Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր Բարթողը տեղեկացնում է, որ Ինտերպոլի կողմից ժամանակին նախազգուշացվելուց հետո տեղական ոստիկանությունը երկուշաբթի օրըՙ հուլիսի 22-ին Լիմասոլում (Կիպրոս) ձերբակալել է Երեւանի Միավորված բանկի նախկին բաժնետեր եւ տնօրեն Հովսեփ Գալստյանին, որին Հայաստանում որոնում են 168 միլիոն դրամի յուրացման կասկածանքով։ Հարավային Կիպրոսի Լիմասոլ քաղաքի շրջանային դատարանում նրան դատական մեղադրանք է ներկայացվել այդ առնչությամբ, սակայն հաջորդ օրը 80 հազար դոլարի երաշխավորագին վճարելու դիմաց ազատ է արձակվել մինչեւ Հայաստանի իշխանություններին հանձնման գործընթացի ավարտը։ Նրանից պահանջվել է հանձնել անձնագիրը, մնալ Լիմասոլի տարածքում եւ ամեն օր ներկայանալ ոստիկանություն։
Ըստ լրատվության, 40 տարեկան Գալստյանը պահանջված գումարը վճարել է կանխիկ փողով։ Նա ապրել է Լիմասոնի շքեղագույն արվարձաններից Երմասոյայումՙ Կարինե անունով մի կնոջ գնած տանը։ Ենթադրաբար, յուրացրած գումարըՙ 168 մլն դրամ, փոխանցել է արտասահմանյան բանկեր։ Նրա մեղսակիցն այժմ բանտարկված է Երեւանում։ Գալստյանին հանձնելու Հայաստանի կառավարության պահանջն այժմ քննարկվում է Կիպրոսի գլխավոր դատախազության գրասենյակում։ Չնայած այդ մասին պաշտոնական համաձայնագրեր չկան երկու երկրների միջեւ, այնուամենայնիվ, գործը քննարկվում է լուրջ հանցագործությունների դեմ պայքարելու երկու երկրների միջեւ վերջերս ստորագրված համաձայնագրերի շրջանակներում։
Խմբագրության կողմից հիշեցնենք, որ ֆինանսական ծանր վիճակում հայտնված Միավորված բանկը տեւական ժամանակ է արդեն, որ գտնվում է ՀՀ Կենտրոնական բանկի խնամակալության տակ եւ գործնականում մաս է կազմում սնանկացած բանկերին։ Հովսեփ Գալստյանն անդամ է բանկի խնամակալ մարմնի։