«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2002-07-16 | #132, 2002-07-17 | #133, 2002-07-18


ԺԴԿ-Ն ԴԱՇՆԱԿՑԵԼՈՒ Է ՆՐԱՆՑ ՀԵՏ, ՈՒՄ «ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ»

ՄԱԱ-ում հայտարարեց ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանը

Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հուլիսի 17-ին լրագրողները հանդիպեցին ԱԺ փոխնախագահ, ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանի հետ։ Հրատապ թեման ԱԺ-ում ընդունված վերջին աղմկահարույց օրինագծերն էին։ Եվ քանի որ խորհրդարանական ընդդիմության մեղադրանքների սլաքը մի շարք օրինագծերի ընդունման առնչությամբ ուղղված էր «Միասնությանը» եւ ԱԺ ղեկավարությանըՙ խնդրեցինք ԱԺ փոխնախագահինՙ ներկայացնել իր դիտարկումները։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, մասնավորապես մեծամասնական եւ համամասնական ընտրակարգի հարաբերակցությանըՙ Ասլանյանը նշեց, որ «անցյալ տարի ԱԺ-ում ընդունված փոփոխությունը բավական լուրջ նվաճում էր քաղաքական դաշտի ձեւավորման, կուսակցությունների կայացման համար», սակայն «ԱԺ-ում կային որոշակի շահագրգիռ ուժեր (մասնավորապես «Հանրապետականում», ուր քիչ չէին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները), եւ կային որոշակի շահեր, որոնց թելադրանքով նվազեցին համամասնական տեղերը»։ Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը «դեմ» է քվեարկել այդ նվազեցմանը, սակայն օրենքի նախագիծը ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ։ ՄԱԱ-ի հյուրը հույս հայտնեց, որ հաջորդ ԱԺ-ն կնվազեցնի մեծամասնականի տեղերի թվաքանակը։ ԺԴԿ նախագահը գտնում է, որ աստիճանաբար պետք է հանգել 100 տոկոս համամասնականի, իսկ եթե անգամ այդ սկզբունքը հնարավոր չլինի կյանքի կոչել, ապա մեծամասնականով առաջադրվող պատգամավորներն անպայման որեւէ կուսակցության աջակցությունը պետք է ունենան, քանի որ «ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ քաղաքական պատասխանատվություն կրողները պետք է ընդգծված լինեն. խնդիրներն առաջադրվում, քննարկվում եւ լուծումներ են ստանում քաղաքական դաշտում»։

Անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքինՙ ՄԱԱ-ի հյուրը նշեց, որ «22-րդ հոդվածի 4-րդ կետի նման եզրակացությունը, ըստ որի կարող է եզրակացության հիման վրա առաջարկությամբ հանդես գալ, չի բխում ամբողջ կանոնակարգի տրամաբանությունից»։ Ըստ Ասլանյանիՙ կարիք չկար ԱԺ կանոնակարգի փոփոխություններում վստահության հարցը փակ քվեարկությունից տեղափոխել բաց քվեարկության, ինչն էլ «տեղիք տվեց ավելորդ լարվածության»։ Միաժամանակ ԱԺ փոխնախագահն ավելացրեց, որ «նման կերպ ԱԺ-ի աշխատանքները բոյկոտել չի կարելի, պետք է լինեն համապատասխան միջոցներ. այս առումով ԱԺ կանոնակարգում նման դրույթ մտցնելն անհրաժեշտություն էր»։ Այնուամենայնիվ, Ասլանյանը «էթիկայի նորմերի խախտում է» համարում, որ կառավարությունը օրենքի նախագծով կանոնակարգում է ԱԺ աշխատանքները։

Ինչ հնարավոր դաշնակիցներ է տեսնում ԺԴԿ-ն առաջիկայում. ի պատասխան «Հայոց աշխարհի» թղթակցի այս հարցի, կուսակցության նախագահը նշեց, որ տարին նախընտրական է, եւ ԺԴԿ-ն ակտիվ մասնակցություն է ունենալու բոլոր ընտրություններին։ «Քաղաքական դաշտում դոմինանտ ուժի ձեւավորման անհրաժեշտություն կա, այսօր կուսակցությունները մանրացել են, իսկ լուրջ քաղաքական միավորման ստեղծումն անհրաժեշտություն է», եւ «համագործակցելու ենք կերպարներով եւ գաղափարներով մոտ մարդկանց հետ, որոնք վարկաբեկված չեն եւ որոնց կենսագրությանը կարելի է վստահել»։ Ում թեկնածությունն է պաշտպանելու ԺԴԿ-ն կամ առաջադրելո՞ւ է արդյոք սեփական թեկնածուի ՀՀ նախագահի ընտրություններում. ի պատասխան Ասլանյանը նկատեց, որ եթե անգամ կուսակցության համագումարը նախագահի թեկնածուի չառաջադրի, ապա անպայման կաջակցի առաջադրված որեւէ թեկնածուի. ԺԴԿ կառույցների համար այդ խնդիրը շատ կարեւոր է, ուստիեւ կուսակցությունը հարցը քննարկելու է տարածքային կառույցներում։

Ի պատասխան մեր այն հարցադրման, թե կուզենայի՞ք վերընտրված տեսնել գործող նախագահինՙ ԺԴԿ նախագահն ասաց, թե պաշտոնական առաջադրում չկա, կուսակցությունը չի հայտարարել, որ պաշտպանելու է Քոչարյանի թեկնածությունը։

Մեր հաջորդ հարցը վերաբերում էր Բ. Արարքցյանի այն դիտարկմանը, թե առաջիկա ընտրություններում մեծ է լինելու արտաքին գործոնի դերը։ Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը համաձայն չէր այդ տեսակետին, ուստիեւ ընդգծեց. «Մենք պետք է դուրս գանք այդ մտածելակերպից. անցան այդ ժամանակները, որ դրսից պետք է Հայաստանի ղեկավար նշանակեն. այստեղ է որոշվելու այդ հարցը, ոչ թե հյուսիսում, հարավում կամ արեւմուտքում. այդ կեցվածքը վիրավորական է եւ պետք է մերժել դա. մեր ճակատագիրը մենք պետք է որոշենք»։

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4