Հայ իրականության մեջ հազվադեպ է պատահում, երբ արվեստագետը գնահատվում ու մեծարանքի է արժանանում կենդանության օրոք։ Այդ բացառիկ անհատականություններից էր Մհեր Մկրտչյանը։ Այս անգամ մեծարանքը հաստատվեց նաեւ նրա մահվանից հետո։ Մեծ արտիստի ծննդյան օրվա առթիվ հուշաքար դրվեց Կոմիտասի փողոցի թիվ 48 շենքի պատին, որտեղ երկար տարիներ (1958¬1979 թթ.) ապրել ու ստեղծագործել է Մհեր Մկրտչյանը։
Հուշաքարի նախաձեռնությունն իրականացավ քաղաքապետարանի, Արաբկիրի թաղապետարանի եւ Մհեր Մկրտչյանի եղբորՙ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ջանքերով։ Ճարտարապետն է Լեւոն Իգիթյանը, քանդակագործըՙ Ֆերդինանդ Առաքելյանը։
Հուշաքարի բացման ժամանակ ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը նշեց, որ այսօր, այստեղ հավաքվել ենք կրկին հիշելու, մեծարելու Մհեր Մկրտչյան հզոր երեւույթին։ «Այսուհետ այս տեղը կդառնա սրբատեղի»։
Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը կատարեց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Հավաքվել էին Մհեր Մկրտչյանի արվեստի երկրպագուներ, անվանի արվեստաբաններ, արվեստասերներ, հյուրեր։ Երվանդ Ղազանչյանը, Կարեն Արիստակեսյանը, Սերգեյ Իսրայելյանը, Ռոբերտ Նազարյանը խոսեցին Մհեր Մկրտչյան առեղծվածային մարդու, ստեղծագործողի մասին, գնահատեցին նրա արվեստը, նրա մեծ վաստակն ու ներդրումը հայ բեմում եւ կինոյում։ Մեծանուն դերասանի եղբայրըՙ Ալբերտ Մկրտչյանն իր խոսքը եզրափակեց հետեւյալ արտահայտությամբ. «... Մհեր Մկրտչյանն ինձ համար երկնաքար է, որ հրկիզելով իրենՙ լուսավորեց մեր Ազգային թատրոնը»։
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ