«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2002-07-19 | #135, 2002-07-20 | #136, 2002-07-23


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԵՎ ԴԱՂՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄՈՍԿՎԱՅԻ «ՕՐԻՈՆ» ՇՈՒԿԱՅՈՒՄ

2 զոհ, 6 վիրավոր

Մոսկվայի արեւելյան վարչական օկրուգում գտնվող «Օրիոն» շուկայում կիրակի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 20-ի մոտերքը զանգվածային ծեծկռտուք է սկսվել դաղստանցիների եւ ադրբեջանցիների միջեւ։ Քաղաքի իրավապահ մարմիններից Ինտերֆաքս լրատվական գործակալության ստացած տեղեկությունների համաձայն, Մոլդագուլովայի փողոցում ծավալված ծեծկռտուքի մասին հերթապահ կետում ահազանգ է ստացվել ժամը 20։15-ին։

Ծեծկռտուքը, որին մասնակցել է մոտ 30 մարդ, հրահրել են 2 դաղստանցիներ։ Վերջիններս հարբած վիճակում սկսել են վիճաբանել շուկայի ադրբեջանցի առեւտրականների հետ։ Միջամտել են նորանոր մարդիկ։ Ընդհարման ժամանակ դաղստանցիներն սկսել են առեւտրականների վրա կրակել «Սայգա» հարթափող որսորդական հրացանից։

Հաղորդվում է, որ կրակոցներից տեղում սպանվել է ադրբեջանցի Սախիբ Ագաեւը։ Իսկ նրա հայրենակից Մասիմով Բուսաթ Նամիզաթօղլին մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում։ Մոսկվայի տարբեր հիվանդանոցներ են տարել նաեւ 6 վիրավորների։

Ի տարբերություն Ինտերֆաքսի, որը ստույգ տեղեկություններ է հաղորդում ծեծկռտուքի մանրամասների վերաբերյալՙ նշելով զոհերի անուններն ու ազգությունը, «Գազետա» էլեկտրոնային թերթը սխալ եւ ապակողմնորոշիչ տեղեկություն է տարածում, պնդելով, թե երկու հարբած դաղստանցիները վեճի մեջ են մտել շուկայում աշխատող «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ։ Թերթն ավելացնում է, որ շուկայում հերթապահող ոստիկանը ծեծկռտուքի երեք տասնյակ մասնակիցներին զսպելու նպատակով նախազգուշական կրակոց է արձակել ատրճանակից, ապա վիրավորել է զինված դաղստանցուն, որին տարել են հիվանդանոց։

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4