«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2002-07-23 | #137, 2002-07-24 | #138, 2002-07-25


ՄԵՂՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԼՐՋՈՐԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՕԶԱԼԻ, ԴԵՄԻՐԵԼԻ ՕՐՈՔ, ԲԱՅՑ ԲԱՔՈՒՆ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ

Չեմ կարող ասել, թե հայերն ի վերջո կհամաձայնեին այդ տարբերակին, ասում է Հեյդար Ալիեւը

Հուլիսի 22-ին, ինչպես գրել էր «Ազգը» երեկվա համարում, Ադրբեջանի նախագահն ընդունել էր երկրի առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին։ Ադրբեջանական մամուլը հուլիսի 23-ին եւ 24-ին մանրամասն անդրադարձել է այդ հանդիպմանը, իսկ որոշ թերթեր ամբողջությամբ հրապարակել են խոսակցության սղագրությունը։ Մեզ առաջին հերթին հետաքրքրում է ղարաբաղյան հարցը, ավելի ճիշտՙ հակամարտության կարգավորման շահարկման առարկա դարձած Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը։

Նախքան Հեյդար Ալիեւի խոսքերը մեջբերելը նշենք, որ հակված չենք դրանք ընդունելու հալած յուղի տեղ։ Արեւելյան դիվանագիտության խարդավանքների մեծ վարպետը մեկ ամսվա ընթացքում կարող է անել մի քանի հայտարարություններ, որոնք տրամաբանորեն կհակասեն միմյանց։ Բայց քանի որ «Մեղրու տարբերակը» արդիական է հայկական մամուլում, առանց մեկնաբանությունների մեջբերենք Ալիեւի պատասխանը «525 գազեթ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռաշադ Մեջիդի հարցին։

«Եթե հայերն ուզում են մեզ փոխանցել Մեղրու շրջանը եւ փոխարենը վերցնել Լեռնային Ղարաբաղը, թող նման առաջարկություն անեն, մենք կքննարկենք։ Ասացեք, ի՞նչ վատ բան եմ ասել։ Սա դիվանագիտություն է։ Գիտեմ, որ այս տարբերակն իրատեսական չէ, գիտեմ, որ Հայաստանը դրան չի համաձայնի։ Ինձ հայտնի է, որ այս հարցը բարձրացվել է ոչ այսօր, այն քննարկվել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Երկու-երեք ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մեղրին չեն տա, եթե նույնիսկ դրա դիմաց Ադրբեջանի կեսը ստանան։ Ես դա գիտեմ եւ հրապարակավ, մամուլի առաջ, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահ, Լյուքսեմբուրգի արտգործնախարարին ասացի. «Դուք Հայաստան եք գնալու։ Նրանց փոխանցեքՙ թո՛ղ Լեռնային Ղարաբաղի փոխարեն մեզ տան Մեղրին»։ Կարծում էի, թե դա նրանց (հայերի) վրա կթողնի ուժեղ տպավորություն։ Բայցՙ ոչ։ Նրանք հանգիստ տարան դա։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Մեր ընդդիմադիր մամուլում հրապարակվեցին 5¬6 հոդվածներ, թե իբր Հեյդար Ալիեւն ուզում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տալ։ Սիրելիներս, իմացեք դուք եւ ողջ ադրբեջանցի ժողովուրդը։ Բանակցություններ վարելիս մի շարք դեպքերում կարող եմ որեւէ բան ասել, որպեսզի մարդկանց դեմ տամ պատին, երբեմնՙ որպեսզի ինչ-որ բանի հասնեմ դիվանագիտական խաղով, քայլերով։ Բայց մի բան ասելը դեռ անել չէ։ Ես ասացիՙ թող Մեղրին մեզ տան, մենք կզիջենք Լեռնային Ղարաբաղը։ Բայց սա չի նշանակում, որ նույն րոպեին Մեղրին մեզ կտան, ես կզիջեմ Լեռնային Ղարաբաղը։ Այստեղ անընդհատ հոդվածներ են տպագրվում, գրում են, որ Հեյդար Ալիեւը Ղարաբաղը տալիս է Հայաստանին։ Հնարավո՞ր է նման բան։ Ո՛չ», պատասխանել է Ադրբեջանի նախագահը։

«Ազգի» երեկվա համարում գրել էինք. «Հայաստանի քաղաքական շրջանակներում տիրող կարծիքը, թե այսպես կոչված «Մեղրու հարցը» ծնվել է 1998 թ. իշխանափոխությունից հետոՙ Քոչարյանի իշխանության ժամանակ, հակասում է պատմությանը։ Օրինակՙ Թուրքիան, որի շահերից է բխում Մեղրին ադրբեջանական դարձնելու տարբերակը, ե՛ւ մինչխորհրդային, ե՛ւ խորհրդային ժամանակներում ձգտել է Նախիջեւանովՙ ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանին»։

Այժմ շարունակենք մեջբերել Հեյդար Ալիեւի պատասխանը «525 գազեթ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռաշադ Մեջիդի մեկ այլ հարցին. «Մի բանի մասին էլ եմ ուզում պատմել։ Գիտեք, որ մի ժամանակ տարածքների փոխանակման մասին խոսակցություններ եղան։ Երբ Սախարովը եկավ Բաքու, խոսք գնաց Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին, իսկ Լաչինով Հայաստանի համար միջանցք բացել։ Ադրբեջանը չհամաձայնեց այդ տարբերակին։ Այդ տարբերակի մասին ինձ ասացին նաեւ Թուրքիայում Թուրգութ Օզալը, հետոՙ Սուլեյման Դեմիրելն ու արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։ Այդ ժամանակ տարածքների փոխանակման հարցը բարձրացվել էր։ Չեմ կարող ասել, թե հայերն ի վերջո կհամաձայնեին այդ տարբերակին։ Ամեն դեպքումՙ նման տրամադրություններն առկա էին, բայց հենց ադրբեջանական կողմն էր, որ կտրականապես դեմ դուրս եկավ»։

Հեյդար Ալիեւի եւ լրագրողների հանդիպումը տեւել է շուրջ 3 ժամ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է, որ ինքը ՊԱԿ-ում, ապա Ադրբեջանի Գերագույն խորհրդում եւ Մոսկվայում աշխատելու տարիներին ամեն կերպ փորձել է փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը։ «1991 թ. փետրվարին Նախիջեւանից ընտրվեցի պատգամավոր եւ եկա Բաքու։ Ելույթ ունենալով Մեջլիսի նստաշրջանում, ասացի, որ Լեռնային Ղարաբաղն արդեն կորսված է», ասել է Ալիեւը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4