«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2002-07-23 | #137, 2002-07-24 | #138, 2002-07-25


ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Երեւանում իր մեկօրյա աշխատանքն սկսեց ԵԱՀԿ-ի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած «Պայքար ահաբեկչության դեմ. անձը հաստատող եւ ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունն ապահովող, փաստաթղթերի կեղծումն ու դրանց օգտագործումը կանխարգելող միջոցներ» թեմայով խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ կառավարության, ԱԺ-ի, շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ։

Խորհրդաժողովի համանախագահ, ՀՀ արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված հիմնահարցերը չափազանց կարեւոր են եւ հրատապՙ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է մարդկանց տեղաշարժի հետ կապված խնդիրների աճ։ Նրա խոսքերով, դրանց թվում առանձնանում են անօրինական միգրացիան, տարբեր նպատակներով մարդկանց ապօրինի փոխադրումներն ու փաստաթղթերի կեղծումը։ Ա. Եգանյանն ավելացրեց, որ սեպտեմբերի 11-ի հանրահայտ դեպքերից հետո հակաահաբեկչական պայքարին լծված բոլոր երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար օրախնդիր են դարձել սահմանների կառավարման բարելավումը, արտագնա աշխատանքային միգրացիայի վերահսկումը, կեղծ փաստաթղթերի հայտնաբերումը, պահանջվող միջազգային պայմանագրերի կնքումն ու տեղեկությունների փոխանակումը։

Երեւանում ԵԱՀԿ դեսպան Ռոյ Ռիվի խոսքերով, խորհրդաժողովն ավելի շատ կրում է ուսուցողական բնույթ, քանի որ տարբեր երկրներից ժամանած փորձագետները ներկայացնում են քննարկվող խնդիրների նկատմամբ իրենց պետություններում օրենսդրական եւ գործնական մոտեցումները, զեղծարարությունների դեմ պայքարում կիրառվող հակամիջոցները։ Ըստ ԵԱՀԿ դեսպանի, խորհրդաժողովի գլխավոր նպատակներից մեկն է նաեւ ծանոթանալ այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին եւ փորձել ուղենշել հիշյալ խնդիրների առավել արդյունավետ կարգավորման եղանակներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4