Ասել են ահաբեկիչները
«Հոկտեմբերի 27»-ի դատավարության երեկվա նիստին պետք է ներկայանար ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Առաջինը ներկայացել էր, սակայն, առողջապահության նախկին նախարար Հայկ Նիկողոսյանը։ Նրա ցուցմունքում հատկապես կարեւոր էր վիրավորներին օգնություն ցույց տալու եւ նրանց դուրս բերելու դրվագները։
Առողջապահության նախկին նախարարը նշեց, որ ԱԺ դահլիճ ահաբեկիչների ներխուժումից որոշ ժամանակ անց ինքը մոտեցել է նրանց եւ խնդրել, որ որպես բժիշկ օգնություն ցույց տա վիրավորներին։ Սկզբում նրան պատասխանել են, թե շտապօգնության մեքենաներ արդեն կանչվել են։ Տեսնելով, սակայն, որ ոչ մի օգնություն էլ չի գալիս, Հայկ Նիկողոսյանը նույն խնդրանքով դիմել է 2-րդ անգամ։ Այնուամենայնիվ նրան թույլ են տվել մոտենալ վիրավորներինՙ միաժամանակ զենքի սպառնալիքի տակ։
Վիրավորներին մոտենալուց հետո պրն Նիկողոսյանն ահաբեկիչներին ասել է, որ կան ծանր վիրավորներ, եւ նրանց պետք է դուրս տանել։ Դրանից հետո թույլ են տվել դուրս գալ սկզբում կանանց, հետոՙ տղամարդկանց։ Վերջիններիս ուղեկցելու նպատակով մի քանի անգամ ներս ու դուրս է արել նաեւ Հայկ Նիկողոսյանը։
Ըստ տուժողի, վիրավորներին օգնություն ցույց տալու ընթացքում ահաբեկիչները թույլ չեն տվել բարձրանալ նախագահություն։
Մի որոշ ժամանակ անց Հայկ Նիկողոսյանը նկատել է, որ ինքն էլ է վիրավոր եւ դուրս է եկել։ Դրսում արդեն օգնություն է ցույց տվել Անդրանիկ Մանուկյանին։
Տուժողն իր ցուցմունքում հիշատակեց, որ ահաբեկիչները սպանություններից հետո հայտարարել են, որ իրենցից պետք չէ վախենալ, քանի որ ինչ պետք էրՙ արդեն արել են։
Այն հարցին, թե ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանն օգնությո՞ւն է ցույց տվել վիրավորներին, Հայկ Նիկողոսյանը բացասական պատասխան տվեց։
Էդիկ Գրիգորյանն էլ «հիշեցրեց» իր եւ տուժողի խոսակցությունը, որի ժամանակ ինքը ներկայացել է որպես բժիշկ եւ առաջարկել իր օգնությունը։
Հայկ Նիկողոսյանն ասաց, թե խոսակցությունն այդպես չի եղել։ Տուժողի այն հայտարարությանը, թե ինքը դահլիճում միակ բժիշկն է, Էդիկ Գրիգորյանն ընդամենն ասել է, որ ինքն էլ է բժիշկ։
Դատարան էր ներկայացել նաեւ տուժող Գագիկ Մելիքյանը։ Ըստ նրա, նպատակային էին վարչապետի եւ ԱԺ նախագահության անդամների սպանությունները։ Գագիկ Մելիքյանի կարծիքով, ահաբեկչությունը կազմակերպված էր։ Տուժողը հիշեց նաեւ, թե Էդիկ Գրիգորյանն ինչպես էր փորձում պատգամավորներին ներկայացնել, թե ոչ մեկի չի սպանել։
Տուժող Նահապետ Գեւորգյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքը, ավելացնելով, որ արդեն լավ չի հիշում որոշ հանգամանքներ։
Երեկվա դատական նիստի ընթացքում դատավորը հրապարակեց հանրային հեռուստատեսությանն ուղղված գրության (թե ո՞ւր է Տիգրան Նազարյանը) պատասխանը։ Պատասխան գրությամբ հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը տեղեկացնում էր, որ Տիգրան Նազարյանն իրենց աշխատակիցը չէ 2001 թ. հուլիսից։ Այդ ժամանակվա դրությամբ Տիգրան Նազարյանը, իր նախաձեռնությամբ, եղել է Մ. Նահանգներում։ 2001 թ. հուլիսից հետո Տիգրան Նազարյանի գտնվելու վայրը Արմեն Արզումանյանին հստակ հայտնի չէ։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ