«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2002-07-23 | #137, 2002-07-24 | #138, 2002-07-25


ՀԵՐՄԱՆ ԴԵԼԻՔԱՀՅԱՅԻ «ԱՔՍՈՐԻ ՄՈԽԻՐՆԵՐԸ» ԲԵՄԱԴՐՎԵՑ ՓԱՐԻԶՈՒՄ

Առաջին հայացքից ազատությունը եւ հաջողությունը հնարավոր են տարագրության պայմաններում, բայց պատմական հիշողությունը, ինքնության որոնումը մարդուն հետապնդում են օտար ափերում։ Թուրքիայում ծնված երիտասարդ հայ թատերագիր Հերման Դելիքահյայի «Աքսորի մոխիրներ» առաջին պիեսն արծարծում է այս բոլոր հարցերը։ Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ այն բեմադրվել է մայրաքաղաքի արվարձան Մոնտրեոյի «Բերթլո» թատրոնում։

Ներկայիս Թուրքիայում բնակվող հայերն ի՞նչ կարող են անել թուրքական կառավարության ժխտողականության դեմ հանդիման։ Հեղինակն իր իսկ առաջադրած հարցին այսպես է պատասխանումՙ եթե քաջ ես, մարտնչիր, բղավիր, գրիր Հայոց ցեղասպանության փաստերի մասին, իսկ եթե քաջությունդ անբավարար է, կարելի է տարագրվել, օրինակՙ ԱՄՆ։

Պիեսը չափազանց շատ բան է պատմում, եւ տեղ-տեղ դրանից տուժում է հուզական կողմը։ Այդուհանդերձ, կան զվարճալի տեսարաններ։ Գլխավոր հերոսիՙ Վիգենի դերը կատարում է ինքըՙ հեղինակը։ Հանդիսականը չի կարող անտարբեր դիտել այն տեսարանները, երբ հակասությունների մեջ ընկած Վիգենը դատապարտում է ամերիկյան բարքերը, մինչդեռ ինքն արդեն տոգորված է դրանցով։

Դելիքահյան զուգահեռաբար ներկայացնում է հայերի կյանքը Թուրքիայում եւ ԱՄՆ-ում, օգտագործելով բանաստեղծական եւ բացատրական բազմաթիվ մենախոսություններ, որոնք հաճախ մասնատում են պիեսը։ Չնայած այս թերությանը, հեղինակի առաջին թատերախաղն աչքի է ընկնում անկեղծությամբ եւ բանաստեղծականությամբ։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4