«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2002-07-12 | #130, 2002-07-13 | #131, 2002-07-16


ԵՐԲ ՓՈՐՁԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ

Այսպիսով, հուլիսի 12-ին ավարտվեց ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման փուլը, եւ դարձյալ հրապարակում 4 հոգի ենՙ Արկադի Ղուկասյան, Արթուր Թովմասյան, Ալբերտ Ղազարյան եւ Գրիգոր Աֆանասյան։

Չգիտես ինչու, ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի հայտը ԿԸՀ ներկայացվեց օրենքով սահմանված ժամկետի ավարտից հաշված ժամեր առաջ։

Մինչեւ ԿԸՀ-ի պաշտոնական պատասխանը ստանալը, Հրանտ Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում փորձում էր պնդել, որ կուսակցության համապատասխան որոշման պարագայում 1500 ստորագրությունների առկայությունը պարտադիր չէ։ Իսկ երբ նույն օրվա երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ի վերջո մերժեց ՍԻՄ-ի նախագահի թեկնածությունը, հիմք ընդունելով ստորագրությունների բացակայությունը, Կ. Միրզոյանը միանգամայն հանգիստ ընդունեց դա։ Ավելին, նա հրապարակայնորեն խոստովանեց, որ հապաղումն իր մեղքով է եղել, քանի որ ինքը կարծում էր, թե դեռեւս 7 օր կա մինչեւ թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը։ Կ. Միրզոյանը նաեւ իր գոհունակությունն արտահայտեց ԿԸՀ անդամներիՙ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի առթիվ։

Ամեն ինչ, անշուշտ, պատշաճորեն ու օրենքի սահմաններում էր, բայց արդյոք ճանաչված քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանն ուզում էր ԼՂՀ նախագահի աթոռին տիրանալու համար իրո՞ք մտնել ընտրապայքարի մեջ։ Նրա մասնակցությունն, անկասկած, ավելի կակտիվացներ ընտրական գործընթացը, քանի որ ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի մյուս երեք մրցակիցները, ըստ իրավիճակային տրամաբանության, հազիվ թե մրցունակ թեկնածուներ են համարվում։

Միեւնույն ժամանակ, ընտրություններում անհրաժեշտ ձայներ վաստակելու Հրանտ Խաչատրյանի հնարավորությունը, մեղմ ասած, կասկածելի է, որովհետեւ Արցախի ընտրաակտիվը ամենից առաջ կարեւորում է, այսպես կոչված, յուրայինի պարագան։ Եվ խնդիրն այստեղ անպայման քաղաքացիություն կամ տեղական գրանցում ունենալը չէ, քանզի այս երկու գործոնները սկզբունքային նշանակություն կարող են ունենալ միայն ԿԸՀ-ականների համարՙ օրենքի տեսանկյունից։ Իսկ ահա պատերազմ ապրած Արցախի ժողովրդին առավելապես հուզողն իր հետագա ճակատագիրն է, եւ այս առումով շատ էական է, թե առաջիկա հինգ տարում ով պիտի տնօրինի երկրի ճակատագիրը։

Այս իրողությունից արտածվող հանգամանքները կայի՞ն ՍԻՄ-ի քաղաքական հաշվարկում, թե՞ դա սոսկ մարտավարական ձեռնարկում էրՙ միտված 2003 թ.-ի ընտրությունների մեծ պայքարին։

Երկու դեպքում էլ, կարծում ենք, հետեւողականությունն ակնհայտ է, եւ դա առաջիկայում ավելի կընդգծվի։

Ի լրումն, տեղեկացնենք նաեւ, որ մինչեւ շաբաթավերջ ԿԸՀ-ականները կզբաղվեն ընդունված կարգով ստորագրությունների իսկության ստուգմամբ։ Այդ գործընթացն արդեն սկսված է։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4