Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղերի նախագահությունների մեկ շաբաթ առաջ կայացած ընդհանուր նիստումՙՙ ունեցավ Մշակութային կապերի հայկական ընկերակցության դահլիճում, հայտարարվեց երկու ակադեմիաների հայաստանյան մասնաճյուղերի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի եւ նրա ասպիրանտ Վիկտոր Խաչատրյանի հայտնագործության մասին, հանձնվեցին հեղինակային իրավունքի վկայականներն ու մեդալները։
Գիտական հայտնագործության առիթով «Ազգը» հանդիպեց պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի հետՙ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով։ Եվ այսպես, ո՞րն է հայտնագործության էությունը։ Պրոֆեսորը հայտնագործել է Օ-նիտրոֆենոլի մինչ այժմ չբացահայտված հատկությունը, որն անհրաժեշտ է ընտրողական դեսիլիլացման պրոցեսում։ Դա հնարավորություն է ընձեռում ստանալու հակաուռուցքային դեղամիջոցների պատրաստման համար անհրաժեշտ բիոգեննուկլեոզիդների միացությունը։ Վերոհիշյալ ռեակցիայի նոր մոդիֆիկացիան քիմիական գիտության մեջ մոտ ապագայում կանվանվի Հիլբերտ-Ջոնսոն-Մելիք-Օհանջանյանի ռեակցիա։ Այն լայնորեն կիրառվում է Ռուսաստանի, Մ. Նահանգների, Ճապոնիայի եւ այլ երկրների լաբորատորիաներումՙ կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզման նպատակով։ Այդ հետազոտությունների հիման վրա պրոֆ. Մելիք-Օհանջանյանը ստեղծել է հակաուռուցքային նոր պատրաստուկՙ օժտված ոսկրածին ուռուցքների վրա հզոր ռադիոսենսիբիլիզացնող ազդեցությամբ։ «Նիտրոֆուր» անվամբ այդ պատրաստուկը շուտով կկիրառվի բժշկական պրակտիկայում։
Գիտական նոր հայտնագործությունը լայն ասպարեզ է բացում կենսաբանական ակտիվ միացությունների ստացման համար եւ նորարարությամբ համապատասխանում է ժամանակակից գիտության պահանջներին։ Հայտնագործության առաջնությունը պաշտպանվել է հեղինակային իրավունքով 1983 թ., որը հրապարակվել է «Ուռուցքի քիմիաբուժությունը ԽՍՀՄ-ում» գիտական ամսագրում (1985 թ., N 42)։ Հավելենք, որ պրոֆ. Ռաֆայել Մելիք-Օհանջանյանն ավելի քան 200 գիտական աշխատանքների ու հոդվածների, ինչպես նաեւ 30 գյուտերի հեղինակ է։ Վերջին տարիներին պրպտուն գիտնականը զբաղվում է նաեւ չինական հնագույն բժշկության մեջ հայտնի «Ռեյշի» սնկի ուսումնասիրությամբ, որը Ճապոնիայում առաջ բերեց գիտահետազոտական մեծ հետաքրքրություն։ Նրան շնորհվել են միջազգային բազմաթիվ գիտական կենտրոնների պատվավոր պրոֆեսորի կոչումներ ու շքանշաններ, «Գիտության ասպետի» տիտղոս։ Իսկ գիտական հայտնագործության առիթով նրան շնորհվեց Ռուսաստանի ԳԱ «Գիտական հայտնագործության հեղինակին» հուշամեդալ, որը կրում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Պյոտր Կապիցայի անունը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ