«Գնալու եմ քվեարկության, որովհետեւ չեմ ուզում, որ անցնի չընտրվածը», լրագրողի հարցին նման պատասխան էր տվել մի բնակիչՙ հունիսի 30-ին Երեւանի 3 համայնքներում տեղի ունեցած տեղական ընտրություններից առաջ։
Նախկինում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու կապակցությամբ որեւէ հարց տալիս ի պատասխան լսում էինք, թե գնալ-չգնալը նշանակություն չունի, քանի որ իրենց ձայնը դեր չի խաղում։ Որքան էլ անսպասելի լինի, բայց այսօր արդեն հարցերին պատասխանող սովորական բնակիչների մի որոշ մաս մտածում է վերը նշված տարբերակով, այսինքնՙ շատերն են պատրաստվում այսուհետեւ անպայման մասնակցել ընտրություններին։
Սա, իհարկե, ողջունելի է։ Սակայն հայաստանյան լրատվամիջոցների մի քանի լրագրողների կողմից հարցված մոտ 200 քվեարկողների պատասխանները, թե ինչու են ընտրել այս կամ այն թեկնածուին, որոշ առումով նաեւ հակասում էին անպայման քվեարկության գնալու տեսակետին։ Հարցումը, որ գիտական կոչվելու ոչ մի հավակնություն չի ունեցել, բայց հնարավորություն է ստեղծել հավաքել որոշ կարծիքներ, կատարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքումՙ թաղապետի ընտրության քվեարկությունից հետո։
Հարցվածների զգալի մասն իր ձայնը տվել էր գործող թաղապետ Աղվան Գրիգորյանին (ՀՀԿ)։ Ընտրությունը կատարելու հիմնավորումները բազմազան էին։ Որոշ դեպքերում էլ պատասխաններն ավելի շուտ պատճաբանություն են, քան հիմնավորում։
Համայնքի բնակիչներից ոմանք ընտրել էին Աղվան Գրիգորյանին, որովհետեւ «Փորձած թանը անփորձ մածնի հետ չեն փոխի», «Իմ աչքի տեսածով եմ դատում», «Քաղաքացիական պարտավորություն եմ կատարում», «Թող ինքը մնա, նորը կգա, էլի կսկսի ուտել...», «Ըստ Աստծո կամքի» եւ այլն։
Թաղապետի թեկնածու էր նաեւ Սպարտակ Ասոյանը (ՀՅԴ)։ Նրան ձայն էին տվել, որովհետեւ «Գռփողներից չէ», «Անձնապես ծանոթ եմ», «Խորհուրդ եմ հարցրել հարեւանիցս, քաղաքագետ է», «Ամուսնուս նման», «Պապս է ասել, որ քվեարկեմ դաշնակի օգտին. նրանք հայրենասեր են», «Հանրապետականները պիտի գնան, ոչ իրենց լիդերն է մի բան, ոչ մեր թաղապետը»։
Վերջին թեկնածուն Մամիկոն Մնեյանն էր։ Նրան տրված ձայները քիչ էին, եւ եղած ձայներն էլ հիմնավորում էին այսպես. «Ընտանիքից երկուսը քվեարկել են Աղվանի օգտին, երկուսըՙ Մնեյանի», «Գործողի դեմ եմ քվեարկել, քանի որ որոշ առումներով ինձ չի գոհացնում։ Դաշնակցականներին էլ չեմ հավատում» եւ այլն։
Ընտրողների արտահայտած նման կարծիքները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ ապագա տեղական, խորհրդարանական ու նախագահական ընտրություններում, նախ, բարձր կլինի ընդհանրապես ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը։ Կփոխվի նաեւ մոտեցումն ընտրական գործընթացին, այսինքնՙ ցուցաբերելով մասնակցությունՙ ՀՀ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, այլ ոչ թե քվեաթերթիկները կթողնեն չլրացված։
Այս ամենն, իհարկե, ենթադրություններ են, որ կարող են իրականություն չդառնալ։ Բայց որ ընտրազանգվածի մտածելակերպում տեղի է ունենում որոշակի փոփոխություն, դա թերեւս ենթադրություն չէ, այլ իրականություն։ Ընդ որում, փոփոխությունը վերաբերում է այնպիսի մի հիմնախնդրային ոլորտի, ինչպիսին է ընտրությունների, դրանց արդարության ու թափանցիկության նկատմամբ հավատի հարցերի շրջանակը։
Որոշ ընտրողներ ոչ միայն գնում են ընտրության, այլեւ նախընտրում են քվեարկել «աչքի տեսածով» եւ ոչ թե լսած խոստումներով եւ, ամենակարեւորը, ընտրակաշառքով։
Չեմ կարծում, թե ընտրակաշառքն իսպառ դերակատարում չի ունենա ապագա ընտրական պայքարում, բայց ընտրազանգվածի մտածելակերպում նման դրական փոփոխությունները հույս են տալիս, որ ընտրողը վերջապես կհասկանա ընտրակաշառքի սնանկությունն ու նման նախապայմանով քվեարկելու հանցավորությունը։ Ընդ որումՙ հանցավորությունն իր իսկ անձի նկատմամբ։
Ա. Հ.