեւէ առնչություն չունեցող գործիչներ։ Օրինակ, մայիսի 10¬11-ին Կոպենհագենում կազմակերպված սիմպոզիումին մասնակցել էին Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորներ Բյուլենթ Աքարջալին եւ Բայրամ Ֆըրաթ Յաքըլըն, ինչպես նաեւ նախկին դեսպան Փուլաթ Թաջարը։ Իսկ Գյունդուզ Աքթանը, որը նույնպես նախկին դեսպան է, թուրքական մամուլի էջերում 1915 թ. թուրքերի դաժանությունների մասին ելույթի համար խստագույնս դատապարտել է սիմպոզիումի հայ մասնակիցներից պրոֆ. Վահագն Տատրյանին։ Թերեւս նա դրանով ցույց է տվել, որ պրն Տատրյանը վերոհիշյալ գիտնականների թվին չի պատկանում։

Այդ գիտնականներին պայմանականորեն կարելի է անվանել Լիպարիտյանի խմբի անդամներ։ Ցավոք, Արեւմուտքում պետական կառույցների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, Լիպարիտյանի խելքով առաջնորդվող սփյուռքահայերի թիվը խմբի անդամներով չի սահմանափակվում։ Եթե խումբը Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու պատրվակով հայ-թուրքական երկխոսությանը նպաստելիս Հայոց ցեղասպանության թուրքական կեղծարարությունն է հիմնավորում, ապա մյուսները մեսրոպյան ուղղագրությանը չվերադառնալը պատրվակ են դարձնում, որպեսզի սփյուռքը տրամադրեն Հայաստանի դեմ։

Ակնհայտ է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունների սերտացումը միջազգային ուժերի շահերից չի բխում, նրանց սերտաճումըՙ առավել եւս։ Սերտաճման հավանականությունը բացառելու եւ հարաբերությունների սերտացումը խոչընդոտելու համար արեւմտյան պետությունները փորձում են Հայաստանի եւ սփյուռքի միջեւ սեպ խրել։ Ուրեմն, դասական ուղղագրության ջատագովներն էլ ակամա, հաճախ բարեմտորեն, սեպ խրելու միջոց են դառնում։

Եթե Տեր¬Պետրոսյանի նկատմամբ կարոտախտը Լիպարիտյանի խմբին միավորում է թուրքական իշխանությունների հետ, ապա դասական ուղղագրության կողմնակիցները խմբի հետ միավորվում են Հայաստանը որպես կործանվող երկիր ներկայացնելու, տեղի-անտեղի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին վարկաբեկելու մշտական փորձերով։ Հարցը, սակայն, փորձերը չեն, այլ ուղղագրության փոփոխության հետեւանքների նկատմամբ անտարբերությունը, հարցից կատարյալ անտեղյակությունը, դրա համառորեն Հայաստանին պարտադրումը, ինչպես նաեւ այն ծիծաղելի կացությունը, որի մեջ ֆրանսահայ «Յառաջ» թերթի խմբագիրներից Արփի Թոթոյանի գլխավորությամբ հայտնվում են փոփոխություն թմբկահարողները։

Անցած 70 տարիներին Հայաստանում ստեղծված գիտական եւ գեղարվեստական հսկայական գրականությունը մի կողմ, ուղղագրության որեւէ փոփոխությունը հղի է կազմալուծման եզրին կանգնած մեր կրթական համակարգը վերջնականապես քայքայելու վտանգով։ Սա փոփոխության ջատագովներին, ինչ խոսք, չի հետաքրքրում, բայց որ նրանք փոփոխություն թմբկահարելիս հաջողությամբ կարողանում են անխնա շահարկել Մեսրոպ Մաշտոցի անունը, ակնհայտ է։ Ինչո՞ւ, որովհետեւ Մաշտոցի այբուբենում օ եւ ֆ տառերը չեն եղել, ուստի դասական ուղղագրությունը մեսրոպյան անվանելը եթե ոչ տգիտություն, գոնե շահարկման դիտավորություն է։

Ուղղագրության փոփոխությունը գիտական լուրջ հարց է։ Դրանով զբաղվելը ենթադրում է մասնագիտական կրթություն, գիտական պատրաստվածություն եւ գիտելիքների համապատասխան պաշար։ Մինչդեռ «Յառաջը», Հայաստանին փոփոխություն առաջադրելիս, պատճառաբանելով, թե ուղղաթիռ բառը ռուսական ներմուծություն էՙ թարգմանության տեսքով, առաջարկում է դա փոխարինել «թռան» բառով։ Կարծում ենք, այս առաջարկը հստակ պատկերացում է տալիս ուղղագրության փոփոխության ջատագովների լեզվաբանական իմացությունների մասին։

«Ակօսի» հունիսի 14-ի համարում հենց այդ իմացությունների վրա է կենտրոնանում Հրանտ Տինքըՙ գրելով. «Հայաստան-սփյուռք համաժողովում հայերենի ուղղագրության մասին քարոզները, թերեւս, երգիծանքի գլխավոր առարկան էին։ Վերջին շրջանում սփյուռքահայ շրջանակներին յուրահատուկ «ավանդական ուղղագրությանը վերադառնալու» բացականչությունները երկօրյա նիստերում անընդմեջ հնչեցին»։ Այնուհետեւ նա, նկատի ունենալով այդ շրջանակներին, ավելացնում է. «Նրանց ուշքն ու միտքը Հայաստանի բնակչությանը հայերեն խոսել սովորեցնելն էր։ Չեմ կատակում, վաղուց են նրանք դրան ձեռնամուխ եղել։ Վերջիններս համաժողովին ամեն վայրկյան հայերեն խոսող հայաստանցիների գլխին քարոզ կարդալով, թե «հայերենը սուրբ լեզու է», «հայոց լեզուն կատարյալ է», «խնդրում ենք հայերեն խոսել», իրենց դրեցին ծիծաղելի կացության մեջ։ Այլ կերպՙ փորձեցին սփյուռքյան դրամագլուխը նաեւ Հայաստանում օգտագործել, բայց ծիծաղի առարկա դարձան»։

Պետք է խոստովանել, որ պրն Տինքն էլ ուղղագրության հարցին հավասարակշիռ մոտեցումով հաճելի անակնկալ պատճառեց մեզ։ Անակնկալի առումով ավելի քան հաճելի էին Հայաստան-սփյուռք համաժողովին նվիրված նրա հոդվածները, առավել եւս այն դրական ազդանշանները, որոնք նա պոլսահայությանն էր հաղորդում։ Ազդանշանների մասին պատկերացում կազմելու համար բավական են «Ակօսի» գլխավոր խմբագրի համաժողովին նվիրված երկու հոդվածներիՙ «Ազգ մը յարութիւն կ՚առնէ» եւ «Այսօր ազգահաւաք է» խորագրերը, որոնցից վերջինն ունի հետեւյալ ենթավերնագիրը. «Հայաստան-սփիւռք փառաւոր հանդիպումին երկու օրը քիչ եղաւ, հոծ մասնակցութեան պատճառաւ»։

Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ սփյուռքը Լիպարիտյանի խմբով կամ ուղղագրությունը որպես միջոց օգտագործողներով ամենեւին չի սահմանափակվում։ Ուրեմն խնդիրը քննադատությունը չէ, այլ առողջ դատողությունը, ինչը ե՛ւ սահմանափակում է վերջիններիս ազգավնաս գործունեության հնարավորությունները ե՛ւ պահանջում, որպեսզի քննադատությունը լինի կառուցողական։ Մենք ընդունում ենք, որ պրն Տինքի դատողությունն առողջ է։ Մնում է հուսալ, որ նա էլ մեր քննադատության կառուցողականությունն ընդունի։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4