«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2002-07-12 | #130, 2002-07-13 | #131, 2002-07-16


ԻՍՐԱՅԵԼԸ ԶԱՎԹՈՒՄ Է ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄՈՏ ՀԱՅՈՑ ՁԻԹԱՊՏՂԻ ԸՆԴԱՐՁԱԿ ԱՅԳԻՆԵՐԸ

Վերջին մի քանի օրերին իսրայելական բանակը զավթել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող հողեր եւ կալվածքներ, որոնք գտնվում են Բեթղեհեմի «Այիդահ» փախստականների ճամբարից հյուսիս, հուլիսի 12-ի համարում գրում է Երուսաղեմում լույս տեսնող «Ալ Ղոդս» պարբերականը։ Հողերը, որոնք կոչվում են Երուսաղեմի պատրիարքներից Բարուն Տերի անունով, իսրայելական բանակը զավթել է Երուսաղեմի եւ Պաղեստինի միջեւ պարիսպ կանգնեցնելու ծրագրի քողի տակ։

Ըստ մեր ունեցած տվյալների, Բարուն Տերի հողերը եւ հարակից ամառանոցը մի քանի հեկտար են, տնկված են շուրջ 2 հազար ձիթապտղի ծառեր։ Ձիթապտղի յուղով Բեթղեհեմի եւ Երուսաղեմի հայկական եկեղեցիներում կանթեղ են վառում։ Ընդարձակ այդ կալվածքը Երուսաղեմի հայոց կարեւոր հարստություններից է։

«Ալ Ղոդսը» գրում է. «Գեներալ-մայոր Իցխակ Էյթանըՙ Արեւմտյան ափի զինվորական հրամանատարը եւ պաշտպանության նախարարության տնօրեն գեներալ Ամոս Ահարոնը պատրիարքության հողերը բռնագրավելու զինվորական հրաման են իջեցրել»։ Պատրիարքության դատապաշտպան Մազին Ղուբաթին ասել է, որ բռնագրավված հողերում իսրայելական բանակը նպատակադրվել է ռազմական զորանոցներ կառուցել, պատրիարքության ներկայացուցիչները վերջին երկու շաբաթների ընթացքում շփումների մեջ են «Ցահալի» հետ, որպեսզի համոզեն նրանց չեղյալ համարել զինվորական հրամանը, մինչդեռ հրեա զինվորականները անհողդողդ են։ Պատրիարքությունը որոշել է խնդրագիր ներկայացնել Իսրայելի գերագույն դատարան։

«Ալ Ղոդսը» պաղեստինյան թերթ է, հետեւաբար վերոնշյալ տեղեկությունը կարող է եւ չհամապատասխանել իրականությանը կամ համապատասխանել մասամբ։ Մյուս կողմից, Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությանը վերջին տասնամյակներին կուլ են գնացել Երուսաղեմի հայկական տասնյակ կալվածքներ, այսինքն հնարավոր է, որ Բեթղեհեմի ձիթապտղի այգիներն արդեն զավթված լինեն։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4