ՎԱՆԱՁՈՐ, 24 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հուլիսի 23-ին Վանաձորի կայազորի Սպայի տան դահլիճում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանըՙ դատավոր Վալոդյա Ասլանյանի նախագահությամբ, սկսեց 6 հոգուց բաղկացած հանցախմբի դատավարությունը։ Խմբի անդամներ Հակոբ Խաչատրյանը, Արամ Պետրոսյանը, Հայկ Հարոյանը, Արկադի Սաֆարյանը, Դավիթ Թումանյանը եւ Քրիստինա Հարոյանը մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների մեջՙ զենքի հափշտակում, բանդիտիզմ, ավազակային հարձակում, դիտավորյալ սպանության փորձ, դիտավորյալ սպանություն, կատարված հանցագործություններին օժանդակում եւ դրանց քողարկում։
Դատաքննությանը որպես մեղադրողներ մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Արմեն Աշրաֆյանը, Լոռու մարզի դատախազ Արթուր Մկրտչյանը, մարզային դատախազի ավագ օգնական Անահիտ Անանյանը եւ օգնական Կամսար Մկրտումյանը։