«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2002-07-24 | #138, 2002-07-25 | #139, 2002-07-26


ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ

ՀՌԱԿ նորագիրներ եւ ՀՌԱԿ նոր ակումբ Արամուսում

Ուր գնում ես, որ գյուղական համայնքը մտնում եսՙ տագնապած մարդկանց ես հանդիպում, շփոթահար մարդկանց, որոնց մտքի վրա ծանրանում են ամեն տեսակ նորագույն ու նոր կուսակցություններ, ամեն ինչ մերժող, ամեն ինչ ժխտող, ամեն ինչ սեւ տեսնող խմբեր ու մարդիկ։ Ու հազիվհազ խաղաղության, հանգստի, անդորրության հասնող այսօրվա հայ մարդն իր երկիրը, իր տունը շեն տեսնելու ցանկություն ունի։ Այսպես էր տպավորությունը նաեւ Կոտայքի մարզի Արամուս գյուղում, ուր երեկ եղան Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Հաբետ Թորոսյանը (Բոստոնից) եւ ՀՌԱԿ Հանրապետական վարչության գործիչ Կարեն Կակոյանը։ ՀՌԱԿ-ը չի հայհոյում ոչ մեկին, առավել եւս սին խոստումներ չի տալիս, այլ այս ավերված երկիրը շենացնելու, այս երկիրն ապրելու երկիր, հայրենիք, բնօրրան վերակոչելու իրական ծրագրեր է առաջարկում։

Գյուղում ապրող մարդու տունն ավերվել է, աշխատանքը, հանգիստը ավերվել է հհշական անփառունակ իշխանավարության տարիներին։ Ավելին, հավատն է ավերվել։ Բայց այս երկրի մարդը, իսկական մարդը չի ուզում թողնել, հեռանալ։ Դժվար է ապրելն այսօր, բայց մի՞թե ուրիշ տեղ մենք պիտի ապրենք։ Տարիներ, տասնամյակներ շարունակ լեն ու շեն ապրող արամուսցին, որ միայն իր աճեցրած գազարով կարող էր իրեն պահել, հիմա օտար երկրների ճամփան է բռնումՙ օրվա հաց վաստակելու, իր ընտանիքը պահելու համար։ Այս անգամ էլ (ինչպես շատ ու շատ գյուղական համայնքներում) գյուղացին բողոքում է, որովհետեւ ինքն ու իր հողը մոռացության են մատնվել, որովհետեւ ինքը փող չունի հողի, ջրի վարձը մուծելու, շատ ու շատ այլ ծախսեր անելու համար։ Այսպեսՙ Արամուսում բողոքում էր Ռ. Հովակիմյանը, մարդ, որը չի ուզում իր գյուղը լքել, իր տունը լքել։ Ուզում է այստեղ մնալ ու մնալ ոչ թե մեռնելու, այլ ապրելու համար։ Բայց չինովնիկական հազար ու մի արգելք ու տաբու կա իր դեմ։

¬ Ձեր ասած ամեն խոսքին, ամեն բողոքին ծանոթ ենք,¬ ասաց Հարություն Առաքելյանը։ ¬ Հայաստանի բոլոր գյուղերն էլ հիմնահարցեր ունեն, որոնք, քիչ թե շատ տարբերությամբ, նույնն են։ Բայց ձեր ձայները ժամանակին դուք եք ծախել, ու այսօր բողոքում եք, թե ԱԺ ձեր ընտրած պատգամավորին 4 տարում չեք տեսել մեկ անգամ։ Հիմա կրկին ընտրությունների մեջ ենք։ Եվ որպեսզի վաղը կրկին սոսկ բողոքավոր չդառնաք, պետք է տեղում ուժ դառնաք, որովհետեւ ուժի հետ հաշվի են նստում։

ՀՌԱԿ-ի գաղափարախոսությունը լիովին իրական ծրագրեր է առաջարկում։ Աշխարհի շատ ու շատ երկրներում հաղթել է ազատական գաղափարախոսությունը։ Եվ միամտություն կլիներ մեր երկիրն այլ կերպ տեսնելն ապագայում։ Երեկ Կոտայքի մարզի Արամուս համայնքում ՀՌԱԿ 15 նորագիրներ եղան, եւ կազմավորվեց ՀՌԱԿ «Արամուս» ակումբը (ատենապետ ընտրվեց Հրահատ Ստեփանյանը)։ Նորագիրները երդվեցին հայրենիքին ու ժողովրդին ծառայել։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4