«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2002-07-23 | #137, 2002-07-24 | #138, 2002-07-25


Ի ՊԱՏԻՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ՍԵՆԱՏԻ ՀԱՅԱՄԵՏ ԱՆԴԱՄՆԵՐԻ

Օրերս Մոնրեալի Սբ. Գր. Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում համագաղութային հարգանք է մատուցվել Կանադայի խորհրդարանի եւ Սենատի հայամետ անդամներին, որոնց հետեւողական աշխատանքով հունիսի 13-ին Կանադայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին հայտնի բանաձեւը, որը երկրի կառավարությունից պահանջում էր նույնպես ճանաչել Ցեղասպանության փաստը։ Մասնավորապես հարգանք է մատուցվել Սենատի անդամներ տիկին Շըրլի Մահյոյին, պարոնայք Ռեյմոն Սեթլաքուեին եւ Մարսել Պրյուդոմին, որոնց դերն անգնահատելի էր այդ գործում։ Նրանց հանձնվել է «Կանադահայ համայնքի պատվո անդամ» կոչումը ներկա հասարակության բուռն ծափահարությունների ներքո։

Հանդիսության ընթացքում ֆրանսերեն ելույթ է ունեցել Կանադայի թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը եւ բարձրորեն գնահատել արդարության հաստատման գործում սենատորների մատուցած ծառայությունները։

Հանդիսության նախաձեռնողների անունից ֆրանսերեն ելույթ է ունեցել ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ դոկտ. Արշավիր Գյոնճյանը, որ հիացմունքով է արտահայտվել այլազան խոչընդոտների պայմաններում սենատորների ներդրած ջանքերի եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացը խորհրդարանում հաջողությամբ պսակելու համար։

Դոկտ. Գյոնճյանը գնահատանքի խոսք է արտասանել նաեւ այդ գործում կանադահայ տարբեր կազմակերպություններիՙ ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի, ՀԲԸՄիության, Թեքեյան մշակութային միության, Պոլսահայերի միության, Եգիպտահայերի ընկերակցության, Իրանահայերի «Րաֆֆի» մշակութային միության լոբբիստական երկարատեւ ջանքերի համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4