«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2002-07-19 | #135, 2002-07-20 | #136, 2002-07-23


ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՏՈՒՄ Է ՆԱԵՎ ԿԱՐԳԱՊԱՀ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ

69-ամյա Հաբեթ Թորոսյանն ամերիկացի է, Բոստոնից։ Վերջին 10 տարվա ընթացքում տարին 9¬10 ամիս ապրում է Հայաստանում։ Շաբաթը 1¬2 անգամ էլ պրն Թորոսյանը նստում է իր ապահովագրված մեքենայի ղեկին, կապում ամրագոտին եւ, աշխատելով պահպանել ճանապարհային երթեւեկության բոլոր պահանջները, գնում է Աշտարակ ու վերադառնում Երեւան։

Աշտարակի ճանապարհին գտնվող պետավտոտեսչության կետի մոտ Հաբեթ Թորոսյանին երբեք չէին կանգնեցրել։ Վերջերս, սովորականի նման, Աշտարակից վերադառնալիս, պետավտոտեսուչը նշված պահակակետում կանգնեցնում է պրն Թորոսյանին ու տեղեկացնում, որ պետն ուզում է տեսնել նրան։

Ինչպես պարզվում է պետ-Թորոսյան խոսակցությունից, կանգնեցնելու պատճառը եղել է բարեխիղճ, կարգապահ Հաբեթ Թորոսյանին շնորհակալություն հայտնելը։

Այս ամենը մեզ պատմեց նույն Հաբեթ Թորոսյանը։ Նա ավելացրեց. «Բոլորը պետավտոտեսչության դեմ են խոսում, բայց, ըստ իս, նույն պետավտոտեսուչները կարգին մարդիկ են։ Վարորդներն արագ են վարում, վնասում ե՛ւ իրենց, ե՛ւ ուրիշներին, հետո էլ դժգոհում են պետավտոտեսչությունից։ Իմ կարծիքով, օրինակ, Երեւանում մեքենա շատ վատ են վարումՙ չպահպանելով երթեւեկության կանոնները»։

Մեր կողմից էլ ավելացնենք, որ պարզվում էՙ պետավտոտեսչությունը նկատում է ոչ միայն կարգազանցներին, այլեւ կարգապահներին։ Պատկերացնում եմ Հաբեթ Թորոսյանին մեքենա վարելիս առաջին անգամ տեսած պետավտոտեսուչի զարմանքը, երբ վարորդին տեսել է ամրագոտին կապած։

Եթե անկեղծ լինենք, շատերը նման վարորդի տեսնելիս գուցե նաեւ ծիծաղեն, մինչդեռ ծիծաղի իսկական առարկա նման անլուրջ մոտեցումն է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4