«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2002-07-13 | #131, 2002-07-16 | #132, 2002-07-17


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԹՀՀՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Ասել է հանձնաժողովի հայ անդամներից Դավիթ Հովհաննիսյանը

Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (ԹՀՀՀ) անդամները հուլիսի 11¬13-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացրած հանդիպման ընթացքում չեն կարողացել միաձայն որոշում կայացնել հանձնաժողովի գործունեությունը շարունակելու հնարավորության մասին, «Արմինֆո» գործակալությանն ասել է ԹՀՀՀ-ի հայ անդամներից Դավիթ Հովհաննիսյանը։

Բոդրումյան հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպումների ձեռքբերումները։ Դեսպան Հովհաննիսյանը շեշտել է, որ կատարվել է վերլուծական լուրջ աշխատանք, մի քանի շատ կարեւոր խնդիրներ են քննարկվել, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, երկաթուղու ապաշրջափակման եւ երկկողմ տնտեսական կապերի հաստատման հնարավորությունները, Աղթամարի եւ Անիի ճարտարապետական հուշարձանների վերականգնման հարցը։ Պրն Հովհաննիսյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել ԹՀՀՀ-ի աշխատանքը, կարծիք հայտնել, թե Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամը չի անդրադառնա հանձնաժողովի գործունեությանը։

Բոդրումի հանդիպման ընթացքում, «Արմինֆոյին» ասել է Դավիթ Հովհաննիսյանը, անգամ չի քննարկվել ԹՀՀՀ-ի հաջորդ հանդիպումն անցկացնելու հարցը։ Այս պահին, նշել է դեսպանը, չափազանց վաղ է խոսել հերթական հանդիպումը կազմակերպելու մասին, երբ դեռեւս չի գնահատվել այն, ինչին արդեն հասել են։

Թե ինչ ձեռքբերումների մասին է խոսքը, պրն Հովհաննիսյանը չի մանրամասնում։ Պետք է ենթադրել, որ ձեռքբերումներից մեկը ԹՀՀՀ-ն ապագայում եւս կենդանի պահելն է։ Պաշտոնական Երեւանը, ի դեմս արտգործնախարար Օսկանյանի, քանիցս շեշտել է, որ հայկական իշխանությունները ԹՀՀՀ-ի կարիքը չեն զգում։ Բայց չէ՞ որ ԹՀՀՀ-ի կարիքը զգում է, ոչ առաջվա պես, անշուշտ, ԱՄՆ-ը։ Այնպես որ, անհրաժեշտության դեպքում Պետքարտուղարությունը հապշտապ կարող է վերակենդանացնել հանձնաժողովը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4