«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2002-07-12 | #130, 2002-07-13 | #131, 2002-07-16


ՄԻԱՅՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ

Այս համոզմանն է Սուրեն Բարսեղյանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանն արդեն բավական ժամանակ մարզչական հաջող գործունեություն է ծավալել Լիբանանում։ Երկրի ընթացիկ առաջնությունում նրա գլխավորած «Ալ Թադամոնը» դարձավ բրոնզե մրցանակակիր։ Վերադառնալով հայրենիք, Սուրեն Բարսեղյանն օրերս այցելեց «Ազգի» խմբագրություն, որտեղ կայացած հարցազրույցը ներկայացնում ենք ընթերցողներին։

¬ Պարոն Բարսեղյան, անցած տարի Լիբանանում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո վերադարձել էիք հայրենիք։ Ինչպե՞ս պատահեց, որ կրկին մեկնեցիք Լիբանան։

¬ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ առաջնությունից հետո ես էլՙ «Սալամի» մարզիչս, հայտնվել էի որակազրկվածների «սեւ ցուցակում» իբրեւ պայմանավորված խաղի մասնակից։ Հուրախություն համախոհներիս, ինձ բարի ցանկացողների, ճշմարտությունը հաղթանակեց, բոլորս վերականգնվեցինք մեր պաշտոններում, Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիայում էլ անհրաժեշտ փոփոխություններ կատարվեցին։ Հունվարին ինձ զանգահարեց Բեյրութի ՀՄՄ-ի նախագահ Միսաք Նաջարյանըՙ առաջարկելով ստանձնել թիմի ղեկը, որն անհաջող էր մեկնարկել։ Հաճույքով ընդունեցի հրավերը եւ մեկնեցի Բեյրութ։ Երեք շաբաթ անց հրավեր ստացա երկրի չեմպիոն եւ գավաթակիր «Ալ-Թադամոնից»։ ՀՄՄ-ի ղեկավարության համաձայնությամբ, տեղափոխվեցի «Ալ-Թադամոն»։

¬ Ձեր գլխավորությամբ «Ալ-Թադամոնն» 8-րդ հորիզոնականից բարձրացավ 3-րդ տեղը։ Որո՞նք են, ըստ Ձեզ, հաջողության գրավականները։

¬ Թիմն անհաջող էր սկսել մրցաշրջանը, ինչը նախապատրաստական շրջանում կատարած ոչ լիարժեք աշխատանքի արդյունք էր։ Մինչ 2-րդ շրջանի մեկնարկն առաջնությունում ընդմիջում էր հայտարարված, եւ դա մենք օգտագործեցինք նպատակասլացՙ կազմակերպելով ուսումնամարզական հավաքներ։ Ֆուտբոլիստների քրտնաջան մարզումները ցանկալի արդյունք տվեցին։ Առաջնությունում անցկացրած 13 հանդիպումներից 12-ը շահեցինք, իսկ երկրի ապագա չեմպիոն «Նժմեի» հետ խաղն ավարտեցինք ոչ-ոքի (1¬1)։ Այդ խաղում մենք մոտ էինք հաղթանակին։ Չնայած 10 հոգով էինք խաղում, շահում էինք հանդիպումը։ Միայն խաղավարտից 6 րոպե առաջ մրցակցին հաջողվեց խույս տալ պարտությունից։ Այնպես որ, հնարավորություն ունեինք նույնիսկ չեմպիոն դառնալ, եթե այդ խաղում հաղթեինք։ Բայց 3-րդ տեղն էլ գոհացրեց ակումբի ղեկավարությանը։

¬ Տեղյակ եմ, որ Ձեզ ճանաչել են Լիբանանի լավագույն մարզիչներից մեկը...

¬ Լավագույնների ցանկում 2-րդն էի։ Առաջինն արծաթե մրցանակակիր «Հեքմեի» գերմանացի մարզիչ Բուկերն էր, որն անցյալ տարի գլխավորում էր Լիբանանի ազգային հավաքականը։

¬ Ի դեպ, խոսակցություններ կային, որ Ձեզ ցանկանում են հրավիրել գլխավորելու Լիբանանի ազգային հավաքականը։

¬ Նման խոսակցություններ եղել են եւ ներկայումս էլ տարվում են։ Եթե նույնիսկ ինձ չհրավիրեն որպես գլխավոր մարզիչ, ապա ցանկանում են ինձ տեսնել գոնե խորհրդատու-մարզչի դերում։

¬ Ինչո՞վ կբացատրեք հայկական թիմերիՙ ՀՄՄ-ի եւ ՀՄԸՄ-ի անհաջողությունը, որոնք հրաժեշտ տվեցին բարձրագույն խմբին։

¬ ՀՄԸՄ-ի անհաջողության հիմնական պատճառը թերեւս մարզիչների հաճախակի փոփոխումն էր, ինչը բացասաբար ազդեց թիմի խաղամակարդակի վրա։ ՀՄՄ-ի անհաջողությունը կարող եմ կապել լիբանանյան առաջնության ներքին խոհանոցի հետ։ Ցավոք սրտի, եղան որոշ թյուրիմացություններՙ կապված ՀՄՄ-ի անցկացրած խաղերի հետ, որ թույլ չտվեցին, որ թիմը պահպանի իր տեղը բարձրագույն խմբում։ Կարող եմ ասել, որ Գեւորգ Կարապետյանը վատ աշխատանք չէր կատարել։ Ինչեւէ, հուսով եմ, որ երկու թիմերն էլ կվերադառնան ուժեղագույնների խումբ։

¬ Լիբանանում կարծես արդեն ավանդույթ է հայաստանցի ֆուտբոլիստների մասնակցությունը երկրի առաջնությանը։ Ինչպե՞ս դրսեւորեցին նրանք իրենց։

¬ Ես կասեի ոչ թե ավանդույթ է, այլ հայաստանցի ֆուտբոլիստները տոն են տալիս առաջնությանը։ Նրանք չեն կարող իրենց լավագույն կողմերով չդրսեւորել։ Այդ պատճառով էլ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչներինՙ լինեն ֆուտբոլիստներ, թե մարզիչներ, սիրով են հրավիրում ակումբները։ Գրեթե բոլորն էլ իրենց թիմերի առաջատար խաղացողներից են։ «Հեքմեում» դա Վարդան Ղազարյանն է, մրցաշրջանի սկզբում առաջնության լավագույն ռմբարկուների կազմում էր, հետո, ցավոք, վնասվածք ստացավ։ Շատ լավ տպավորություն թողեց մեր թիմի փորձառու ազատ պաշտպան Գուրգեն Ենգիբարյանը, որը մեծ ծավալի աշխատանք էր կատարումՙ դրսեւորելով մեծ վարպետություն։ ՀՄՄ-ում հանդես եկող Համլետ Մխիթարյանը մրցաշրջանի արդյունքներով պետք է ճանաչվեր լավագույն լեգեոները, սակայն վերջին պահին, չգիտես ինչու, փոխեցին որոշումը։ Նրա թիմակիցներ Գագիկ Սիմոնյանը, Վիգեն Աբրահամյանը, Գեւորգ Կարապետյանն էլ իրենց վատ չդրսեւորեցին։ ՀՄՄ-ում առաջին շրջանում լավ խաղ էր ցուցադրում 43-ամյա Սամվել Պողոսյանը, որը 2-րդ շրջանում թիմում անցավ մարզչական աշխատանքի։ «Ախայում» իր վարպետությամբ առանձնացավ Արտաշես Ադամյանը։

¬ Նոր մրցաշրջանը հեռու չէ։ Ինչպիսի՞ն են հետագա ծրագրերը։

¬ Հայաստանում գտնվելիս տեղեկացա, որ հրաժարական է տվել «Ալ-Թադամոնի» նախագահ Ալի Ահմեդը, որը փոխնախագահ Շարիֆի հետ մեծ գործունեություն էր ծավալել իսկապես ուժեղ պրոֆեսիոնալ թիմ ստեղծելու համար։ Թիմից հեռացել են 4¬5 առաջատար ֆուտբոլիստներ։ Փաստորեն, ինձ կրկին կազմակերպչական մեծ ծավալի աշխատանք է սպասում, գործնականում անհրաժեշտ կլինի նոր թիմ կազմավորել։ Անհամեստություն չթվա, սակայն դա ինձ համար նորություն չէ, նման իրավիճակներում հաճախ եմ հայտնվել։

¬ Հայաստանից ֆուտբոլիստներ հրավիրելո՞ւ եք։

¬ Նման միտք կար։ Ցանկանում էի Արմեն Շահգելդյանին հրավիրել, բայց այս տարի որոշել են լեգեոներների թիվը սահմանափակել երկուսով։ Թիմում արդեն մեկ լեգեոներ կա, մյուսը կլինի Համլետ Մխիթարյանը։ Այդ հարցը «Արարատ» ակումբի հետ համաձայնեցված է։

¬ Իսկ Հայաստանում աշխատելու հրավեր չե՞ք ստացել։

¬ Անմիջական բանակցություններ չեն վարվել, թեեւ խոսակցություններ եղել են։ Սակայն ես «Ալ-Թադամոնի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ, ուստի չեմ կարող խախտել։

¬ Անշուշտ, դիտել եք ՀՀ առաջնության հանդիպումները։ Կխնդրեի համեմատել հայկական եւ լիբանանյան ֆուտբոլը։

¬ Նախկինում միանշանակ պատասխանում էի, որ հայկական ֆուտբոլի խաղամակարդակն ավելի բարձր է։ Այսօր մի տեսակ դժվարանում եմ պատասխանել։ Լիբանանյան ֆուտբոլը թեեւ դանդաղ, բայց զարգանում է, իսկ հայկականը կարծես դոփում է տեղում։ Ճիշտ է, օտարերկրացի մարզիչների, ֆուտբոլիստների հրավերքը մի տեսակ աշխուժացնում է մեր ֆուտբոլը, բայց խաղամակարդակը բարելավելու, վերելքի մասին առայժմ վաղ է խոսելը։ Մի առիթով ասել եմ, որ ֆուտբոլում երկու ուժեր կանՙ կազմակերպչական եւ շարժիչ։ Կազմակերպչականը դրանք ֆուտբոլի ֆեդերացիան, ակումբի նախագահներն ու հովանավորներն են, շարժիչ ուժերըՙ մարզիչներն ու ֆուտբոլիստները։ Նրանք միմյանց հետ պետք է համընթաց քայլեն, համաչափ զարգանան, որպեսզի արդյունք լինի։

¬ Իսկ ազգային հավաքականի հնարավորություններն ընտրական մրցաշարում ինչպե՞ս կգնահատեք։

¬ Ես կրկին իմ կարծիքին եմ մնում, որն արտահայտել եմ դեռեւս երկու տարի առաջ։ Այսօր հավաքականի առջեւ լուրջ խնդիրներ դնելն անհնարին է, մինչեւ ֆուտբոլիստների խաղամակարդակը չհասցվի միջազգային չափանիշներին։ Իսկ միայն զգացմունքներով ու ցանկություններով արդյունքի չենք հասնի, չնայած դրանք էլ անհրաժեշտ խթաններ են։ Ամեն ինչ որոշում է ֆուտբոլիստների խաղամակարդակը։ Կարծում եմ, ֆուտբոլիստների ներուժը թույլ կտա, որպեսզի ընտրական այս մրցաշարում հավաքականը որոշ չափով հաջող հանդես գա, սակայն ուղեգրի համար պայքարելը ռեալ չեմ համարում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4