«Արվեստս անհատական պատմություն է ներկայացնում։ Հացը, որ կյանքի ավիշն է, խլված էր իմ նախնիներից։ Իմ կտավներում հացը խորհրդանշում է բռնության զոհերին։ Փորձում եմ հացն անմահացնելով անմահացնել նաեւ մեր բոլոր զոհերի հիշատակը», այսպես է արտահայտվում ամերիկահայ արվեստագետ Աբո Թորոսյանը, որի «Bread Series»ՙ հացի մասին պատմող կտավների շարքը հունիսի 3-ից մինչեւ հուլիսի 13-ը, Պիտֆիլդի քաղաքապետարանի հովանավորությամբ, ցուցադրվում էր Մասաչուսեթսի Պիտֆիլդ քաղաքի համայնքային արվեստի կենտրոնում։
Ըստ կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի, Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրված են Ամերիկայում, Կանադայում եւ Եվրոպայի տարբեր երկրներում։ Իսկ 2005-ին ծրագրված է, որ իր կտավներից մի քանիսը մաս կազմեն Գերմանիայի, Հոլանդիայի եւ Շվեյցարիայի տարածքներով անցնող շրջուն թանգարանային մի ցուցահանդեսի։