Այլապես... կորա՜նք
Չգիտես ինչու մեր իրականության մեջ «տարօրինակությունների» մի զգալի մաս բաժին է ընկնում, թերեւս, ամենակոռումպացված ոլորտներից մեկինՙ կրթությանը։
1999 թ. մայիսից Երեւանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 դպրոցն անցել է խորհրդով կառավարման, այսինքնՙ մասնավորապես դպրոցի տնօրենին ընտրում է շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից կազմված խորհուրդը։
2001 թ. հունիսին դպրոցի տնօրենն ուղարկվել է թոշակի, եւ քաղաքապետի կողմից ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մայրաքաղաքի թիվ 62 դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը։
Ըստ թ. 6 դպրոցի ուսուցիչների, քաղաքապետն իրավունք չուներ դպրոցի կազմից դուրս որեւէ մեկին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու։ Սրան էլ ավելացնենք, որ նշանակված ժ/պ-նՙ Անահիտ Հովհաննիսյանը, իր ժամանակին հեռացվել է թ. 62 դպրոցի տնօրենի պաշտոնիցՙ մեղադրվելով տասնյակից ավելի կետերով։
Անահիտ Հովհաննիսյանը մեկ տարի մնացել է նոր պաշտոնում, մինչդեռ դա, ծայրահեղ դեպքում, պետք է տեւեր 40 օր։ Թեեւ նշված 40 օրվա ընթացքում դպրոցի խորհուրդը գումարել է նիստ, սակայն նոր տնօրեն այդպես էլ չի ընտրվել։ Ընտրությունը չի կայացել, որովհետեւ քաղաքապետարանի կրթության վարչության 2 ներկայացուցիչները, որոնք 5 հոգուց բաղկացած խորհրդի անդամներից էին, չեն ներկայացելՙ այդպիսով ձախողելով քվորում չապահոված խորհրդի աշխատանքը։
Այս ամենից հետո քաղաքապետը ոչ իրավամբ լուծարել է խորհուրդը, թեեւ նման կերպ կարող էր վարվել, եթե կրթության նախարարությունը կազմեր հանձնաժողով, որն էլ կտար համապատասխան եզրակացություն։
Այնուհետեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, ստացված քաղաքացիական հայցի հիման վրա, իր դատավճռով վերականգնել է խորհրդի լիազորությունները։ Վճիռն անփոփոխ է թողնվել նաեւ վերաքննիչ ատյանում։
Այսպիսովՙ խորհուրդն անցել է իր պարտականությունների կատարմանը, եւ 2002 թ. մայիսի 22-ին տնօրեն է ընտրվել ոչ թե Անահիտ Հովհաննիսյանը (որին, ըստ դպրոցի ուսուցիչների, հազիվ են մի տարի դիմացել), այլՙ դպրոցի ուսուցչական կազմից Սուսաննա Գրիգորյանը։
Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, հիմք ընդունելով թ. 6 դպրոցի խորհրդի որոշումը եւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի զեկուցագիրը, Անահիտ Հովհաննիսյանին հունիսի 27-ից ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Քաղաքապետի նույն կարգադրությամբ տնօրեն է նշանակվել Սուսաննա Գրիգորյանը։ Ընդ որում, քաղաքապետարանի կրթության վարչությանն (Օ. Վաթյան) է հանձնարարվել դպրոցում գործերի հանձնման եւ ընդունման աշխատանքների կազմակերպումը, նաեւ քաղաքապետի կարգադրության կատարման պատասխանատվությունը։
Հունիսի 27-ն անցել է, եւ նոր տնօրենն արդեն որոշ ժամանակ պիտի կատարեր իր պարտականությունները։ Բայց... Նախկին ժամանակավոր պաշտոնակատարի մի արտառոց արարք արժանի է ուշադրության։ Հունիսի 30-ի առավոտյան ժ. 9¬10-ը տկն Անահիտը մտել է դպրոց, ծեծել, այո՛, ծեծել պահակին, ապա տարել դպրոցի կնիքն ու փաստաթղթեր։
Պահակն Էրեբունու ՆԳ բաժնում բացատրություն է տվել այս փաստի կապակցությամբ, նշելով, որ իր անձին հասցվածի համար չի բողոքում, այլՙ դպրոցից կատարված գողության։ Էրեբունու ՆԳԲ-ն գողության համար ոչ մի բան չի ձեռնարկել։
Արդեն նախկին ժ/պ Անահիտ Հովհաննիսյանը մինչ այսօր չի հանձնում կնիքն ու փաստաթղթերըՙ 94¬95 հոգու զրկելով աշխատավարձ ստանալու հնարավորությունից, արգելակելով նաեւ աշակերտ ընդունել-տեղափոխելու գործողությունները։
Ընտրված տնօրենն էլ, որպես կողմ, կնիք չունենալու պատճառով չի կարողանում, քաղաքապետի կարգադրության համաձայն, կնքել պայմանագիր։
Նոր տնօրենի ընտրությունից հետո գործերի ընդունման-հանձնման ակտ է կազմել քաղաքապետարանի կրթության վարչությունըՙ նշելով Անահիտ Հովհաննիսյանի կողմից հանձնումից հրաժարվելու մասին։ Սակայն վիճակը շտկելու որեւէ քայլ չի նախաձեռնվել։
Սա դեռ քիչ է։ Տնօրենի պաշտոնի 5 հավակնորդներից միայն նախկին ժ/պ տկն Հովհաննիսյանն է խորհրդի որոշումը բողոքարկել դատարան, բայց հայցը մնացել է առանց քննությանՙ հայցատուի չներկայանալու պատճառով։
Դպրոցի ուսուցիչները մի քանի անգամ այս հարցով հանդիպել են քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի հետ։ Սակայն տկն Հովհաննիսյանից կնիքը հետ ստանալու ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
Նման պատմությունը ենթադրությունների տեղիք է տալիս, հատկապես այն պատճառով, որ ոչ մեկին չի հուզում ստեղծված վիճակը։ Դեռ ավելինՙ պատասխանատու կողմերն, ըստ էության, չեն էլ պատրաստվում որեւէ քայլի դիմելՙ դպրոցի կնիքը եւ փաստաթղթերը վերադարձնելու համար։
Ոչինչ չի ձեռնարկում ոչ միայն Օնիկ Վաթյանը, այլեւ կրթության եւ գիտության նախարարությունն ի դեմս նախարար Լեւոն Մկրտչյանի։ Սակայն վերջինս ընդամենը մի քանի օր առաջ խոսում էր համակարգում հակակոռուպցիոն պայքարի պատրաստակամության մասին։
Խնդրեմ, ինչով կոռուպցիոն չէ նման «անտարբերությունն» ինչ-որ տիկնոջ արարքների նկատմամբ։ Զբաղվե՛ք նման կոնկրետ հարցերով, գուցե պակասեցնե՞ք կոռումպացվածության մակարդակը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ