«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2002-07-12 | #130, 2002-07-13 | #131, 2002-07-16


ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺՈՂԻ՞, ԹԵ՞...

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանն «առաջադրում է հարցադրումներ»

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստի երկրորդ կեսն ամբողջությամբ զբաղեցրեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյան-տուժող Հայկ Բաբուխանյան հարց-պատասխանը։

Իսկ մինչ այդ դատարան էր ներկայացել ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։

Նա, չանդրադառնալով մանրամասներին, ներկայացրեց ահաբեկչության օրվա, գործով հայտնի, ընդհանրական նյութերը։ Անուղղակի ցուցմունք տալովՙ տուժողը վերապատմեց Արմենակ Արմենակյանի սպանության պատմությունըՙ ըստ պարետ Խաչիկ Հովհաննիսյանի։ Պարետն ու Արմենակյանը նստած են եղել նախասրահում, երբ դահլիճից կրակոցներ են լսվել։ Հետո դուրս է եկել Կարեն Հունանյանը, պահանջել, որ պառկեն։ Հովհաննիսյանը պառկել է, Արմենակյանըՙ ոչ, ինչի համար էլ կրտսեր Հունանյանը կրակել է նրա վրա։

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ, ահաբեկչությունն ուղղված է եղել «Միասնության» դեմ։ Պրն Ասլանյանը հատկապես ավելացրեց. «Բայց ես չէի ցանկանա «Միասնությունը» տարանջատել հանրապետության նախագահից»։

Տուժողը կենդանի վահան չի կանգնել, ինչ-որ զանգեր լսել է։

Հետաքրքրական էր Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի այն հարցը, որը վերաբերում էր հայտարարված համաներմամբ «27»-ի գործով մի քանի ամբաստանյալների ազատ արձակվելու հանգամանքին։ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, թե ինքը համոզված է եղել, որ համաներումը չի տարածվելու «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա։

Այս կապակցությամբ դատավորը նկատեց, թե ճիշտ չէ, որ ԱԺ փոխնախագահը չի իմացել, որ համաներումը կտարածվի «27»-ի գործով ամբաստանյալների վրա։

Ապա Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ հուլիսի 12-ին զինդատախազության քննիչներ են եղել իր մոտՙ անջատված մասով հարցաքննության համար։ Ավագ Հունանյանը հրաժարվել է, հայտարարելով, թե ոչինչ ավելին չունի ասելու, քան ասել է դատարանում։

Դատարան ներկայացած մյուս տուժողը Հայկ Բաբուխանյանն էր։

Նա պատմեց, որ Նաիրի Հունանյանին ճանաչել է նախապես, դեռեւս 1988 թ.-ից։ Արդեն հայտնի եւ կրկնվող տարբերակով ներկայացվեց ահաբեկիչների մուտքը, դահլիճում տիրող իրավիճակը։

Նաիրի Հունանյանն, ի թիվս այլոց, Հայկ Բաբուխանյանին նույնպես առաջարկել է ելույթ ունենալՙ դրսից հարձակում չլինելն ապահովելու նպատակով։ Տուժողը նման ելույթ չի ունեցել։

Այնուհետեւ տուժող Բաբուխանյանը դուրս է եկել դահլիճից, գնացել ԱԺ նախագահի աշխատասենյակ, այնտեղ հայտնել, որ հարձակում չլինի։ Վերադառնալովՙ նույնը հայտնել է ահաբեկիչներին։ Ապա կրկին դուրս է եկել դահլիճիցՙ նախագահին դահլիճ կանչելու ահաբեկիչների պահանջը հայտնելու։

Դրանից հետո տուժողն իջել է առաջին հարկ։ Այդ ժամանակ զանգահարել է Նաիրի Հունանյանն ու պահանջել, որ նա վերադառնա դահլիճ։ Այնուհետեւ բանակցություններին միացել է ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը։

Ցուցմունքից հետո, մինչեւ դատական նիստի ավարտը, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցերին։ Քանի որ Հայկ Բաբուխանյանի հետ կապված որոշ ցուցմունքներ կան, որոնք ի նպաստ չեն ԱԺ պատգամավորին, ուստի մեղադրող Մարտիրոսյանի հարցադրումներն էլ հիմնականում այդ ենթատեքստն ունեին, հիմնականումՙ անթաքույց։

Մեղադրողին հետաքրքրում էր, թե նման պարագայում տուժողն ինչո՞ւ չի ներկայացել դատարանՙ ամբաստանյալներին հարցեր տալու փուլում։ Քանիցս վերաձեւակերպված հարցը Հայկ Բաբուխանյանից նույն պատասխանը ստացավ. «Ես չեմ գտնում, որ տիրապետում եմ համապատասխան դատախազական կամ փաստաբանական հմտություններին, որ հարցեր տամ»։

Հաջորդ մի խումբ հարցերը վերաբերում էին «27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու եւ դրա գործունեության օրինականությանը։ Տուժողը մանրամասնեց, որ իր առաջարկը եղել է հանձնաժողով ստեղծել ոչ թե քր. գործը քննելու, այլ նախաքննության գործողությունների օրինականության հարցերով զբաղվելու նպատակով։

Մեղադրողի հաջորդ հարցախումբը վերաբերում էր Նաիրի Հունանյանիՙ ահաբեկչությունից մոտ մեկ ամիս առաջ Հայկ Բաբուխանյանի հետ հանդիպում ունենալու մասին ցուցմունքին։ Մեղադրող Մարտիրոսյանը հիշեցրեց նաեւ, որ գործում չկա տուժողի կողմից այդ ցուցմունքը հերքող ոչ մի փաստաթուղթ։ Նաիրի Հունանյանը, տուժողի հետ առերեսման ժամանակ, նշել է հանդիպման այնպիսի օր, երբ նա եղել է Ավստրիայում։ Հետաքրքրականը, թերեւս, դա չէ, այլ այն, որ Հայկ Բաբուխանյանն առերեսման ժամանակ չի նշել 1999 թ.-ի սեպտեմբերի վերջին իրՙ հանրապետությունից բացակայելըՙ այլուրեքությունը (ալիբին)։

Հայկ Բաբուխանյանը բացատրեց այսպես. առերեսման ժամանակ անհրաժեշտ չի համարել այդ մասին ասել Նաիրի Հունանյանի ներկայությամբ։ Բայց ավստրիական իր ուղեւորության մասին տուժողը հայտնել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ գործով քննիչ Այվազյանին, որոնց մոտ ինքը բերման է ենթարկվել Գյումրի գնալու ճանապարհինՙ Ուջան գյուղի մոտ։

Հարցերի հաջորդ խումբը վերաբերում էր այն ցուցմունքներին, ըստ որոնց Հայկ Բաբուխանյանը եւ Նաիրի Հունանյանը գրկախառնվել կամ կիսագրկախառնվել են դահլիճում։ Անգամ տուժող Արամայիս Բարսեղյանի մեջ տպավորություն է առաջացել, թե Բաբուխանյանն ահաբեկիչներից մեկն է։

Այս կապակցությամբ տուժողը նշեց, որ նման ցուցմունք տվողներից ոմանք, օրինակՙ լրագրող Նարինե Դիլբարյանը, ներողություն են խնդրել իրենից, քանի որ նախաքննության ընթացքում քննիչն է իր հարցերով թյուրիմացության մեջ գցել Դիլբարյանին։

Ինչ վերաբերում է Արամայիս Բարսեղյանի ցուցմունքին, ապա տուժողը հայտարարեց առավել խիստ. «Բարսեղյանը թերզարգացած ուղեղ ունի, նրա ասածը լուրջ չեմ համարում»։

Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ, ահաբեկչությունը «սարսափելի ոճրագործություն էր ե՛ւ անձերի, ե՛ւ պետության հանդեպ»։ Տուժողը կարծիք հայտնեց, որ ահաբեկիչների գործողությունները եղել են նպատակային, իսկ գլխավոր նպատակն է եղել երկրի առանցքային դեմքերի սպանությունը։

Չորեքշաբթի նիստը կշարունակվի նույնՙ մեղադրող-տուժող հարց-պատասխանով։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4