«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2002-07-19 | #135, 2002-07-20 | #136, 2002-07-23


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱՎՈՐԵԼ Է ՎՈԼՖՈՎԻՑԻՆ

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Փոլ Վոլֆովիցը հուլիսի 14-ին «CNN Turk» հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայի ժողովրդավարության խնդրին, նկատել է. «Կարծում եմ, որեւէ պետության ժողովրդավարությունը որոշելու իրական չափանիշն այն է, թե ինչպես է այդ պետությունը վերաբերվում ազգային փոքրամասնություններին։ Փաստորեն, ազգային փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը տպավորել է ինձ»։

Վոլֆովիցի հայտարարության առիթով Ամերիկայի հայկական ազգային հանձնախումբը (ԱՀԱՀ) ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալին հորդորել է հրաժարվել իր խոսքերից։ ԱՀԱՀ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հուլիսի 19-ին Փոլ Վոլֆովիցին հղած նամակում «խորը հիասթափություն» է հայտնելՙ հիշեցնելով, որ այդ հայտարարությունը «ամբողջությամբ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի հունական եւ ասորական կոտորածները, տեղահանումները, Կիպրոս ներխուժումը եւ զավթումը, Թուրքիայի քուրդ բնակչության հանդեպ շարունակվող արշավը, հայկական, հունական եւ քրիստոնյա մյուս համայնքների նկատմամբ անարդարացի եւ ճնշող սահմանափակումները»։ Նամակում Համբարյանը շեշտում է. «Մեր (ԱՄՆ-ի¬խմբ.) կառավարության հարաբերությունները Թուրքիայի հետ չպետք է հիմնվեն թուրքական ոչ ժողովրդավարական եւ մարդու իրավունքները ոտնահարող կառավարության կողմից որպես քաղաքական շահարկում օգտագործվող պատմական կեղծիքների վրա»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4