«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2002-07-24 | #138, 2002-07-25 | #139, 2002-07-26


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ

Հոկտեմբերին լուծվելու է ՆԱՏՕ-ի «Կանխատեսում եւ վերլուծություն» ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։ Այդ մասին երեկ Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը։ Նրա խոսքերով, միայն այդ ժամկետում Հայաստանը վերջնական խոսք կասի ՆԱՏՕ¬ի թվով երկրորդ այդ ծրագրին իր մասնակցության վերաբերյալ։ Գեներալը նշեց, որ նման ծրագրում Հայաստանի ներգրավումը թույլ կտա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնել այդ կազմակերպության զորավարժություններին մասնակցող հայկական ստորաբաժանումները։ «Հայկական զինվորական ստորաբաժանումների եւ ՆԱՏՕ-ի համապատասխան զորամասերի միջեւ պետք է կապ ստեղծվի փոխգործողության համար։ Ասենք, ՆԱՏՕ-ի զորաբաժնին մասնակցելու դեպքում հայկական երկու ստորաբաժանումների զինծառայողները պետք է օտարերկրացի զինվորականների հետ խոսեն միեւնույն լեզվով, ունենան կապի միեւնույն համակարգը», ավելացրեց նա։

Մ. Մելքոնյանը հայտարարեց, որ ներկայումս նաեւ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում 2003 թ. հունիսի կեսերին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում առաջին անգամ Հայաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Նա հայտնեց, որ դրանց նախօրեին պետք է անցկացվեն մի ամբողջ շարք նախապատրաստական միջոցառումներՙ 5¬6 կոնֆերանս ՆԱՏՕ-ի հրահանգիչների եւ զորավարժությունների մասնակիցների ներկայությամբ։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշեց, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում առաջին անգամ 2002 թ. հունիսի 17¬28-ը Թբիլիսիում ՆԱՏՕ-ի «Best Effort-2002» բազմազգ լայնածավալ զորավարժություններին մասնակցած հայկական խաղաղարար գումարտակը ցուցադրել է մարտական բարձր պատրաստականությունՙ ստանալով ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության, այնպես էլ զորավարժությունների կազմակերպիչների դրական գնահատականները։

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանում Ինտերֆաքսի սեփ. թղթակից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4