Կիրակի օրըՙ կեսօրից հետո CNN հեռուստակայանը հայտնեց, որ Բոստոնում 93 տարեկանում վախճանվել է համաշխարհային հռչակի արժանացած հայազգի լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշը։ Նա մահացել է, ըստ ինտերնետային տեղեկատվության, Բրիգհեմ հիվանդանոցում, շաբաթ օրը, հետվիրահատական բարդություններից։
Ծնվել է 1908 թ. դեկտեմբերի 23-ին Արեւմտյան Հայաստանի Մերտին քաղաքում, որը 1915-ին դառնում է թուրքական վայրագությունների ամենաստոր դրսեւորումների թատերաբեմը։ Նրա հարազատներից շատերն են զոհվում, իսկ քույրը մահանում է բծավոր տիֆի համաճարակից։ Խորտակված ընտանիքին հաջողվում է փախչել Սիրիաՙ Հալեպ։ Մի քանի տարի անցՙ 1924-ին Յուսուֆին ուղարկում են Կանադաՙ միանալու հորեղբայր Ջորջ Նաքաշին, որին երբեք չէր տեսել եւ որը լուսանկարիչ էր Շերբրուկում (Քվեբեկ)։ Վերջինիս օժանդակությամբ նրա երազանքն իրականություն է դառնում։ Աշակերտում է նաեւ բոստոնաբնակ հայ լուսանկարիչ Ջոն Կարոյին, որը, իր իսկ խոսքերով, «սովորեցրեց տեսնել եւ տեսածը մտապահել»։
Առաջին արվեստանոցը բացում է 1932-ին։ Իսկ մեծագույն հնարավորությունը հայտնվում է 1936-ին, երբ լուսանկարում է Կանադայի ընդհանուր կառավարիչ լորդ Թուիդսմուիրին, վարչապետ Մաքենզի Կինգին եւ Կանադայում հյուրընկալված Մ. Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Դրանից հետո նա լուսանկարում է Ուինսթոն Չերչիլի ամենահայտնի լուսանկարը։ «1941-ի դեկտեմբերի վերջին Չերչիլն Օտտավա եկավ խորհրդարանի առաջ ելույթ ունենալու։ Կանադայի վարչապետը ցանկություն հայտնեց, որ նրան լուսանկարեմ։ Ես մեկ օր դրան նախապատրաստվեցի։ Հաջորդ օրը, երբ արվեստանոցս մտավ, այնտեղ նրան սպասում էին մի բաժակ խմիչքն ու սիգարը։ Միացրեցի լույսերը։ Հանկարծակիի եկած «ի՞նչ է կատարվում» բղավեց։ Հարցրի, թե կարելի՞ է նկարել նրան։ «Միայն մեկ անգամ», ասաց նա սիգարը բերանին։ Ես մոտեցա, սիգարը զգուշությամբ հանեցի բերանից եւ մինչ վերադառնում էի իմ խցիկը, նա այնպիսի տեսք էր ընդունել, կարծես տեղն ու տեղն ինձ բզկտելու էր», հիշում է Քարշը։
Դժկամորեն սիգարից զրկված Չերչիլի խոժոռ դեմքն այնքան տպավորիչ է ստացվում, որ մեծ աղմուկ է բարձրացնում եւ հետագայում դրոշմանիշների վրա տպագրվում։ Լուսանկարել է նաեւ այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են դը Գոլը, Ներուն, Ժակլին Քենեդին, Խրուշչովը, Կաստրոն, Գագարինը, Պիկասոն, Հեմինգուեյը, Մոեմը, Սիբելիուսը, Շոուն, Թեյլորը, Հեպբոռնը եւ այլն։
«Երբ անվանի մարդիկ անմահանալու մասին են մտածում, նրանք Քարշի մոտ են գնում», գրել է Ջորջ Պերրին լոնդոնյան «Սանդեյ Թայմսում»։ 1997-ին Օտտավային ցտեսություն ասելով, նա իր կնոջՙ բժշկագիտության մասնագետ Էստրելիտայի հետ տեղափոխվում է Բոստոն, իր դասական դիմանկարներից մի փոքր հավաքածու թողնելով 16 տարի իր տուն-ստուդիան հանդիսացող Շատո Լորիեյում։
Նրա լուսանկարները ցուցադրվել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Ժամանակակից արվեստի եւ Սենտ Լուիսի թանգարաններում, Կանադայի ազգային պատկերասրահում (Օտտավա), Փարիզի ազգային գրադարանում եւ այլուր։
ԱՄՆ-ի եւ Կանադայի մի քանի համալսարաններ նրան շնորհել են իրավաբանական գիտությունների եւ արվեստագիտության դոկտորի աստիճաններ։ Լուսանկարչության մասին հրատարակել է գրքեր, կարդացել դասախոսություններ։ Ելույթներ է ունեցել Ֆինլանդիայում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում կայացած լուսանկարչության համաշխարհային համագումարներում։ Տասնմեկ երկրներում նրա լուսանկարները պատկերվել են դրոշմանիշների վրա։ «Նա աշխարհի մեծագույն դիմանկարային լուսանկարիչն է», ասել է Քարշի մասին Սնոուդոն անունով ամերիկացի մի լուսանկարիչ։ Նրա մոտ լինել նշանակում էր համաշխարհային ճանաչում ձեռք բերել։ Էլ Ալամեյնի բրիտանացի ֆելդմարշալ, հայտնի հրամանատար Մոնտգոմերին նրա մոտ նկարվելու արարողությունն անվանել է «ՔԱՐՇացում»։ Նա մարդկանց խառնվածքը բացահայտող կախարդ էր, որի գործերն ինչպես գեղագիտական, այնպես էլ պատմական մեծ նշանակություն ու արժեք ունեն։
Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ