Հեղինակՙ Մադլեն Գարագաշյան
Վերջերս Բուխարեստի «Արարատ» հրատարակչատունը լույս է ընծայել ռումինահայ համայնքում ծանոթ մտավորական, լրագրողուհի Մադլեն Գարագաշյանի նոր եւ «չափազանց հետաքրքրական»ՙ «Հայերի հետՙ հայերի մասին» հատորը, հաղորդում է Ռումինիայի հայոց միության «Նոր կյանք» երկլեզվյան ամսաթերթը։
Ըստ լրատվության, սա հեղինակի առաջին գիրքը չէ։ Տարիների ընթացքում նա հրատարակել է բազմաթիվ ուսումնասիրություններ եւ թարգմանություններ, որոնք ջերմ գնահատանքի են արժանացել հայ ու ռումին ընթերցասեր հասարակության շրջանում։ Այս գրքում, որը բավական ծավալուն է, ընդգրկված են ինչպես երկրում ապրող անվանի անձնավորությունների, այնպես էլ տարբեր առիթներով Ռումինիա այցելած հռչակավոր հյուրերի խոսքերը հայերի մասին։ Այստեղից էլ գրքի անվանումըՙ «Հայերի հետՙ հայերի մասին»։
Հատորի նախաբանը ստորագրել է ռումինահայ լրագրող Վարդան Առաքելյանը։ Գիրքը բաժանված է 3 գլուխների։
Առաջինՙ «Գրքերի եւ հանդեսների էջերում» գլխում ներկայացված են հայ թե ռումին մամուլի էջերում լույս տեսած նրա հոդվածները։ Երկրորդՙ «Հարցազրույցներ» գլխում լույս են տեսել նրա հարցազրույցները հայ թե ռումին հայտնի անձանց հետ։ Նրանց թվում են Հ. Սիրունին, Արամ Խաչատրյանը, բարիտոն Էդվարդ Թումաջանյանը, գրող Փաուլ Գրիգորիուն, ակադեմիկոս Վիրջիլ Քենդեան, աստղագետ Զատիկ Մուրադյանը, երգահան Միհաելա Սթնքուլեսկու-Ոսկանյանը, դոկտոր, պրոֆեսոր Բարսեղ Թուղլաճյանը եւ ուրիշներ։ Վերջինՙ «Որոշ անձանց վերհուշեր եւ իրադարձություններ» գլխում հանդես են գալիս արվեստի քննադատ Գրիգոր Զամպաքչյանը, ռումին ակադեմիայի պատվավոր անդամ դոկտ. Հենրի Քեհայանը, հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյը, Ավետիք Իսահակյանը, Գալուստ Գյուլբենկյանը, Վիլյամ Սարոյանը, Շառլ Ազնավուրը եւ ուրիշներ։
Վերջումՙ «Կրայովան եւ իմ հուշերը» հոդվածում հեղինակն անդրադարձել է քաղաքի պատմությանն ու այնտեղ ապրող հայերին։ Իսկ Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանին նվիրված հոդվածում նա խոնարհաբար շնորհակալություն է հայտնում մեծանուն հայրենասերինՙ ի փառս հայ եկեղեցու նրա կատարած գործունեության համար։
Գիրքը, որի նյութերը ընտրված են մեծ բծախնդրությամբ, կարդացվում է, ըստ լրատվության, սիրով, երախտագիտությամբ եւ հետաքրքրությամբ։
Հ. Ծ.