Հուլիսի 13-ին Վանաձորում տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը։
Օրակարգում էր ՀՌԱԿ Լոռու շրջանակի վարչության ատենապետ Ֆերդինանտ Հարոյանի հաշվետվությունը 2002 թ. մարտից մինչեւ օրս կատարված աշխատանքների մասին։
Զեկուցողը նշեց, որ մինչեւ 2002 թ. մարտ ամիսը Վանաձոր քաղաքում գործում էին ՀՌԱԿ 5 ակումբներ, որոնցում ընդգրկված էին 107 կուսակցականներ։ Մարտ-հուլիս ամիսների ընթացքում ձեւավորվել են 19 նոր ակումբներ, որոնք ընդգրկում են ՀՌԱԿ 436 անդամների։ Կուսակցության շարքերը մեծ թվով համալրում են մտավորականության ներկայացուցիչներ, ավարտվել են ՀՌԱԿ Վանաձորի «Բաբկեն եւ Անահիտ Մկրյան» գրասենյակի վերանորոգման աշխատանքները, եւ վերջինիս առկայությունը կնպաստի կուսակցության կազմակերպչական եւ քարոզչական գործունեության առաջընթացին։ Զեկուցողը վարչության ուշադրությունը հրավիրեց քարոզչական աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտության վրա։ Մասնավորապես անհրաժեշտ է ավելի ծավալուն օգտագործել տեղի հեռուստաընկերությունների հնարավորությունները։
Քննարկվող հարցի շուրջ տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, որին մասնակցում էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության եւ կուսակցության շրջանային վարչության անդամները, ՀՌԱԿ տեղի ակումբների ատենապետները։
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում ընդունեցՙ
1. ՀՌԱԿ Լոռու շրջանակի վարչության աշխատանքները գնահատել դրական։
2. ՀՌԱԿ Լոռու շրջանակի գրասենյակի վերանորոգումը կարճ ժամանակահատվածում եւ որակյալ ձեւով կազմակերպելու համար ընկեր Ֆերդինանտ Հարոյանին խրախուսել։
3. Շրջանակի վարչության գործուն միջոցների ձեռնարկումՙ ՀՌԱԿ նոր կառույցների ձեւավորման ուղղությամբ։
4. Հանրապետական վարչություն ներկայացնել առաջարկություններ տեղական կառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման հարցի շուրջ։