Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության վարչության անդամներն այս անգամ այցելեցին Լոռու մարզ։ Ինչպես եւ նախորդները, այս այցը եւս հագեցած էր. կատարվեց նորագիրների երդմնառություն, ստեղծվեց ՀՌԱԿ մարզային շրջանակում գործող եւս մեկ ակումբ։
20 նորագիրներ համալրեցին ՀՌԱԿ շարքերը։ Ինչպես միշտ, նորագիրները հիմնականում մտավորականության ներկայացուցիչներ ենՙ համալսարանի եւ ինստիտուտների դասախոսներ, մանկավարժներ, մշակույթի գործիչներ։ Եվ դա պատահական չէ։ Ինչպես մեր զրույցի ժամանակ ասաց ՀՌԱԿ անդամ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կորյուն Թորոսյանը, «ռամկավար-ազատական գաղափարախոսությունը մեր ժամանակներում այն ուժն է, որը կարող տնտեսական զարգացման լուրջ ուղղություններ նախանշել եւ իրականացնել»։ «Մենք հասկանում ենք, ավելացրեց պրոֆեսորը, որ այսօր այդ գաղափարների կրողը եւ իրականացնողը Հայաստանում ՌԱԿ-ն է»։
ՀՌԱԿ նոր ակումբը, որի ատենապետ ընտրվեց Վաղինակ Ֆռանջյանը, կոչվում է «Նոր օր» եւ իրականացնելու է հենց ազատական գաղափարախոսության պրոպագանդումը Լոռու մարզում։
Պատահական չէր տեղի ժուռնալիստների եւ հանրապետական մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության թղթակիցների հետաքրքրությունն արագորեն իր հեղինակությունը վերահաստատող ՀՌԱԿ-ի նկատմամբ։ Նրանց նախաձեռնությամբ հրավիրված մամլո ասուլիսին ժուռնալիստների հարցերին պատասխանում էր կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։
ՀՌԱԿ ատենապետը նշեց, որ կուսակցության բարձր հեղինակությունը նախ եւ առաջ պայմանավորված է նրանով, որ ՀՌԱԿ ոչ մի պարտավորվածություն չունի ոչ քաղաքական, ոչ տնտեսական եւ ոչ էլ այլ ոլորտներում։ «Մեր կուսակցությանն անդամագրվում են բոլոր ոլորտների մարդիկ, այդ թվում նաեւՙ տնտեսվարողներ, գործարարներ, որոնք լավ են հասկանում, որ երկիրը տնտեսական զարգացման այլ ուղի չունի այլեւս, բացի տնտեսական ազատ քաղաքականությունից»։
ՀՌԱԿ-ը կարեւորում է իշխանության բոլոր օղակներում հենց այս գաղափարախոսության կրողների ընտրությունը եւ սատարում է այս մտածողության տեր անհատներին։ Վերջերս անցկացված երեք քաղաքապետի եւ Երեւանի երկու համայնքապետի ընտրություններում հաղթեցին հենց ՀՌԱԿ-ի աջակցությունը վայելող քաղաքական գործիչներ։
¬ Քաղաքական դաշտի պատկերն այսօր պարզորոշ է,¬ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՌԱԿ ատենապետը։¬ Կար ժամանակ, երբ մարդիկ խաբվում էին որոշ կուսակցություններիՙ անդամների մասին ուռճացրած, երբեմն երեւակայականի սահմաններն անցնող թվերով։ Սակայն ամեն ինչ այժմ հստակ է, եւ ոչ ոք ոչ մեկին խաբել չի կարող։ Հատկապես խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ, ինչպես են մտածում իրենց ձայն տված ընտրողների եւ հենց իրենց մասին։ ՀՀ Ազգային ժողովում պոպուլիստ շատ ու շատ գործիչներ այնպիսի դրամատիկ տեսարաններ են սարքում, որ ակամա մտածում ես աբսուրդի թատրոնի մասին։ Իսկ երբ խոսքը, ասենք, հենց ԱԺ-ում ներկայացված կուսակցություններիՙ Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորումներ ստանալու մասին է, բացահայտ գաղտնապահություն է պահպանվում։
ՀՌԱԿ ատենապետի կարծիքով, ԱԺ գալիք ընտրությունների ժամանակ առավել դժվար է լինելու այն կուսակցությունների գործունեությունը, որոնք այսօր ներկայացված չեն խորհրդարանում։ Սակայն դա սարսափելի չէ։ «Մենք հեռու ենք այն մտքից, որ ապագա ընտրություններում հսկայական հաջողություններ կունենանք, հայտարարեց Ռուբեն Միրզախանյանը։ Սակայն հաշվի առնելով այսօրվա ու վաղվա քաղաքական իրավիճակը, ճշգրիտ գնահատելով եղած հնարավորությունները, համոզված ենք, որ ապագա Ազգային ժողովում ՀՌԱԿ-ն անպայման ներկա է լինելու»։
Ս. Մ.