Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Կոտայքի մարզ կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով իրեն ուղեկցող լրագրողների հարցերին, մասնավորապես ընդգծեց, թե ինքը միանգամայն հանգիստ է վերաբերվում ՀՀՇ-ի քաղաքական ակտիվացման փորձերին։ Ըստ նախագահիՙ ընտրություններ են գալիս, ՀՀՇ-ն վերջին տարիներին մի տեսակ դուրս էր մնացել քաղաքական դաշտից, իսկ հիմա ակտիվանում է եւ «զարմանալի կլիներ, եթե ակտիվություն չցուցաբերեր»։ Սա նախագահը բնական էր համարում, խնդիրը դիտարկելով ՀՀՇ-ի, իբրեւ քաղաքական կուսակցության, հավակնությունների տեսանկյունից, չզլանալով հավաստել, թե կպայքարի նաեւ ՀՀՇ-ի թեկնածուի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Ողջ հարցը հենց այդ «եթե»-ի մեջ է, քանզի այս դեպքում ենթադրվում է, որ ՀՀՇ-ն առաջիկա նախագահական ընտրություններին կներկայանա սեփական թեկնածուով։ Ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն։ ՀՀՇ-ն առ այսօր, ըստ իս, չունի ավելի վառ արտահայտված լիդեր, քան նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Իմ դիտումներով, ցանկացած այլ թեկնածուի առաջադրման դեպքում ՀՀՇ-ի պարտությունը շատ ավելի շռնդալից կլինի։ Բայց ընտրազանգվածի տրամադրություններին քիչ թե շատ ծանոթ ամեն մեկի համար ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում էլ այդ պարտությունը երաշխավորված է. ժողովուրդը չի ներել եւ, կարծում եմ, երբեք չի ների 1-ին նախագահինՙ անչափ շատ բաների համար։ Ինքըՙ նախկին նախագահը, նմանօրինակ «հաշվարկներ» կատարելու լուրջ ընդունակություն ունի, մշտապես աչքի է ընկել անսահման զգուշավորությամբ (եթե ավելի խիստ չասեմ), հետեւաբար խիստ կասկածելի է, որ նա համաձայնի առանց լուրջ երաշխիքների կրկին հրապարակ իջնել։
Երկրի ներսում նման երաշխիքներ Լեւոն-Տեր-Պետրոսյանին ոչ ոք տալ չի կարող։ Զուտ հանուն իր կուսակցության վարկանիշի թեկուզեւ աննշան բարձրացման, նախագահական ընտրություններին մասնակցելու միջոցով ժողովրդին իր կուսակցության գոյությունը հիշեցնելու նպատակով խաղի մեջ մտնելու անձնազոհությունը նույնպես հազիվ թե բնորոշ է Տեր-Պետրոսյանի մարդկային նկարագրին։ Նման գլադիատորական դերը վերջինս հաճույքով կզիջի ՀՀՇ-ի այլ գործիչների։ Տեր-Պետրոսյանը հրապարակ կգա միայն այն դեպքում, եթե ստանա դրսի՛ երաշխիքները, այն էլՙ բավական ծանրակշի՛ռ երաշխիքները։ Ո՞վ կարող է տալ այդպիսի երաշխիքՙ Արեւմո՞ւտքը, Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն։ Առաջին երկուսը բացառվում են, Ռոբերտ Քոչարյանն ամենեւին էլ անցանկալի չէ մեկին կամ մյուսին։ Երրորդիՙ Թուրքիայի համար Տեր-Պետրոսյանը, անշուշտ, ավելի ցանկալի կլիներ, բայց վերջինիս քաղաքական ազդեցությունը Հայաստանում, փառք Աստծո, զրոյական է։ Ինչ վերաբերում է դրսի որոշ օլիգարխների ֆինանսական հնարավոր աջակցությանը, որի մասին «Ազգը» մի քանի անգամ արդեն գրել է, ապա այդ աջակցությունը հազիվ թե այնքան մեծ լինի, որ էական ազդեցություն գործի ընտրաձայներն անհրաժեշտ չափով «գնելու» գործընթացի վրա։
Հետեւաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախագահության թեկնածուՙ չափազանց կասկածելի է, գրեթե անհավանական։ Իսկ ա՛յ, որեւէ այլՙ Քոչարյանին մրցակից թեկնածուի պաշտպանությունը ՀՀՇ-ի կողմից, ֆինանսական եւ քարոզչական միջոցներով, միանգամայն հավանական է։ Բայց այդպիսի աջակցությունը հարկ կլինի խնամքով թաքցնել, քանզի բավական է, որ ընտրազանգվածն իմանա, թե տվյալ թեկնածուին սատարում է ՀՀՇ-ն, որպեսզի նրա պարտությունը կանխորոշված լինի։ Կկարողանա՞ ՀՀՇ-ն թաքցնել այդպիսի աջակցությունը։ Հազի՛վ թե։ Այս «աղբյուրից» սնվող լրատվամիջոցները հայտնի են, իսկ այլ լրատվամիջոցներ «գնելու» պարագայում մախաթը պարկում թաքցնել չի լինի։ Ահա այսպես. ՀՀՇ-ն, որպես գործող նախագահին ամենից ավելի մոլեգնորեն ատող քաղաքական ուժ, կամա-ակամա ամենամեծ «ծառայությունն» է մատուցելու նրան առաջիկա ընտրություններում։
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ