«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2002-07-19 | #135, 2002-07-20 | #136, 2002-07-23


ՍՏՈՒՊԻՆՈՆ ՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՀԻՄՆԱԴՐԻՆՙ ԳՈՒՐԳԵՆ ՎԵԶԻՐՅԱՆԻՆ

Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքը հայտնի է որպես ռուսաստանյան մետաղաձուլական արդյունաբերության առաջատարներից մեկը, սակայն, երեւի քչերին է հայտնի, որ թե՛ արդյունաբերությունը, թե՛ քաղաքն ընդհանրապես, իրենց ծնունդով պարտական են մի հայորդու։

1932 թվականին ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատը որոշում է Մոսկվայի մերձակայքում կառուցել մետաղաձուլական հզոր կոմբինատ։ Շինարարության ղեկավար է նշանակվում Բաումանի անվան բարձրագույն ուսումնարանի շրջանավարտ Գուրգեն Վեզիրյանը։ Կարճ ժամանակ հետո մետալուրգիական կոմբինատը պատրաստ էր, եւ Վեզիրյանին է վստահվում նաեւ դրա տնօրենի պաշտոնը։ Մինչեւ 1940 թ. Վեզիրյանը ղեկավարում է կոմբինատըՙ վերածելով այն ժամանակվա համար Եվրոպայի խոշորագույն մետաղաձուլարանի։ Զուգահեռաբար կառուցվում է նաեւ քաղաք-արբանյակըՙ Ստուպինոն։

Հուլիսի 19-ին երախտապարտ ստուպինցիները հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ։ Հանդիսավոր պայմաններում կոմբինատի տնօրենը բացեց Գուրգեն Վեզիրյանի կիսանդրին։ Ներկաների մեջ էին առաջին տնօրենի բազմաթիվ ազգականներ, կոմբինատի ներկայիս եւ նախկին մի քանի տնօրեններ քաղաքիՙ արդեն սակավաթիվ հնաբնակներ, ովքեր աշխատել են Վեզիրյանի ղեկավարության օրոք եւ միայն բարի խոսքով էին հիշում իրենց տնօրենին։ Վլադիմիր Պրոկոֆեւը (ներկայիս տնօրենը) հատկապես շեշտում էր այն հանգամանքը, որ Վեզիրյանի մարդկային ու կազմակերպչական հատկանիշները հիմք դրեցին ոչ միայն աշխատանքային կոլեկտիվի, այլեւՙ քաղաքի բարի ավանդույթներին, որոնք պահպանվում են ահա արդեն 70 տարի։

Առաջին տնօրենի դուստրըՙ Ալլա Վեզիրյանը, իր երախտագիտության խոսքում նշեց, որ շատ ուրախ է այսօր տեսնել մի քաղաք, որի հիմնաքարը իր հայրն է դրել, եւ որի պատվավոր քաղաքացին է։ Նա հույս հայտնեց, որ ստուպինցիների ներկա սերունդը ամեն ինչ կանի Գուրգեն Վեզիրյանի ստեղծած բարի ավանդույթները շարունակելու ուղղությամբ։

Միջոցառման ընթացքում հասցրինք շփվել Ստուպինոյի մի շարք բնակիչների հետ, եւ տեղին եմ համարում նկատել, որ նրանց վերաբերմունքը հայերի նկատմամբ ընդգծված ջերմ էր։ Սա նշում եմ հատկապես այն պատճառով, որ Կրասնոարմեյսկի հայտնի դեպքերից հետո նման միջոցառումը արժեր ավելի լայնորեն լուսաբանել։ Մինչդեռ հանդիսավոր արարողությանը ներկա էինք մենք եւ մերձմոսկովյան մի հեռուստաալիքի մի թղթակցուհի։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Ստուպինո


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4