Հուլիսի 17-ին «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության նիստը սկսվեց տուժող Հայկ Բաբուխանյանին մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի ուղղած հարցերով։ Ընդհանուր առմամբ, երեկվա նիստի ընթացքում առաջադրված հարցերի մի զգալի մասին Հայկ Բաբուխանյանը պատասխանում էր «չեմ հիշում»-ով։
Այնուամենայնիվ, որոշ պատասխաններ եղան։ Մասնավորապես, Հայկ Բաբուխանյանը նշեց, թե փորձ է արվել նախաքննությունը տանել այլ ուղղությամբ թեկուզ այնքանով, որ ձերբակալվել, հետո ազատ են արձակվել որոշ մարդիկ։
Նախաքննության շեղման հետ կապված մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի մի շարք հարցերից հետո տուժողը դիմեց դատավորին. «Պրն Մարտիրոսյանը տալիս է նույն հարցը, ստանում նույն պատասխանը»։ Պրն Բաբուխանյանը նշեց, որ նման վարվելակերպը ձգձգում է դատավարությունը եւ ցանկություն հայտնեց, որ նման հարցերը չկրկնվեն։ «Սա ինձ համար անհայտ միտում է պարունակում», ասաց տուժողը։
Մեղադրող պրն Մարտիրոսյանը սկսեց բացատրել հարցադրումների կոնտեքստը։ Դատավորն առաջարկեց տալ կոնկրետ հարցեր։ Հայկ Բաբուխանյանն իր դժգոհությունը հայտնեց եւս մեկ անգամ, համարելով, որ ինքը հստակ պատասխան է տալիս նույնաբովանդակ հարցերին։
Պատասխանելով մեղադրող Գագիկ Ավետիսյանի հարցերինՙ Հայկ Բաբուխանյանը մի քանիսին արժանացրեց «չեմ հիշում»-ի։ Մյուսներին էլ պատասխանեց, ասելով, որ իր առաջին հարկ իջնելուց հետո իրեն զանգահարել են, առաջինը խոսել է Գագիկ Կոստանդյանը, ապա նորՙ Նաիրի Հունանյանը։
Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը փորձեց պարզել, թե ինչպես է ԱԺ նիստերի դահլիճ մտել տուժողը, երբ։ Այս հարցերը հիմնականում չհիշելու ոլորտից էին։ Բայց Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՀ նախագահին է փոխանցել միայն ահաբեկիչներիՙ Ալեքսան Հարությունյանի հետ կապված պահանջը, իսկ սրա-նրա հետ կապվելու պահանջների մասին չի հայտնել։ Ալեքսան Հարությունյանի մասին էլ հայտնել է, քանի որ պահանջը եղել է կոնկրետ։
Մի որոշ ժամանակ էլ Աշոտ Սարգսյանի եւ Հայկ Բաբուխանյանի միջեւ հարց-պատասխան եղավՙ կապված նախաքննության ապակողմնորոշման «սցենարիստի» ով եւ ինչպիսին լինելու հետ։
Ինչ վերաբերում է Գագիկ Կոստանդյանի այն ցուցմունքին, ըստ որի ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը դահլիճում իրեն ասել է. «Հայկը (ենթադրվում էՙ Բաբուխանյան- Ա. Հ.) մեր վրից թռավ», ապա հարցից հետո նույն Էդիկ Գրիգորյանն ասաց, որ ժխտում է իր կողմից նման արտահայտություն արած լինելը։
Հայկ Բաբուխանյանը հայտնեց, որ նման արտահայտության մասին լսել է, եւ դա բացատրում է նրանով, որ տվյալ պահին մտածել են, թե ինքը թույլ է գտնվել։
Մեղադրող Արմեն Հարությունյանի հարցը վերաբերում էր Նաիրի Հունանյանի նախաքննական այն ցուցմունքին, որում նշվում է ավագ Հունանյանի կազմած «աշխատել կարողացող» մարդկանց ցուցակի մասին։ Մասնավորապես, որ այդ ցուցակում նշված է նաեւ Հայկ Բաբուխանյանի անունըՙ «համախոհ» հավելումով։
Նաիրի Հունանյանն այս կապակցությամբ շտապեց հիշեցնել, որ ինքը հրաժարվել է այդ ցուցմունքից։ Իսկ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ իր համար նորություն չեն նախաքննության ընթացքում իր դեմ կազմակերպված կեղծ ցուցմունքները ե՛ւ Նաիրի Հունանյանի, ե՛ւ այլոց կողմից։ Թե ինչու է նման բան կազմակերպվել, տուժողը բացատրեց այսպես. «Դա արվում է քաղաքական շատ հեռուն գնացող նպատակներով, նաեւ, որ բիծ դրվի ինձ վրա, իմ կուսակցության, իմ ղեկավարած թերթի («Իրավունք»- Ա. Հ.) վրա»։
Ցուցմունքի վերջում տուժողը հանդես եկավ հայտարարությամբ։ Նախ, նա հայտնեց, որ զարմանում է մի շարք հարցերի վրա այդքան երկար կանգնելու համար, այն դեպքում, երբ իր իսկ համար «մութ» հարցերի լինելիությունը ոչ մեկին չհետաքրքրեց։ «Մութ» հարցերը ձեւակերպվեցին 5 հարցի տեսքով. 1. ինչո՞ւ չստուգվեց Սամվել Բաբայանի գրած նամակի գոյությունը, բայց ԱԺ-ում կազմակերպվեց «մասկի-շոու», եւ ճնշում գործադրելով ԱԺ-ի վրաՙ ձերբակալվեց Մուշեղ Մովսիսյանը, 2. ինչո՞ւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում Մուշեղ Մովսիսյանի, Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի ձերբակալման եւ կտտանքների համար, 3. ինչո՞ւ Նաիրի Հունանյանը հետագայում հրաժարվեց որոշ ցուցմունքներից, 4. ո՞ւմ համակարգմամբ մի շարք անձինք Բաբուխանյանի դեմ տվել են զրպարտչական ցուցմունքներ, հետոՙ ներողություն խնդրել, 5. ինչո՞ւ համաներումը վերաբերեց նաեւ «27»-ի գործով ամբաստանյալներին։
Հայտարարության տպավորությունն ավելի շուտ զուտ քաղաքական էր, թեեւ հնչեց դատարանում։ Այն ավարտվեց նույնպես քաղաքական որակմամբ. «Նախաքննությունը քննությունը տարել է այլ ուղղությամբ, եւ երբեմն վերածել քաղաքական մահակի»։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ