«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2002-07-23 | #137, 2002-07-24 | #138, 2002-07-25


ԱՅԱԶ ՄՈՒԹԱԼԻԲՈՎԸ ԱՐՏԱՔՍՎԵ՞Լ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

ԲԱՔՈՒ, 24 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, որը 1992 թվականից ապրում էր Ռուսաստանում, արտաքսվել է այդ երկրից, որի մասին Բաքվի «525» թերթին հայտնի է դարձել հուսալի աղբյուրներից։ Համաձայն աղբյուրի, գտնվելով Ռուսաստանում քաղաքական տարագրության մեջ, Մութալիբովը ակտիվորեն զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, վարում հակաադրբեջանական քաղաքականությունՙ իր շուրջը միավորելով տեղի ադրբեջանցիների մի մասին։

Առայժմ հայտնի չէ, թե որ երկրում բնակություն կհաստատի Մութալիբովը, թեեւ աղբյուրը չի բացառել այն հնարավորությունը, որ դա կարող է լինել Իրանը, որը հյուրընկալել է Խատայի շրջանի նախկին դատախազ Մահիր Ջավադովին։

Ինչպես գրում է թերթը, Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի իշխանության գալով ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատելի է զգալի առաջադիմություն, եւ շատ դիտորդներ սպասում էին, որ Կրեմլը այդ ֆոնի վրա կլուծի «Մութալիբովի խնդիրը», առավել եւս որ ադրբեջանական կողմը նախկինում եւս քանիցս դիմել է Ռուսաստանինՙ Մութալիբովի հակաադրբեջանական գործունեությունը կասեցնելու խնդրանքով, սակայն մինչ օրս ապարդյուն։ Թերթի կարծիքով, Վ. Պուտինը, որն արդեն մի շարք հաջող քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, վճռել է վերացնել եւս մի գործոն, որը խանգարում է դրանց հետագա զարգացմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4