ԵՐՈՒՍԱՂԵՄ, 25 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Հուլիսի 25-ին Երուսաղեմից ստացված տեղեկության համաձայն, Իսրայելի պաշտպանության նախարարությունը եւ Հորդանանի արեւմտյան ափի ռազմական հրամանատարությունը հաստատակամ են, որ կառուցվելիք անվտանգության պատը պիտի անցնի Երուսաղեմի հայոց պատրիարքարանին պատկանող Պարոն Տեր տարածքի միջով։
Ըստ պատրիարքության հաղորդագրության, հայոց պատրիարքությունը այլընտրանք չունի, քան մի կողմիցՙ տեղական ու միջազգային մամուլի օգնությանը, մյուս կողմիցՙ արդարադատության բարձրագույն ատյանին դիմելը։ Իր անունը հրապարակել չկամեցած մի պաշտոնյա ասել է, թե Իսրայելի կառավարությունը հուլիսի 24-ին Պարոն Տեր տարածքի հարցը չի քննարկել։ «Մեզ արդեն պաշտոնապես հայտարարել են, որ իրենց որոշումը մնում է նույնը եւ 27 մետր լայնությամբ ու 300 մետր երկարությամբ պատն ու ճանապարհն անցնելու են մեր տարածքով։ Քանի, որ պատը դառնում է բաժանող սահման, ապա մեր տարածքի այս եւ այն կողմում գտնվող մասերը դառնում են անօգտագործելի, քանի որ դառնում է չեզոք գոտի։ Պատրիարքությունը չի հաշտվել այդ բանի հետ եւ իր փաստաբանի միջոցով դիմել է Իսրայելի գերագույն դատարան», ասել է նա։