«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2002-07-24 | #138, 2002-07-25 | #139, 2002-07-26


ՎԼ. ՊՈՒՏԻՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ Է ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

Հուլիսի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված Արմեն Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Արարողությունը տեղի ունեցավ Կրեմլի Ալեքսանդրովյան պալատում։ Հայաստանի դեսպանին զուգահեռ հավատարմագրեր հանձնեցին եւս վեց երկրների դեսպաններ (Թուրքիայի, Մոլդովայի, Եթովպիայի, Ավստրալիայի, Մալթայի, Տանզանիայի)։

Հանձնման արարողությունից հետո նախագահ Պուտինը առանձնազրույցներ ունեցավ դեսպանների հետ։ Մասնավորապես, Հայաստանի դեսպանի հետ զրույցում նա նկատեց, որ Ռուսաստանն ամրապնդելու է պատմականորեն դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, որ հայ-ռուսական համագործակցությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման երաշխիքն է, ինչը ենթադրում է, որ այն պետք է կրի անընդհատ եւ առաջընթաց բնույթ։ Նշվեց նաեւ, որ վերջին շրջանում ուրախացնում է տնտեսական կապերի աշխուժացումը։ Ռազմաքաղաքական հաջող համագործակցության ֆոնին տնտեսական ոլորտում տեղաշարժն էլ ավելի հեռանկարային է դարձնում ռազմավարական գործընկերների հաջողության հեռանկարը։ Նախագահ Պուտինն ընդգծեց, որ այս ամենում բավական դրական է այն հանգամանքը, որ իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ պահպանվում են ջերմ, փոխըմբռնողական հարաբերություններ։

Պատասխան խոսքում դեսպան Սմբատյանը վստահեցրեց, որ, ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, ինքը բոլոր ջանքերը կգործակցի հաջողությունն ամրապնդելու եւ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4