ԲԱՔՈՒ, 15 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հուլիսի 10-ին Մոսկվայի կառավարության միգրացիայի կոմիտեի ղեկավար Սերգեյ Սմիդովիչը Ռուսաստանի մայրաքաղաքում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվայի կառավարությունը ոչ միայն պաշտպանում է բաքվեցի հայերին Ամերիկայում տեղավորելու ԱՄՆ պետդեպարտամենտի նախագիծը, այլեւ կցանկանար անմիջականորեն մասնակցել այդ աշխատանքին։ Ըստ նրա, Մոսկվայի կառավարությունը աշխատում է քաղաքում ապրող բաքվեցի հայերի ցուցակի կազմման ուղղությամբ, որը կշարունակվի մինչեւ տարեվերջ։
Ինչպես նշում է Բաքվի «525» թերթը, բաքվեցի հայերից ոմանք Մոսկվայում կարողացել են ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, բայց շատերը դեռեւս շարունակում են ապրել անլեգալ պայմաններում։ Հատկապես վերջինների ԱՄՆ-ում վերաբնակեցում է նախատեսում Պետդեպարտամենտի պատրաստած ծրագիրը։ Թերթի համաձայն, հայերի թիվը, որոնք կարող են հավակնել ամերիկյան քաղաքացիության, հասնում է 600-ի։ Ինչպես գրում է թերթը, Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն մի քանի տարի գործում է «Բաքվի հայերի ընկերություն»։ Նրա ղեկավար Սվետլանա Կորսակովայի տեղեկատվությամբ, ընդամենը Մոսկվայում ապրում են մոտ 1700 հայեր, որոնք այստեղ են տեղափոխվել Ադրբեջանից 1989-1990 թթ.։
Սակայն, գրում է թերթը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է այդ տեղեկատվությունը, որը հաստատում է անգամ Մոսկվայի քաղաքապետարանը։