ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի երեք մարզերում եւ մայրաքաղաքում կատարվել է հուշարձանների վերահաշվառում։ Այդ գործընթացն սկսվել է դեռ 1999 թվականինՙ ՀՀ կառավարության 1995 թ. «Հայաստանի տարածքում պահպանվող բնական եւ բազմամշակութային օբյեկտների տակ գտնվող, ինչպես նաեւ արգելոցների հողերը հաստատելու մասին» որոշման համաձայն։ Ինչպես տեղեկացրեց Հուշարձանների հետազոտման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ճաղարյանը, կենտրոնին հանձնարարական է տրվել կազմել, լրացնել եւ ճշգրտել հուշարձանների պահպանական գոտիները, դրանց տարածքաչափերը։
Վերահաշվառում է կատարվել մայրաքաղաքում (1028 հուշարձան), Արագածոտնի (1755 հուշարձան), Արարատի (907 հուշարձան) մարզերում, իսկ Արմավիրում վերահաշվառման արդյունքները դեռ ճշտվում են (մոտ 470 հուշարձան)։ Արագածոտնի եւ Արարատի մարզերի վերահաշվառման ցուցակները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից, Երեւան քաղաքի ցուցակը դեռ չի քննարկվել։
Վերահաշվառման ցուցակներում ընդգրկվել են հնագույն ժամանակաշրջանից մինչեւ 19-րդ դարի կեսն ընկած ժամանակահատվածին պատկանող հուշարձաններ, 19-րդ դարի կեսից մինչեւ 1920 թ.ՙ թաղամասերի, փողոցների կառուցապատման հատվածներ, բնակելի տների նմուշներ, 1920-50-ական թվականների խորհրդային հասարակարգի եւ մշակույթի ստեղծմանն ու զարգացմանն առնչվող հուշարձաններ։ Մայրաքաղաքի եւ հանրապետության մշակութային կյանքում մեծ դեր եւ 40 տարվա վաղեմություն ունեցող ճարտարապետական շինությունները նույնպես ընդգրկվել են այդ ցուցակներում։